Մատչելիության հղումներ

Երևանում 7 հազար երեխա սպասում է մանկապարտեզի իր հերթին


Մայրաքաղաքում, պաշտոնական տվյալներով, շուրջ 7 հազար երեխա սպասում է մանկապարտեզի իր հերթին: Ոչ պաշտոնական թիվը մի քանի անգամ ավելի է:

Շատ մայրեր երեխայի ծնվելուց անմիջապես հետո ստիպված հերթագրվում են միանգամից մի քանի մանկապարտեզներում, սակայն դա էլ երաշխիք չէ, որ երեխայի 2-3 տարին լրանալուց հետո գոնե հերթը կհասնի:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության բաժնի պետ Գայանե Սողոմոնյանի փոխանցմամբ` նոր մանկապարտեզներ կառուցելու համար բյուջեում բավարար գումար չկա: Հին մանկապարտեզների շենքերն էլ 90-ականներին կա'մ սեփականաշնորհվել են, կա'մ երկարաժամկետ վարձակալության տրվել:

Առայժմ իշխանությունները գումար են գտնում միայն գործող մանկապարտեզների վերանորոգման և վերակահավորման համար. - «Մահճակալներ կային, որտեղ երեխան չէր կարող պառկել արդեն, վտանգավոր էր երեխայի կյանքի համար: Սեղաններ կային, որոնք վտանգավոր էին երեխայի կյանքի համար: Նույնիսկ սննդի համար արդեն վտանգավոր կաթսաները, կահույքը, գույքն ենք մենք փոխել խոհանոցի»:

Հարցին, թե գոյություն ունի արդյոք հերթերին վերաբերվող ծրագիր և ի վերջո երբ կանհետանան դրանք, Գայանե Սողոմոնյանը պատասխանեց. - «Իհարկե, երբեք չեն վերջանա հերթերը: Եվ ես չեմ էլ ուզի, որ վերջանան, որովհետև ինչքան ծնելիությունը մեծացավ, պիտի հերթերը լինեն»:

Դիտարկմանը, թե երեխային մանկապարտեղ տեղավորելու դժվարությունները հազիվ թե ոգևորեն ծնողներին երկրորդ կամ երրորդ երեխան ունենալ, Սողոմոնյանն արձագանքեց, թե մանկապարտեզների խնդիրը օրակարգային է քաղաքապետարանի համար. - «Եվ մենք ուրախությամբ ամեն անգամ արձանագրում ենք նոր խմբերի բացումը»:

Այս տարի 12 նոր խմբեր են բացվել մոտ 300 երեխաների համար, բայց 7000-անոց ցուցակում սա էական փոփոխություն չի մտցրել:

Կառավարությունը պարբերաբար խոստանում է ժողովրդագրական իրավիճակի բարելավում, ծնունդների նյութական խրախուսում, մինչդեռ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով` մանկապարտեզների հասանելիությունը ուղղակիորեն ազդում է կնոջ երեխա ունենալու-չունենելու, քանի երեխա ունենալու որոշման վրա:

Մանկապարտեզները, ըստ Հայրապետյանի, կարևոր են հատկապես ժողովրդագրական խնդիր ունեցող երկրների համար, իսկ Հայաստանում այս հարցը առաջնայիններից մեկն է. - «Բարեկեցիկ կյանք ապահովելու համար կինը պետք է աշխատանք ունենա, իսկ եթե չկա հաստատություն, որտեղ հոգ կտանեն նրա երեխայի մասին, մինչև որ նա աշխատում է, ստացվում է մի իրավիճակ, երբ կինը պետք է ընտրի երեխայի կամ իր տնտեսական բարեկեցության և պրոֆեսիոնալ աճի միջև»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG