Մատչելիության հղումներ

«Գոլդ» համարանիշներով մեքենաների տերերը ազատվել են ԱՊՊԱ չունենալու տուգանքից


«Գոլդ» համարանիշներով մեքենաների տերերը ազատվել են ԱՊՊԱ չունենալու տուգանքից
please wait

No media source currently available

0:00 0:03:26 0:00
Վարորդների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները կարծում են, որ ոստիկանությունն ու կառավարությունը պաշտոնապես արտոնություն են տալիս օլիգարխներին ու օրինախատներին։

Կառավարության որոշմամբ շուրջ 31 հազար ավտոմեքենա ազատվում է ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար նախատեսված տուգանքից։ Ոստիկանության հրապարակած ցանկում բազմաթիվ «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ կան, որոնց սեփականատերերը, պարզվում է, ապահովագրական համակարգի ներդրումից հետո մինչ օրս երբևէ ԱՊՊՀ-ի համար չեն վճարել և այսուհետ էլ դրա համար չեն տուգանվի։

«Անհավասարություն է... թող մտածեին օրենքը կիրառելիս։ Ի սկզբանե կենացը խմում էին էս օրենքի, լուսաբանում էին, ոգևորվում էին, Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետը բացատրություններ էր տալիս։ Ինչի՞ հասանք։ Ձախողվեցինք»,- ասում է «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, սակայն, ցուցակում ընդգրկվել են միայն այն մեքենաները, որոնք կամ խոտանման ենթակա են, կամ էլ օտարվել են առանց փաստաթղթերի։ Մինչև տարեվերջ այս ավտոմեքենաների տերերն, ըստ ոստիկանության, պետք է կամ հստակեցնեն դրանց ձևակերպումները կամ էլ խոտանեն դրանք։

Ավտովարորդների իրավունքները տարբեր ատյաններում պաշտպանող Հովհաննիսյանը, սակայն, համոզված է՝ ցանկում հայտնված «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաները հաստատ մինչև տարեվերջ չեն խոտանվի։

«Մի՞գուցե «գոլդ» համարանիշները օգտագործել են հին մեքենաների վրա»,- հեգնում է Հովհաննիսյանը.- «Ինձ թվում է դա բացառված է»։

Հովհաննիսյանի կարծիքը կիսում են պարտադիր ապահովագրության համակարգը քննադատող ընդդիմադիր« Ժառանգություն» կուսակցությունում։ Ստեփան Սաֆարյանը ասում է՝ կառավարությունն այս քայլին է գնացել հենց իր մերձավոր շրջապատի համար։

«Պետհամարանիշները չեն կարող դրված լինել ջախջախված, քրքրված ավտոմեքենաների վրա, որովհետև այդպիսի մեքենայի վարորդը հաստատ չի տքնում միլիոններ վճարել և ձեռք բերել այնպիսի համար, ինչպես, օրինակ, «555ՏՏ55»։ Պետությունը ընտրել է ուղղակի պարտաճանաչ հարկատուին, քաղաքացուն պատժելու քաղաքականությունը։ Ստացվում է, որ քաղաքացիների մի զգալի հատվածը կարող է վճարել օրենքով իրեն հասանելի բոլոր տուրքերը, վճարները, հարկերը, և դրա կողքին անպարտաճանաչները կարող են կուտակել դրանք ամենատարբեր հարկատեսակների գծով՝ վստահ լինելով, որ ինչ-որ մի պահ պետությունը ուղղակի զրոյացնելու է իրենց տուգանքները»,- ասաց Սաֆարյանը։

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հաղորդագրությանը ավելացնելու ոչինչ չունեն՝ խորհուրդ տալով մանրամասների համար դիմել որոշումն ընդունած կառավարություն։ Մինչդեռ հարկ է նշել, որ հենց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առաջարկած նախագծին է կառավարությունը որոշման կարգավիճակ տվել։

Մեր հաշվարկներով այս որոշումից հետո ամսական պետբյուջե չի վճարվի ավելի քան 400 միլիոն դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG