Մատչելիության հղումներ

Շիրակի թեմի առաջնորդ. «Այսօրվա հերոսների արձանները դրեք»


Միկոյանը հայ չէ, Միկոյանը հայազգի է
please wait

No media source currently available

0:00 0:05:20 0:00
Հայ առաքելական եկեղեցու Շիրակ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին զարմացրել է Երևանի ավագանու որոշումը Անաստաս Միկոյանի արձանը մայրաքաղաքում տեղադրելու մասին:

Սրբազանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ կարծիք է հայտնում ոչ թե որպես եկեղեցու սպասավոր, այլ որպես շարքային քաղաքացի:

«Զարմացած եմ ուղղակի այս մտածումից կամ ցանկությունից. այսօր 2014 թվականին Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու առնչությամբ: Եվ եթե Միկոյանի արձան պիտի կանգնեցվի, պիտի կանգնեցվի Արտյոմ Միկոյանի արձանը, որը ավելի պատիվ է բերել հայ ազգին, քան Անաստաս Միկոյանը: Եթե խորհրդային տարիներին վերջինիս նկատմամբ վերապահ կեցվածք է եղել. պետք է ենթադրել, որ խորհրդային տարիներին պետք է փառաբանեին, բարձրացնեին, ամեն տեղ հուշարձանները դնեին: Չեն արել: Որովհետև նույնիսկ խորհրդային հայ ղեկավարները հասկացել են, որ այս մարդը ոչինչ չունի արած Հայաստանի համար: Նույնիսկ եթե արել է` բացասական: Եթե Միկոյանը դեմք էր և ներկայություն էր խորհրդային համակարգի ամենավերին էշելոններում, այսօր մենք չպետք է ունենայինք ո'չ Ղարաբաղի հարց, ո'չ Նախիջևանի հարց և ո'չ էլ Կարսի հարց: Եթե մենք այդ հարցերն ունենք առ այսօր և այդ հարցերի բեռան տակ ենք կքած, նշանակում է Միկոյանը ոչինչ արել Հայաստանի և հայ ժողովրդի համար», - ասաց սրբազանը:

Նրա խոսքով` նույնիսկ խորհրդային տարիներին Միկոյանի անձը ընդունելի չէր. - «Նույնիսկ այդ ստալինյան տարիներին լեփ-լեցուն հաստատություններ կային, որ Միկոյանի անվամբ էին: Դրանք բոլորը վերացան նույն սովետական տարիներին: Եղեգնաձոր քաղաքի անունը Միկոյան էր և Եղեգնաձոր վերանվանվեց նույն սովետական տարիներին»:

Անաստաս Միկոյանը, Աջապահյանի խոսքով, հայ չէ. - «Միկոյանը հայազգի է, ծագումով հայ է, բայց Միկոյանը հայ չի եղել և չի ապրել իբրև հայ և չի ապրել Հայաստանի համար»:

Արձան տեղադրելու որոշումը հատկապես հիմա սրբազանն այսպես է բացատրում. - «Մեր ազգի մեջ շատերը փոքր ազգ լինելու բարդույթավորված իրավիճակի մեջ են և փորձում են հայերի մեջ, հայազգիների մեջ գտնել մարդիկ, որոնք իրենցից ինչ-որ բան են ներկայացնում... Դա, անշուշտ, Անաստաս Միկոյանը չէ»:

Սրբազանը չի կիսում այն տեսակետը, թե Միկոյանը ժամանակի զոհ է. - «Եթե ժամանակի զոհ լիներ, Ստալինն էլ էր ժամանակի զոհ, Բերիան էլ, բոլորն էլ ժամանակի զոհ էին: Ոչ, իրենք կերտողն էին այդ ժամանակի և իրենք կերտեցին այդ ժամանակը: Իրենք նաև այդ որոշումները կայացրեցին, որոնք այդքան զգալի վնաս հասցրեցին Հայաստանին, Հայ առաքելական եկեղեցուն»:

«Միկոյանը նաև որոշակի իմաստով ճեմարանական դաստիարակություն է ստացել, սովորել է Գևորգյան ճեմարանում, ինչպես շատ ուրիշ բոլշևիկներ: Բայցևայնպես, ինչպես Ստալինը, իրենք ևս իրենց սուրը ուղղեցին եկեղեցու դեմ և հալածեցին այն եկեղեցին, որն իրենց դաստիարակել էր»:

Միքայել եպիսկոպոս Աջապահյանն առաջարկում է տեղադրել այսօրվա հերոսների արձանները. - «Մենք ազգային հերոսներ ունենք, որոնց պետական և պաշտոնական մակարդակով Ազգային հերոսի կոչում ենք շնորհել, նրանց արձանները ունե՞նք: Նրանց արձանները դրեք»:
XS
SM
MD
LG