Մատչելիության հղումներ

Գերմանիայի դեսպանը կոչ է անում ՄՄ-ի հարցը քննարկել ժողովրդի հետ


Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը զրուցում է «Ազատություն» ռադիոկայանի հետ, Երևան, 25-ը սեպտեմբերի, 2013թ․
Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը զրուցում է «Ազատություն» ռադիոկայանի հետ, Երևան, 25-ը սեպտեմբերի, 2013թ․

«Հարցերը պետք է քննարկվեն և մարդիկ պետք է իմանան՝ որ ճանապարհով են գնալու և ինչու են այդ ճանապարհով գնալու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Ռայներ Մորելը:

Եվրամիության ամենաազդեցիկ երկրներից մեկի՝ Գերմանիայի դեսպանը Երևանում կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ Մաքսային միությանը անդամակցելիս հարցը քննարկել ժողովրդի հետ:

Նման հայտարարություն Ռայներ Մորելը արեց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Ավելի քան 30 տարվա դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող Մորելը Հայաստանում Գերմանիայի դեսպանն է անցած տարվա հուլիսից:

«Բնական է, եթե դու ունես քո առջև կանգնած դժվար որոշումներ, դու պետք է առնվազն առաջարկես քննարկումներ սկսել, հարցերը պետք է քննարկվեն և մարդիկ պետք է իմանան՝ որ ճանապարհով են գնալու և ինչու են այդ ճանապարհով գնալու, և [այս կերպ], բնականաբար, դու կարող ես ավելի լավ բացատրել [քո դիրքորոշումը]», - ասաց դեսպանը՝ շարունակելով․ - «Հնարավոր է, որ նման քննարկում լինի, որովհետև արդեն իսկ կան հարցը քննարկող խմբեր, սակայն այդ քննարկումները ներքին են: Միգուցե հարցը քննարկվի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ժողովրդի հետ, որովհետև քաղաքականությունը ժողովրդի համար է նաև»:

Ռայներ Մորելը խոսեց նաև այն հարցի շուրջ, թե ինչ ընթացք կունենան Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո, երբ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո նա շատերի համար անակնկալ կերպով հայտարարեց Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման մասին:

«Ի՞նչ կլինի հետո․․․ լավ հարց է: Արդեն ասացի, որ մենք կշարունակենք ներգրավվել․․․, քանի որ մենք սիրում ենք հայ ժողովրդին, դուք շատ մոտ եք մեր սրտին ու եվրոպական արժեքներին, գաղափարներին, մշակույթին: Իհարկե, մենք շարունակելու ենք պահպանել մեր հարաբերությունները Հայաստանի հետ, բայց որքան հեռու մենք կարող ենք գնալ՝ սա հարց է, որը քննարկելու ենք հայկական կողմի հետ, երբ այն պատրաստ կլինի», - հայտարարեց գերմանացի դիվանագետը:

«Սկզբունքորեն մենք պատրաստ ենք [դա անել], սակայն երկար ժամանակ կպահանջվի կրկին գործի անցնելու համար․ այնպես չէ, որ մենք ասելու ենք՝ շատ լավ, նստենք մի սեղանի շուրջ և վաղը սկսենք ճերմակ թղթից», - ասաց Ռայներ Մորելը:

Ռայներ Մորելն ընդգծեց, որ այս պահին դեռ որևէ որոշում չկա, թե ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները Հայաստանի հետ. - «Դեռ մենք ձեռնամուխ էլ չենք եղել [նախագահի հայտարարությունից հետո առաջացած իրավիճակի] գնահատմանը: Մաքսային միությանը միանալու նախագահի խոսքերից հետո հայկական կողմը պետք է պարզաբանի, մենք պետք է հասկանանք, թե դա ինչ է նշանակում: Արդյոք խոսքը գնում է լիարժե՞ք անդամակցության մասին, թե՞ ասոցացված անդամակցության, և որո՞նք են սահմանափակումները: Ու երբ բոլորն իմանան այդ մասին, մենք կարող ենք առաջ շարժվել»:

Գերմանիայի դեսպանը չորեքշաբթի օրը մասնակցում էր Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի կազմակերպած համաժողովին՝ նվիրված Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենո
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենո
Եվրամիության հետ Հայաստանի հետագա հարաբերություններին այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ նաև մեր երկրում Եվրամիության մեկ այլ ազդեցիկ երկրի՝ Ֆրանսիայի դեսպանը:

Անրի Ռենոն, մասնավորապես, ընդգծեց, թե իրենք պատրաստ են բոլոր ձևաչափերում շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ. - «Մենք, բնականաբար, ֆիքսել ենք մեզ մոտ Հայաստանի կայացրած որոշումը՝ անդամակցել Մաքսային միությանը, բայց, այդուհանդերձ, մենք արտահայտել ենք մեր ցանկությունը շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ոլորտներում ու ձևաչափերում: Մենք չենք կարող չողջունել Հայաստանի այդ վճռականությունը, կամքը՝ ոչ միայն շարունակել իր համագործակցությունը Եվրամիության հետ այլև խորացնել այդ համագործակցությունը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանը գիտի, որ իր այդ ձեռնարկի մեջ կարող է լիահույս լինել, որ Ֆրանսիան մշտապես աջակցելու է, սատարելու է իրեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG