Մատչելիության հղումներ

Կինը «պատվեր» է համարում Շանթ Հարությունյանի նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը


Շանթ Հարությունյանը Ազատության հրապարակում, 5-ը նոյեմբերի, 2013
Շանթ Հարությունյանը Ազատության հրապարակում, 5-ը նոյեմբերի, 2013
Նոյեմբերի 5-ի իրադարձությունների հետևանքով կալանավայրում գտնվող Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը «պատվեր» է համարում այդ գործով կալանավորվածների նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը։

Հարությունյանը դեկտեմբերի 24-ից՝ արդեն 13 օր, հացադուլի մեջ է։ Նրանից երկու օր անց հացադուլ հայտարարեցին նրա երկու ընկերները՝ Վահե Մկրտչյանն ու Լիպարիտ Պետրոսյանը, բայց ընտանիքներին այդպես էլ թույլ չեն տվել նրանց հանդիպել, նույնիսկ Նոր տարվա օրերին չի հանվել տեսակցությունների վրա դրված արգելանքը։

«Մենք ասուլիս հրավիրեցինք, բարձրաձայնեցինք, ամսի 1-ին նույնիսկ երթ կազմակերպեցինք, ասեցինք՝ թույլ տվեք տեսակցություն։ Իսկ թե ինչո՞ւ թույլ չեն տալիս՝ միանշանակ սա պատվեր է, պետական պատվեր, չգիտեմ ինչպես կարող եմ այլ կերպ բնորոշել։ Ես զանգել եմ անձամբ քննիչին, խնդրել եմ՝ գոնե տղային տասը րոպեով թույլ տվեք մտնի Շանթի մոտ, ասել է՝ «մենք չենք կարող մինչև ամսի 8-ը»... քար լռություն։ Օմբուդսմենի գրասենյակ ենք փորձել զանգել, էլի ոչ մի պատասխան։ Անտարբերություն բոլորի կողմից, ինձ թվում է հոգեբանական ճնշում գործադրելու խնդիր ունեն, ուրիշ կերպ չեն կարող տղաների վրա ազդել, ուզում են հոգեբանական ճնշում գործադրել»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բադալյանը՝ հավելելով, որ քննչական գործողություններ կարծես նրանց հետ չեն կատարվում։

Ամանորի նախօրեին Շանթ Հարությունյանի անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանն ահազանգեց, որ իր նկատմամբ քաղաքի կենտրոնում բռնություն է գործադրվել հունվարի 1-ի ակցիայի մասին թռուցիկներ բաժանելու ժամանակ։

Ռուզաննա Բադալյանը պատմեց, որ ինչ-որ հաղթանդամ տղամարդ է որդուն գետնին գցել ու պահանջել ուտել թուղթը։

«Ամսի 30-ին «Բարեկամություն» մետրոյում մի ոստիկան մոտեցել էր Շահենին և նրա ընկերներին և ասել էր՝ խորհուրդ եմ տալիս, թռուցիկներ մի բաժանեք։ Տղաները արդեն հասկացել են, որ ինչ-որ բան կատարվում է։ Փորձել էին մետրոյից դուրս գալ, էդ ժամանակ հաղթանդամ ինչ-որ մի տղամարդ քաղաքացիական հագուստով մոտեցել էր, շատ կոպիտ ու պահանջել էր, որպեսզի չբաժանեն։ Ասել են՝ «ինչո՞ւ պիտի չբաժանենք», բա «էդ թռուցիկները մետրոյում հետո գցում են ու կեղտոտվում է», նրանք էլ հակադարձել են, թե «դե եթե էդպես է, կոնֆետ էլ մի վաճառեք, քանի որ կոնֆետի թղթերն էլ կարող են թափել, դա մեր խնդիրը չէ»... Ու թուղթը գետնին էր ընկած եղել, թե ինչ, այդ հաղթանդամ տղամարդը ցուցում էր տվել նախ ոստիկաններին, թե սրանց դուրս հանեք, հետո էլ տղայիս հրել գցել էր գետնին, թե «կեր էդ թուղթը, կկռանաս ու կուտես էդ թուղթը» ... Էնտեղ քաշքշուկ է տեղի ունեցել, բաժանել էին, տղաս եկել էր տուն»,- պատմեց Բադալյանը։

Հարցին, թե ոստիկանությունն արդյոք որևէ կերպ չի արձագանքե՞լ միջադեպին և իրենց ահազանգին, Հարությունյանի կինը պատասխանեց՝ «ոստիկանությունը կողքը կանգնած ոչինչ չէր արել»։

«Ես չեմ կարող այս իրավիճակին քաղաքական գնահատականներ տալ, կարող եմ ասել, որ մենք ուղղակի իրավունք ունենք տեսակցել Շանթին, որդիս իրավունք ունի թռուցիկներ բաժանելու, իրավունք ունի երթ կազմակերպելու... ամեն քայլափոխին այս ճնշումներով զուտ մարդու իրավունքներն են ոտնահարվում և լռություն է բոլորի կողմից»,- հավելեց Ռուզաննա Բադալյանը։
XS
SM
MD
LG