Մատչելիության հղումներ

Դը Վաալ․ «Վրաստանը տիտաններից հետո»


Վրաստան - Բիձինա Իվանիշվիլին և Գիորգի Մարգվելաշվիլին նախագահական ընտրարշավի ժամանակ, Թբիլիսի, սեպտեմբեր, 2013թ․
Վրաստան - Բիձինա Իվանիշվիլին և Գիորգի Մարգվելաշվիլին նախագահական ընտրարշավի ժամանակ, Թբիլիսի, սեպտեմբեր, 2013թ․

Ինչ ձեռքբերումներ և մարտահրավերներ են թողնում Վրաստանին Սաակաշվիլին և Իվանիշվիլին՝ այս հարցին է անդրադառնում ճանաչված փորձագետը:

Կարևոր օրեր են Վրաստանի համար․ - այսպես է սկսում Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմաս դը Վաալը National Interest պարբերականում հրապարակած հոդվածը, որ վերնագրված է «Վրաստանը տիտաններից հետո»:

Իսկ տիտանները այդ երկրի համար, ըստ դը Վաալի, երկու խոշոր քաղաքական ֆիգուրներն են` իր նախագահական ժամկետն ավարտած Միխեիլ Սաակաշվիլին և վարչապետի պաշտոնին հրաժեշտ տված միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Թե ինչ ձեռքբերումներ և մարտահրավերներ են թողնում Վրաստանին այս երկու առաջնորդները՝ ահա այս հարցին է անդրադառնում իր վերլուծության մեջ փորձագետը:

Վրաստանի քաղաքական ուղին բացարձակ նման չէ իր և ոչ մի հարևանի քաղաքական ուղուն: Հետխորհրդային շատ երկրների դժբախտությունը խորապես արմատացած վերնախավն է, որը մոնոպոլիզացրել է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հզորությունները և արգելափակում է բարեփոխումները: Վրացիներին այժմ արդեն հաջողվել է հեռացնել երկու վերնախավերի, որ տարիների ընթացքում սկսել էին չափից դուրս շատ ամրապնդվել` մեկը Շևարդնաձեի վարչակազմն էր 2003 թվականին, մյուսը` Սաակաշվիլիինը 2012-ին:

Երկու քաղաքական հսկաները լքում են քաղաքական դաշտը: Վրաստանի հասարակությունը այժմ հասունացման փուլում է և չի կարող հույսը դնել այն բանի վրա, որ մեծն առաջնորդը կգա և կլուծի բոլոր խնդիրները: Պետության երկու կարևորագույն պաշտոնները զբաղեցնում են հարաբերականորեն անփորձ գործիչներ: Համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Մարգվելաշվիլին այժմ զբաղեցնում է նախագահի` արդեն իսկ կրճատված լիազորություններով պաշտոնը, իսկ նոր վարչապետը` Իրակլի Ղարիբաշվիլին ընդամենը 31 տարեկան է և աշխատել է միմիայն Իվանիշվիլիի մոտ:

Մտավախություններ կան, որ այս երկու «ջահել» առաջնորդները կարող են Վրաստանը մի վիճակի բերել, երբ ավելի ընդարձակ ժողովրդավարությունը սահմանափակվում է թույլ ղեկավարությամբ, վատ տնտեսական կառավարմամբ և որոշակի շահերի համար մանիպուլյացիաներով:

Լավ նորությունը, սակայն, այն է, որ շարունակականությունը իրականում ավելի շատ է, քան վրացական քաղաքականության երկու կողմերը ուզում են ընդունել: Շատ մարդիկ կառավարության համակարգում պահպանել են իրենց աշխատանքը: Սաակաշվիլիի կառավարման տարիների իրական ձեռքբերումներից մեկն այն է, որ ներկայումս այնտեղ աշխատում է տեխնոկրատների` մասնագետների մի խումբ, որը կարող է այդ երկրում մարդկանց ամենօրյա ծառայություններ մատուցել: Բացի այդ` նույնն է արտգործնախարարությունը, և արտաքին քաղաքական կուրսը չի փոխվել` արևմտամետ է:

Անցյալ տարվա մեկ այլ հաջողված պատմություն դը Վաալը համարում է վրացական խորհրդարանում կատարվածը. վրացական օրենսդիր մարմինը, որ առաջ պարզապես Սաակաշվիլիի որոշումները դակողն էր, ուժեղացվել է որպես կառույց:

Այնուամենայնիվ, առավել ակտիվ խորհրդարանը հեռուսաէկրանների միջոցով վրացիների տներ է բերում թերեևս ամենամեծ խնդիրներից մեկը, որին բախվում է երկիրը` ծայրահեղ ագրեսիվ քաղաքական մշակույթ և բևեռացվածություն կառավարության և ընդդիմության միջև:

Այժմ Վրաստանում զուսպ սպասումների շրջան է: Այդ երկրի նախկին խարիզմատիկ նախագահ Սաակաշվիլին ցավալի մի պատրանք էր ստեղծել, որ այնպիսի զարգացող երկրում, ինչպիսին Վրաստանն է, խնդիրները կարող են արագորեն լուծվել: Չեն կարող, գրում է դը Վալը՝ շարունակելով, թե Վիլնյուսը ոչ թե գործընթացի վերջն էր, այլ սկիզբը, և ամենացավոտ մասը հենց հիմա է սկսվում Վրաստանի համար:

Նոր կանոններ հաստատելը սկզբում լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի այդ երկրի համար` նախքան ազատ առևտրից ստացվող առավելությունները կերևան:

Միացյալ Նահանգներն այս իրավիճակում երկու եզրահանգում պետք է անի, կարծում է փորձագետը: Դը Վաալի կարծիքով` ԱՄՆ-ը Վրաստանի հետ ոչ թե պետք է պակասեցնի, այլ առավել ակտիվացնի համագործակցությունը: Երկրորդ եզրակացությունն այն է, որ հետվիլնյուսյան Արևելյան Եվրոպայում Վաշինգտոնը պետք է հարմարվի նոր դերակատարությանը: Այնպիսի փաստարկները, թե Վրաստանը սառը պատերազմի ռազմադաշտն է կամ առանցքային ռազմավարական դաշնակիցը, վերջապես կարող են մի կողմ դրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG