Մատչելիության հղումներ

Մարտի 1-ից վճարովի կդառնան պոլիկլինիկական մի շարք ծառայություններ


Մարտի 1-ից պոլիկլինիկաներում մի շարք ծառայություններ վճարովի կդառնան
please wait

No media source currently available

0:00 0:04:07 0:00
Գալիք ամսվա սկզբից պոլիկլինիկաներում մի շարք ծառայություններ վճարովի կդառնան: Յուրաքանչյուր լաբորատոր կամ գործիքային հետազոտության համար քաղաքացիները ստիպված կլինեն վճարել 500-1000 դրամ՝ եթե, իհարկե, սոցիալապես անապահով կամ այլ հատուկ խմբերում ընդգրկված չեն:

Առողջապահության նախարարության ֆինանսատնտեսական բաժնի պետ Կարլեն Անտոնյանի տեղեկացմամբ՝ այս նոր կարգը դեռևս չի տարածվի մարզային պոլիկլինիկաների վրա:

«Սա շատ սիմվոլիկ համավճար է», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա: - «Մարզերում չենք կիրառում սկզբնական շրջանում: Կկիրառենք այն բանից հետո, երբ դրա դրական արդյունքը կունենանք և դրա անհրաժեշտությունը կառաջանա»:

Հարցին, թե ինչը կհամարվի դրական արդյունք, Անտոնյանն արձագանքեց․ - «Եթե մենք փորձում էին հիվանդանոցային ծառայությունների համավճար դնելով ստվերի դեմ պայքարել այնտեղ և լուրջ գումարներ ներգրավել, այստեղ հիմնական նպատակը նա է, որպեսզի կարողանանք բուժանձնակազմի խրախուսման միջոցով (որովհետև ստացված գումարի 50 տոկոսից ոչ պակասը պետք է վճարվի բուժանձնակազմին որպես աշխատավարձ) կարողանանք հիվանդներին, բնակչությանն ուղղորդել դեպի առաջնային օղակ»:

Երևանի բնակիչները, սակայն, այդ վճարումները սիմվոլիկ չեն համարում․ եթե մի քանի հետազոտությունների կարիք առաջանա, ստիպված են լինելու վճարել 3-5 հազար դրամ: Շատերը պնդում էին, որ չեն վերացել նաև «ոչ պաշտոնական» վճարումները, ուստի կրկնակի են վճարելու:

Մարտի 1-ից օրական 5 հազար պիտի վճարեն նաև այն հղիները, ովքեր բարդություններով կընկնեն հիվանդանոց:

Եթե պոլիկլինիկական մի շարք ծառայություններ վճարովի դարձնելով փորձում են նաև բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձը, ապա հղիների համար համավճար սահմանելով, ինչպես ասում է Առողջապահության նախարարը, առաջին հերթին փորձելու են պայքարել ստվերի դեմ:

Ըստ Դերենիկ Դումանյանի բերած օրինակի, հղիության 22 շաբաթական վիժման համար պետությունն ավելի շատ գումար է փոխանցում հիվանդանոցին, քան, ասենք, 19 շաբաթականի դեպքում, և բուժհիմնարկները փորձում են օգտագործել այս սողանցը․ - «Հիմա ինչպե՞ս անեմ, որ այս խախտումը վերացնեմ: Մեկն այն է, որ ձեռքս խփեմ, ասեմ՝ հրաման են տալիս, ով այսպիսի խախտում անի, կհեռացնեմ: Էլի կգա ինձ մասնագիտորեն կհամոզի, որ 22 շաբաթական էր, 23 շաբաթական էր, ոչ թե 21: Ինքը 2 շաբաթ սխալվելու իրավունք ունի: Բայց ի՞նչ անեմ, որ իմ ստատիստիկան իրական լինի: Ուրեմն ես այս երկուսի գները պետք է նույնականացնեմ»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե փաստորեն նշված խախտումներ դեմ փորձում են պայքարել հղիների վճարած գումարների հաշվին:

Նրա համոզմամբ՝ ժողովրդագրական լուրջ խնդիր ունեցող երկրի համար նման քայլն անթույլատրելի է:

«Սա հերթական պատճառաբանություն է: Առիթ են փնտրում, որպեսզի մտնեն մեր՝ քաղաքացիներիս գրպանը: Ինչպես կենսաթոշակայինը, ինչպես գազի, էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը», - եզրափակեց Վահագն Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG