Մատչելիության հղումներ

«Հայաստանի անդամակցության մասին փաստաթուղթ Աստանայում չի լինի»


Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումը Մինսկում, 29-ը ապրիլի, 2014թ․
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումը Մինսկում, 29-ը ապրիլի, 2014թ․

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը կարող է մի քանի ամիս գոնե հանգիստ շունչ քաշել», - ասում է ռուսաստանցի փորձագետը:

Ամենայն հավանականությամբ, Մաքսային միության կամ, ավելի ճիշտ, Եվրասիական միության՝ մայիսի վերջին Աստանայում կայանալիք գագաթնաժողովին Հայաստանը չի ստորագրի միությանը միանալու մասին փաստաթուղթ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ մասին ասում է ռուսաստանցի փորձագետ Վադիմ Դուբնովը:

Նա հավելում է, որ Հայաստանի նախագահը հավանաբար կմասնակցի այդ հավաքին, հնարավոր է, որ նույնիսկ որևէ բան չնշանակող մի փաստաթուղթ ստորագրվի, գեղեցիկ հայտարարություններ արվեն, սակայն Հայաստանի անդամակցության մասին փաստաթուղթ Աստանայում չի լինի:

Ուկրաինական զարգացումների ֆոնին Հայաստանի անդամակցության հարցում որոշակի դադար է, զարգացումները Ուկրաինայում ընդհանրապես ի հայտ են բերել լուրջ տարաձայնություններ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև, նշում է ռուսաստանցի փորձագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ Դուբնովի, թեև Մոսկվան ստիպել է անդամակցել միությանը, սակայն տեղ («նիշա») Հայաստանի համար այս պահին դեռ ստեղծված չէ:

Ռուսաստանցի փորձագետի կարծիքով, իրավիճակն այնպիսին է, որ ռուս - ուկրաինական զարգացումների ֆոնին հիմնադիր մյուս երկու պետությունները՝ Ղազախստանը և Բելառուսը չեն շտապում Եվրասիական միությունը դարձնել քաղաքական ծրագիր, դիտարկում են այն զուտ որպես տնտեսական միություն և օգտվելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակից՝ ցանկանում են հնարավոր առավելագույնը ստանալ Մոսկվայից, ինչը կարծես թե ստացվում է:

«Հայաստանի անդամակցությունը պետք չէ ոչ Մինսկին, ոչ էլ Աստանային, ինչ-որ վիրտուալ ծրագրի համար ոչ Լուկաշենկոն, ոչ էլ Նազարբաևը չեն ուզում փչացնել իրենց հարաբերությունները պաշտոնական Բաքվի հետ, և արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը կարող է մի քանի ամիս գոնե հանգիստ շունչ քաշել, գոնե չշտապել միանալ այս Եվրասիական միությանը», - ասում է վերլուծաբանը:

Պետք է հիշել, սակայն, որ դեռ անցած տարի պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել էր, որ ուզում է հնարավորինս շուտ միանալ Մաքսային միությանը, որպեսզի դառնա Եվրասիական միության հիմնադիր երկիր: Ղազախստանի և Բելառուսի դիրքորոշման պատճառով Հայաստանի ղեկավարության այս ցանկությունը դժվար թե իրականություն դառնա, ասում է Վադիմ Դուբնովը:

Ռուսաստանցի փորձագետը, միաժամանակ, համոզված է, որ այդ դադարը երկար չի տևի, և Մոսկվան չի հրաժարվելու ոչ եվրասիական իր մեծ նախագծից, ոչ էլ այդ միությունը ընդլայնելու ծրագրերից, այսինքն՝ և՛ Հայաստանը, և՛ Ղրղըզստանը այսպես թե այնպես դառնալու են այս միության անդամ:

Հիշեցնենք՝ մայիսի 29-ին Աստանայում երեք երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մտադիր են ստորագրել Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG