Մատչելիության հղումներ

Իրավապահները չեն բացատրում 78 կգ հերոինի «պակասորդը»


Անհայտ է, թե որտեղ է 78 կգ հերոինը
please wait

No media source currently available

0:00 0:03:53 0:00

Ոստիկանությունը նույն հարցի շուրջ պաշտոնական երկու տարբեր հայտարարություն է անում, իսկ տարբերության շուրջ բացատություներ տալ չի կարողանում։

Ոստիկանությունը նախ հրապարակում է, թե տարեսկզբին առգրավել է 928 կգ հերոին, հետո՝ հայտարարում, թե 2014թ. առաջին 5 ամիսներին առգրավել է ընդամենը 850 կգ հերոին: Իրավապահները չեն հստակեցնում, թե ուր է 78 կգ հերոինը:

Հունիսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ Ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության առաջին բաժնի պետի տեղակալ Տիգրան Սահակյանը չթաքցրեց թվերի տարբերությունը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչպես է հինգ ամիսների ընթացքում առգրավվել 850 կգ հերոին, եթե միայն մեկ ամսում առգրավվել է 928 կգ, Սահակյանը հակադարձեց` ասելով, թե դա նախնական կշիռն է եղել։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ եղավ կամ ո՞ւր կորավ 78 կգ հերոինը, Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանեց.- «Իսկ ո՞վ է ասում, որ կորել է, էդ ո՞վ է ասում տենց բան։ Ոչ մի բան չի կարող կորել, ոչ մի տեղից»։

Հարցին, թե դատախազությունը չի՞ պատրաստվում գործ հարուցել, հատկապես, որ ոստիկանության համապատասխան վարչությունը միմյանցից տարբեր թվեր է հրապարակում, որի արդյունքում ստացվում է, որ 78 կգ հերոին է անհետացել, Կոստանյանը պատասխանեց.- «Ո՞նց որոշեցիք, որ անհետացել է։ Դեռևս դա փաստ չէ։ Ամեն ինչ կքննարկվի, հետո նոր արդյունքների մասին կիմանաք։ Նախաքննությունը շարունակվում է, կպարզենք էդ հերոինը որտեղից ու դեպի ուր էր գնում, ինչ էր անում։ Երբ որ նախաքննության ավարտը կլինի, վստահ եմ, որ բոլոր հարցերի պատասխանները դուք կիմանաք»:

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ևս հակադարձեց դիտարկմանը, որ 78 կգ հերոինը ոստիկանությունից կորել է։ Ոստիկանապետը նախ զարմացավ, թե ինչու ենք այս հարցն իրեն ուղղում, հետո ասաց, թե ոստիկանությունից նման բաներ չեն կորում։

«Բայց ի՞նչ կապ ունի ոստիկանությունը, էդ հարցն ինչո՞ւ եք ուղղում, մեր վարույթում չի էդ հարցը»,- ասաց նա։

Իսկ թե ինչու ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության առաջին բաժնի պետի տեղակալը չգիտեր, թե ուր է 78 կգ հերոինը, Գասպարյանն ասաց, որ վարչության պետի տեղակալը նոր աշխատակից է և չի տիրապետում այդ ինֆորմացիային։

«Դա մեր վարույթում չի եղել, չգիտեմ, ես չեմ կարող պատասխանել։ Եթե ես չեմ սխալվում՝ Ազգային անվտանգություն է էդ հարցով զբաղվում», - հավելեց Գասպարյանը։

Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակն էլ «Ազատությանը» միայն փոխանցեց, որ նախաքննություն է ընթանում և պաշտոնապես ոչինչ չի կարող ասել, թե ինչն է խնդիրը, որ 78 կիլոգրամի տարբերության մասին պաշտոնապես իրարամերժ տվյալներ են հրապարակվում:

Նշենք, որ համացանցում առկա տվյալներով, հերոինի մեկ գրամի միջին գինը Հայաստանում 165 դոլար է, ստացվում է՝ տվյալ դեպքում իրավապահները հանրությանը տեղյակ չեն պահում, թե ինչ է եղել մոտ 13 միլիոն դոլարի հերոինի ճակատագիրը:

Կա տեղեկություն, որ իրավապահ գործունեություն իրականացնելու պարտավորություն ունեցող մարմինները փորձելու են առաջիկայում դատարանում ապացուցել, թե 78 կիլոգրամի տարբերությունը հերոինի փաթեթավորման շնորհիվ է: Սակայն տեղեկություն չկա, որ, տվյալ դեպքում, հերոինն առգրավվելիս եղել է երկաթյա ծանր տարաների մեջ:

XS
SM
MD
LG