Մատչելիության հղումներ

Եվրոպացի պատգամավորները կոչ են անում երես չթեքել Հայաստանից


Չնայած Մաքսային Միությանը միանալու՝ Սերժ Սարգսյանի որոշմանը, եվրոպացի պատգամավորները կոչ են անում վերջնականապես երես չթեքել Հայաստանից և հնարավորություն տալ, որ պաշտոնական Երևանը մասնակցի Եվրամիության մի շարք գործակալությունների աշխատանքին։

Եվրոպական ընտանիքը երեք տասնյակից ավելի գործակալություններ ունի ամենատարբեր ոլորտներում՝ բնապահպանականից մինչև պաշտպանություն, որոնց հետ համագործակցելու հարցով մեկ տարի առաջ հենց Հայաստանի իշխանություններն էին դիմել պաշտոնական Բրյուսելին։ Խնդրանքը բավարարելու համար եվրոպացի պատգամավորները ամիսներ առաջ սկսել էին հատուկ համաձայնագիր մշակել, որը երեկ, ըստ նախապես հաստատված օրակարգի, քննարկման դրվեց Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

«Այս փաստաթուղթը որևէ կապ չունի Ասոցացման համաձայնագրի հետ, որը այլևս Վիլնյուսում չի ստորագրվի»,- հայտարարեց փաստաթուղթը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Չարլզ Թաննոքը` մանրամասնելով.- «Սա մի համաձայնագիր է, որը հնարավորություն կտա Հայաստանին էլ ավելի զարգացնել մշակութային, կրթական, բնապահպանական, գիտական և տեխնիկական կապերը Եվրամիության հետ, էլ ավելի ամրապնդել մարդկանց միջև շփումներն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Եթե մենք հիմա մեջքով շրջվենք Հայաստանին, դա կլինի ոչ հեռատես քաղաքականություն, որը կբխի Ռուսաստանի շահերից»։

Ընդ որում, բրիտանացի պատգամավորը հայտարարեց, թե Մաքսային միությանը միանալու՝ Հայաստանի որոշումը ի վերջո պետք է վավերացվի հանրաքվեով, թեև Հայաստանի իշխանությունները գոնե երկրի ներսում այս մասին դեռևս որևէ բան չեն ասել։

Ներկայացված համաձայնագիրը հաստատելու օգտին խոսեց նաև Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովատչեվը՝ կրկին հորդորելով երես չթեքել Հայաստանից ու էլ ավելի չսրել այն բարդ իրավիճակը, որում հայտնվել են Հայաստանի նախագահն ու կառավարությունը։

«Այս համագործակցությունից կշահի առաջին հերթին Հայաստանի ժողովուրդն ու շարքային քաղաքացին, ոչ թե կառավարությունը»,- իր հերթին փաստեց ավստրիացի պատգամավոր Ուլրիկե Լունաչեկը, ով, սակայն, քննադատեց փաստաթղթի հեղինակներին Ղարաբաղի հարցում հայանպաստ դիրքորոշում որդեգրելու համար։

«Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, և իմ հիմնական հարցն է՝ ինչո՞ւ այս փաստաթղթում այդ մասին որևէ բան չի ասվում, ինչպես նաև չի խոսվում Լեռնային Ղարաբաղում ապրող, սակայն Հայաստանի անձնագիր չունեցող մյուս մարդկանց իրավունքների մասին։ Մենք պետք է ուշադիր լինենք որպես Եվրոպական խորհրդարան, քանի որ երբ խոսում ենք Վրաստանի, Աբխազիայի կամ Հարավային Օսիայի մասին, մեր փաստաթղթերում հստակ նշում ենք, որ այդ տարածքները օկուպացված են»,- ասաց Լունաչեկը։

Համաձայնագիրը ներկայացնող Չարլզ Թաննոքը, սակայն, չընդունեց այս դիտարկումը.- «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև շրջակա գրավյալ տարածքները գտնվում են կառուցողական անորոշության կարգավիճակում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքի։ Մենք չունենք հստակ դիրքորոշում առ այն, որ Ղարավաղը գրավյալ տարածք է, ինչպես դուք եք պնդում, մյուս կողմից՝ որքան գիտեմ այնտեղ Հայաստանի քաղաքացիություն չունեցող մարդիկ խիստ սակավաթիվ են։ Ցավոք, անձամբ Ղարաբաղում չեմ եղել, եթե գնայի, անցանկալի անձ կհայտարարվեի Ադրբեջանի կողմից»,- նկատեց բրիտանացի պատգամավորը։

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին փաստաթղթի վերաբերյալ առաջարկներ կհնչեն նաև Եվրախորհրդարանի մյուս խմբակցությունների կողմից, որոնց քննարկման ավարտին, ամենայն հավանականությամբ հոկտեմբերին, լիագումար օրակարգ կմտնի արդեն համաձայնագրի վերջնական տարբերակը։
XS
SM
MD
LG