Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստ է «քննարկել և շտկել» Մաքսային միությանը հակասող դրույթները


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր Բրյուսելում հայտարարեց Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանը պատրաստ է «քննարկել և շտկել Վիլնյուսում ստորագրվելիք փաստաթղթերի այն դրույթները, որոնք կհակասեն Մաքսային միությանը»:

«Ձևակերպման հետ համաձայն չեմ, որ մենք շեղվել ենք եվրոպական ուղուց», - նշեց Աբրահամյանը՝ շարունակելով․ - «Մենք եվրոպական արժեքները բարձր ենք գնահատում և շարունակելու ենք համագործակցությունը Եվրամիության հետ: Այս վերջին տարիներին բազմաթիվ բարեփոխումներ ենք իրականացնել Հայաստանում Եվրամիության աջակցությամբ: Ուղղակի մեր Մաքսային միությանը միանալը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով և բխում է մեր շահերից: Որևէ հակասություններ մենք չենք տեսնում: Ուղղակի այն արձանագրությունները, որ մենք ապագայում պետք է ստորագրենք՝ նոյեմբեր ամսին, եթե կլինեն կետեր, որոնք կհակասեն Մաքսային միությանը, մենք պատրաստ ենք քննարկելու և շտկելու»:

Հայաստանի խորհրդարանի խոսնակը դեռ հույս ունի, որ նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանը կարող է փաստաթուղթ ստորագրել Եվրամիության հետ: Այդ հարցը Աբրահամյանը պատրաստվում է վաղը քննարկել Եվրախորհրդարանում․ - «Ես վաղը հանդիպելու եմ պատասխանատուների հետ»:

Հովիկ Աբրահամյանը Բրյուսել է ժամանել՝ մասնակցելու եվրոպահայերի 3-րդ համագումարին: Համագումարին մասնակցում են նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, բազմաթիվ այլ հյուրեր:

Ի պատասխան համագումարում հնչած քննադատությանը՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, թե ՀՀ իշխանություններին քննադատողները «ջուր են լցնում թուրքերի ջրաղացին»․ - «Անհիմն մեղադրանքներ ներկայացնել Հայաստանի իշխանություններին, չի կարելի․․․ Ես ուզում եմ ասել, որ մենք ունենք պրոբլեմներ․ ունենք արտագաղթ, ունենք կոռուպցիա: Կա, բայց մենք բոլորս պայքարում ենք դրա դեմ: Ուղղակի լոկ դատարկ խոսքերով ասել, որևէ կոնկրետ ծրագիր չներկայացնել դրա դեմ պայքարելու և այսօրվա աշխարհքաղաքական իրողությունների հետ հաշվի չնստել, դա անարդար է: Այսօրվա այդ շրջափակումը, այսօրվա տնտեսական բլոկադան, որ գոյություն ունի անկախությունից ի վեր, այսօր մեր պատերազմական իրավիճակը, այսօրվա մեր հայրենիքը, Արցախի կարգավիճակը․․․ Եվ նստել Բրյուսելում քննադատել, փնովել, դա, իմ կարծիքով, ջուր է լցնում թուրքերի, ադրբեջանցիների ջրաղացին»:

Համագումարի իր ելույթում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ նշելով, թե բավական է ձեռնարկներ տպագրել, ժամանակն է կոնկերտ քայլերի դիմել միջազգային ատյաններում արդարության հասնելու համար․ - «Մենք հարյուր տարի մոմ վառեցինք, հարյուր տարի հոգեհանգիստ արեցինք, բնականաբար պիտի շարունակենք մոմ վառել: Մենք հարյուր տարի հանդեսներ կազմակերպեցինք, գիրք տպեցինք, բնական է՝ այդ բոլորը պետք է լինի: Սակայն վայ մեզ, եթե հարյուր տարի հետո նույն ընթացքը շարունակենք»:
XS
SM
MD
LG