Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մտադիր է բարձրացնել ռուսաց լեզվի կարգավիճակը Հայաստանում


Ռուսաստանը մտադիր է բարձրացնել ռուսաց լեզվի կարգավիճակը Հայաստանում
please wait

No media source currently available

0:00 0:04:14 0:00
Ռուսական կողմը մտադիր է բարձրացնել ռուսաց լեզվի կարգավիճակը Հայաստանում: Այս մասին երեկ խորհրդարանում բարձրաձայնել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայ օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ:

Այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը պատմեց, որ Լեոնիդ Սլուցկին, խոսելով եվրասիական տնտեսական միության մասին, թեև ասել է, որ բոլորը անդամները պետք է հավասար լինեն և ինքնիշխանության կորուստներ չունենան, բայց միևնույն ժամանակ շատ մեծ ուշադրություն է դարձրել ռուսաց լեզվի զարգացման խնդրին և այս ուղղությամբ ծրագրերին։ Սա, ըստ հայ պատգամավորի, շատ ճնշող է եղել:

«Ասում էր, որ պետք են անպայման խնդիրներ դնեն` Եվրասիական միությունում ռուսաց լեզուն պետք է դառնա եթե ոչ բարձր կարգավիճակի, առնվազն տեխնիկական կարգավիճակի լեզու, որովհետև բոլոր փաստաթղթերը, տնտեսական պայմանագրերը կլինեն ռուսերեն լեզվով, և Բելառուսն ու Ղազախստանը դա ընդունել են»,- ասաց պատգամավորը։

Թևան Պողոսյանի փոխանցմամբ՝ ինքը հակադարձել է, թե ինչն է խանգարում, որպեսզի աշխատանքային փաստաթղթերն ու պայմանագրերը թարգմանվեն ազգային լեզուներով, որպեսզի Եվրասիական տնտեսական գոտու անդամ երկրների լեզուները պահպանվեն, ինչպես որ Եվրամիությունում է արվում: Այս հարցը, ըստ Պողոսյանի, զայրացրել է ռուս պատգամավորներին:

«Ռուսները փորձում էին արձագանքել, որ «գիտեք՝ պրոֆեսիոնալ թարգմանիչներ պետք է լինեն, չէ՞ որ լեզուն տեխնիկական է, կարող է բոլորը չկարողանան»։ Վարձեք լա՛վ մասնագետների, իսկ ո՞վ է ձեզ ասում՝ վարձեք վատ մասնագետի, ստանաք վատ որակով փաստաթուղթ։ Վերջում իրենք փորձեցին ավելի շատ տեխնիկական խնդիրների հետ կապել լեզվի խնդիրը, չնայած փորձում էին ասել՝ «մենք մեր ազգային շահերն էլ ունենք»... դե, որ Ռուսաստանը ցանկանում է իր լեզուն տարածել աշխարհով մեկ։ Իրենք ծրագրում են դա դպրոցներում անել, փորձելու են կենտրոն ձևավորել, ռուսաց լեզվի տարածման, պահպանման շրջանակներում գումարներ հատկացնեն»,- ասաց Պողոսյանը։

Հայաստանում ռուսական դպրոցներ կամ կենտրոններ բացելու ռուսների մտադրությանը Թևան Պողոսյանը արձագանքել է, որ եթե եվրասիական տնտեսական գոտում կամ Մաքսային միությունում բոլորը հավասար են, ապա մյուս երկրներն էլ պետք է հնարավորություն ունենան Ռուսաստանում պետական մակարդակով, ասենք, ղազախական կամ հայկական դպրոցներ և ուսումնական հաստատություններ բացել:

Այն, որ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստում ռուսները ավելի շատ խոսել են ռուսաց լեզվի զարգացման, քան որևէ այլ թեմայի մասին, իր ելույթում ընդգծել է նաև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Արվեց շեշտադրում, որը, կներեք, տարակուսանքի տեղիք է տալիս. ակնարկվեց, որ ՀՀ-ում ռուսերենը պետական կամ ինչ-որ հատուկ կարգավիճակ չունի։ Կարծում եմ՝ պետք է ընդգծել, որ չունեն ՀՀ-ում հատուկ կարգավիճակ անգլերենը, ֆրանսերենը, իսպաներենը... եթե այսպիսի շեշտադրումներ արվեն, որ ռուսաց լեզվին պետք է հատուկ կարգավիճակ տրվի ՀՀ-ում, դա էականորեն կնվազեցնի Մաքսային միության իմիջը Հայաստանի քաղաքացիների աչքում և գիտակցության մեջ»,- ասել է Փաշինյանը։

Ի դեպ, «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ասաց, թե իսկապես ուրախ էր, որ երեկ հնարավորություն է ունեցել Հայաստանի խորհրդարանում խոսել հայերեն, իսկ ռուս պատգամավորների համար հատուկ թարգմանություն է ապահովվել, անգամ իշխանական պատգամավորներն են հայերեն խոսել:

Պողոսյանի փոխանցմամբ՝ իրենք, այդ թվում՝ իշխանական պատգամավորները երեկ ցույց են տվել ռուսներին, որ Հայաստանը ունի շահեր և այդ շահերի հետ պետք է հաշվի նստել:

«Իրենց պատկերացումը այն չէր, որ եկել են կոնկրետ երկիր, այս երկրի շահերի մասին խոսեն։ Իրենք այստեղ էին միայն ռուսական մոտեցման համար։ Ռուսաստանը իր շահերը առաջ տանելու համար ամեն ինչ փորձելու է անել, երևի նույնիսկ կպայքարի, որ ռուսական մանկապարտեզ էլ բացենք։ Բայց խնդիրը այն պետք է լինի, թե մենք մեր շահերը ինչպես ենք պաշտպանելու»,- ասաց Պողոսյանը։

Ռուսաց լեզվից բացի, Ռուսաստանի և Հայաստանի օրենսդիրները քննարկել են նաև ՀԱՊԿ-ին առնչվող հարցեր: Մասնավորապես, երբ Պետդումայի եվրասիական ինտեգրացման հանձնաժողովի նախագահը ասել է, թե ՀԱՊԿ-ը կլինի Եվրասիական տնտեսական միության անվտանգության երաշխավորը, «Ժառանգության» պատգամավորը հետևյալ հարցադրումն է արել, թե արդյոք ՀԱԿՊ-ը միայն թղթի վրա գոյություն ունեցող կազմակերպությո՞ւն չէ: Ո՞ւր է այդ անվտանգության երաշխավորը, երբ պարբերաբար գնդակոծվում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքները: Պարզվել է՝ ռուսները առաջին անգամ են այդ մասին լսում:

«Տավուշի մարզը ՀԱՊԿԻ-ի պատասխանատվության տարածքի սահմաններ են, որոնք ամեն օր գնդակոծվում են և նույն զենքով, որը Ռուսաստանն է վաճառել։ Մի քանի պատգամավորներ ասացին, որ իրենք տեղյակ էլ չեն, թե ինչի մասին է խոսքը, քարտեզը չեն պատկերացնում»,- պատմեց Պողոսյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ ռուս պատգամավորներին մեկ այլ օրինակ է բերել՝ ասելով, թե Հայաստանում շատերը չեն կարողանում հասկանալ՝ ինչպես է ռազմավարական գործընկեր Ռուսաստանը հրթիռային համակարգեր՝ «Սմերչ» վաճառում Ադրբեջանին, որն այդ զենքերով կարող է հարվածներ հասցնել նաև Երևանին:

«Ըստ էության, Հայաստանի մայրաքաղաք Երևանը գտնվում է այդ զինատեսակների նշանառության տակ, ընդ որում, ՀՀ-ում նաև ՌԴ-ի դեսպանատան շենքը»,- ասել է Փաշինյանը։
XS
SM
MD
LG