Մատչելիության հղումներ

Հրմշտոց բողոքի ակցիայի ժամանակ


Հրմշտոց բողոքի ակցիայի ժամանակ
please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00
Այսօր Շանթ Հարությունյանի կողմնակիցները և բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստներ բողոքի ակցիա ու երթ անցկացրին՝ ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, ինչը նրանց համոզմամբ վերջ կդնի Հայաստանի ինքնիշխանությանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները նաև իշխանություններից պահանջեցին անհապաղ ազատ արձակել անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին ու ևս 13 հոգու, ովքեր ցույցի մասնակիցների գնահատմամբ` քաղբանտարկյալներ են:

Ազատության հրապարակից ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղեկցությամբ շարժվեցին դեպի Ազգային անվտանգության ծառայության կենտրոնական մասնաշենք` «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Շանթ Հարությունյանը, ով մոտ մեկ շաբաթ Ազատության հրապարակում նստացույց էր անում «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով և կալանավորվեց նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, այժմ գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողականում։

Նալբանդյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բողոքի երթի մասնակիցների ճանապարհը փակեցին մի քանի տասնյակ ոստիկաններ, հրմշտոց սկսվեց: Բողոքի երթի մասնակիցները կարողացան կարճ ժամանակով փակել Սայաթ-Նովա և Նալբանդյան փողոցները:

Ոստիկանների հետ 15-20 րոպե տևած բանակցությունների արդյունքում երթի մասնակիցներին թույլատրվեց շարժվել ԱԱԾ շենքի ուղղությամբ, Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ԱԱԾ գլխավոր մուտքի մոտից բարձրախոսով դիմեց հորը, որից հետո երթը վերադարձավ Ազատության հրապարակ:

Այսօրվա ակցիան ու երթը անցավ առանց բերման ենթարկվածների:

Ինչպես հայտարարվեց երթի վերջում բողոքի հաջորդ ակցիան կկայանա հունվարի 10-ին՝ Ազատության հրապարակում:
XS
SM
MD
LG