Մատչելիության հղումներ

«Լավ կլինի, որ Գրողների միության նախագահը գրող չլինի»


Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ինքը գերադասում է, որ Գրողների միության` առաջիկա արտահերթ համագումարում ընտրվելիք նախագահը գրող չլինի:

«Լավ կլինի, որ գրող չլինի: Ինձ այդպես է թվում: Որ միայն ադմինիստրատիվ գործերով զբաղվի և անընդհատ չմխրճվի իր սուբյեկտիվ կարծիքներով գրական գործերին, գրական մրցանակների գործերին, չափանիշներ տա: Որովհետև սովորաբար դրանք օբյեկտիվ չեն լինում, ճշմարտացի չեն լինում` տարբեր պատճառներով: Եթե ինքը գրողական ամբիցիաներ ունի, կարող է խանդել և այլն», - փաստարկեց Խանջյանը` հավելելով. - «Կամ`եթե գրող է լինելու, պիտի լինի շատ բարձր մակարդակի գրող, որը վեր է նման ամբիցիաներից»:

Նա ասաց, որ անձամբ ինքը չի ուզում դառնալ միության նախագահ. - «Ոչ թե այն պատճառով, որ դա լավ կամ վատ է: Ես չունեմ ադմինիստրատիվ շնորհքներ: Եվ ցանկություններ նույնպես չունեմ: Այդ ամբիցիաները չունեմ: Գրողների միության նախագահը պիտի անընդհատ շփվի քաղաքապետարանի, ինչ-որ նախարարների [հետ]« պիտի անընդհատ ինչ-որ ճառեր ասի, ելույթներ ունենա, պիտի հարմարվի հինգ հարյուր գրողի... Դա իմ գործը չի: Հետո ես գրական ծրագրեր ունեմ, որոնց հաստատ դա կխանգարի»:

Գրողների միության` անցած ամռանը կայացած համագումարում ընդունված կանոնադրությամբ միության սփյուռքահայ անդամները ևս իրավունք ունեն մասնակցել ղեկավարի ընտրություններին:

Այս կապակցությամբ Խանջյանն ասաց. - «Նախորդ ադմինիստրացիայի մեծագույն սխալն էր: Գիտեմ, թե ինչի համար արվեց: Բայց ընդունել միություն հարյուր գրող Սփյուռքից`ցուցակով, խախտելով մեր կանոնադրությունը...»:
XS
SM
MD
LG