Մատչելիության հղումներ

Հայաստանի սակավաջրության խնդիրը «գնալով խորանում է»


Արաքս գետը
Արաքս գետը
Սևանա լճից արդեն իսկ շուրջ 70 միլիոն խորանարդ մետր ջուր է բաց թողնվել։ Այդ մասին Կապսում (Շիրակի մարզ) Ազգային ժողովի բնապահպանության և գյուղատնտեսության հանձնաժողովի արտագնա նիստում տեղեկացրեց Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը՝ հավելելով, որ սակավաջրության լուրջ խնդիր կա, և այն գնալով խորանում է:

Ջրամբարները կամ գրեթե դատարկ են կամ կիսով չափ են ոռոգման ջրով լցված: Ըստ Անդրեասյանի՝ առավել խայտառակ է իրավիճակը Արաքսում:

«Արաքսը մեր հիմնական ջրաղբյուրներից է։ Կառավարությունը միշտ պայքարել է Արաքսի վարարումների դեմ, Արաքսը անցած տարի գարնանը մինիմում 200, տարի է եղել մինչև 700 խմ վայրկյանում ջուր է բերել, այս տարի 35-35 խմ ջուր ունեինք։ Մեր ջրի կուտակման խնդիրը արդեն հրամայական է»,- ասաց Անդրեասյանը։

Հայաստանի սակավաջրությանը նպաստում է նաև հարևան Թուրքիայի վարած քաղաքականությունը՝ կապված ջրային ռեսուրսների օգտագործման հետ: Անդրեասյանը զգուշավոր, բայց փոքր չակերտներ բացեց։

«Հաշվի առնելով այն մարտահրավերը, որը գալիս է մեր հարևանից, որը բավականին խոշոր ջրամբարաշինական ծրագրեր են սկսել և առաջիկա տարիներին, կարծում եմ, մեկը մեկի ետևից այդ ծրագրերը կիրականացվեն, որի հետևանքով Արաքս գետն ու Ախուրյանի ջրամբարը, վստահ եմ, որ ունենալու են ջրի դեֆիցիտ»,- ասաց պաշտոնյան։

Սա էլ ստիպում է, որ Հայաստանը թեկուզ և ուշացած բայց մտածի սեփական ջրային ռեսուրսները ոչ թե հարևանի հետ կիսի, այլ պահի իր իսկ պահանջները բավարարելու համար: Կապսի ջրամբարի կառուցումը կարող է տարածաշրջանի համար փրկություն դառնա: Այն կառուցել սկսել են դեռ խորհրդային տարիներին, բայց կիսատ են թողել: Այն շարունակելու մի քանի ծրագիր եղել է ու էլի մնացել թղթի վրա, քանի որ ջրամբարի կառուցումը ավարտին հասցնելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ եղել:

Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ գումարի հարցը՝ մոտ 50 միլիոն եվրո, կարծես թե լուծվում է գերմանական KFW բանկի վարկային միջոցների հաշվին: Եվս մի քանի ջրամբարի կառուցում են նախատեսում կրկին վարկային ֆինանսական միջոցների հաշվին՝ ֆրանսիական ու ճապոնական:

ԱԺ-ի բնապահպանության և գյուղատնտեսության հանձնաժողովի անդամներին մի հարց էր հետաքրքրում՝ տեղումնառատ այս եղանակին ինչո՞ւ ջրամբարներում ջրի ծավալը չի ավելանում:

Անդրեասյանը հարցի պատասխանը չուներ.- «Ջրային տնտեսությունը չունի ոչ էդ մասնագետը, ոչ էդ սարքավորումները։ Այդպիսի եզրակացություններ անում է արտակարգ իրավիճակների նախարարությունները։ Մենք փաստն ենք արձանագրում»։

ԱԺ-ի բնապահպանության և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանին հարցրեցինք՝ եթե ոռոգման սեզոնին սրվի ջրի պակասի խնդիրը, հնարավո՞ր է Սևանից լրացուցիչ քանակի ջուր բաց թողնելու հարցը կրկին մտնի խորհրդարան։

«Մեր կանխատեսումներով երևի էլի լրացուցիչ պահանջ լինի։ Կանխատեսում ենք, որ պետք է լրացուցիչ ջուր վերցվի, բայց դեռ այդպիսի նախագիծ չի եկել Ազգային ժողով»,- ասաց պատգամավորը։

Առաջիկայում հանձնաժողովն արտագնա նիստ կանցկացնի Սևանում։
XS
SM
MD
LG