Մատչելիության հղումներ

Ատոմ Էգոյան․ «Ես հոգնել եմ իմ զայրույթից»


Ատոմ Էգոյանը «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի ժամանակ, արխիվ
Ատոմ Էգոյանը «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի ժամանակ, արխիվ
Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական պարբերականը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ հանդես է եկել հատուկ նախաձեռնությամբ, հրապարակելով աշխարհին հայտնի ազգությամբ հայ մտավորականների նամակներ՝ ուղղված թուրք ժողովրդին:

Կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանը իր նամակը սկսում է հետևյալ տողերով. - «Ես հոգնել եմ իմ զայրույթից: Միշտ հավատացած էի, որ եթե դուք հասկանայիք այն, ինչ ես գիտեմ, ինձ պես կզգայիք ու կմտածեիք, որ արդեն բավական է, և ժամանակն է հաղթահարել անցյալը»:

«Ես սաստիկ հոգնել եմ ձեր կառավարության սարսափելի ժխտումից», - շարունակում է սփյուռքահայ ռեժիսորը, - «Մի ամբողջ դար ձեր կառավարությունը ձեզ պարտադրել է ցեղասպանության ժխտումը»:

«Իրականությունը բացահայտելու հանձնաժողովներ երբեք էլ գոյություն չեն ունենա, և մենք էլ հետաքրքրված չենք տեսնելու ձեր բաց արխիվները: Իրականությունը մենք գիտենք մեծ թվով ականատեսների շնորհիվ, տեսել ենք նաև ձեր պատերազմական մեղսակիցների արխիվները», - ընդգծում է Էգոյանը և իր նամակն ավարտում թուրքերին ուղղված խնդրանքով․ - «Հարցաքննեք ձեր կառավարությանը, ընդվզեք՝ այս կնճռոտ մարտահրավերը դիմագրավելու համար»:

Իր երաժշտության միջոցով բազմահազարանոց լսարանների առջև Ցեղասպանության մասին մշտապես հանդես եկող ամերիկյան հռչակավոր System of a Down խմբի անդամ, երաժիշտ Սերժ Թանկյանը նամակը սկսում է իր պապերի ողբերգական պատմությամբ. - «Թուրքիան ինձ համար շատ կարևոր է ոչ միայն որ պապերս այնտեղ են ծնվել, այլ քանի որ իմ ամբողջ ազգն է եկել այդ հողերից, որոնք բռնի ուժով խլել են իրենցից՝ ոչ թե պատերազմի հետևանքով կամ երկրի սահմանների փոփոխության, այլ օսմանյան Թուրքիայի վայրագ հրահանգների պատճառով»:

«Տեղյա՞կ եք արդյոք, թե ձեր կառավարությունը տարեկան քանի միլիոն դոլար է ծախսում այս ամենը
Սերժ Թանկյանը Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ
Սերժ Թանկյանը Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ
օտար մայրաքաղաքներում ժխտելու համար, և գիտե՞ք, թե որքան տանջալի է այդ ամենը մեզ համար», - թուրքերին հարցնում է աշխարհահռչակ երաժիշտը և շարունակում․ - «Բավական չէ, որ սոսկալի եղեռն վերապրածի թոռ եմ, դեռ մի բան էլ ստիպված եմ արդարությունը վերականգնելու համար միջազգային ատյաններում այդ քարոզչության դեմ պայքարել»:

«Իմ մաղթանքն է քեզ, Թուրքիայի սիրելի՛ ժողովուրդ, որ կարողանաս իսկապես քեզ գտնել», - նամակը եզրափակում է Սերժ Թանկյանը:

«Արար աշխարհն իմացավ ու հասկացավ մեծ մորս ցավը, միայն թուրքերը չհասկացան, նրանք զբաղված էին իրենց նոր տիրացած կալվածքներն ու հարստությունը հաշվելով», - գրում է
բեյրութցի հայտնի արվեստագետ Անիտա Թութիկյանը:

«Իմ ընտանիքի պատմությունը պարունակում է բռնության բազմաթիվ ապրումներ, որոնց մասին ես որպես չորրորդ սերունդ դեռ ամոթով եմ խոսում», - խոստովանում է արվեստագետը և ապա խոսելով Թուրքիայի կառավարության հետ երկխոսություն սկսելու գաղափարի մասին՝ գրում․ - «Եթե երկխոսության արդի ոճը 113 տարի առաջ ապրած մի հայի շիրմաքարին «Բոզի զավակ» գրաֆիտին նկարելն է թուրք նկարչի կողմից, ապա ինչ երկխոսության մասին է խոսքը: Թուրքերի պատկերացմամբ՝ այդ շիրմաքարը մեղավոր է: Ես վիրավորված չեմ, բայց ահա նրանք դեռևս մի քանի դար կարոտելու են չափահաս դառնալուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG