Մատչելիության հղումներ

Փորձագետներին մտահոգում է Հայաստանի պետական պարտքի աճը


Արժեթղթերի շուկա, արխիվ
Արժեթղթերի շուկա, արխիվ
Փորձագետների գնահատմամբ, Հայաստանի իշխանությունների կողմից 700 միլիոն դոլար նոր պարտք վերցնելը, որը մարելու պահին կկազմի արդեն 1 միլիարդ և որի հիմնական մասը, ըստ հաղորդագրությունների, օգտագործվելու է նախկինում վերցված պարտքերը փակելու համար, երկիրը դնում են մի ուղու վրա, որն ի վերջո կարող է հանգեցնել ֆինանսական ու տնտեսական փլուզման:

Անցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ Հայաստանը 700 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր է տեղաբաշխել կապիտալի միջազգային շուկայում: Մեր երկիրը նման մեծ գումար է պարտք վերցրել 7 տարի ժամկետով՝ տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով:

Համեմատության համար նշենք, որ այդ ծավալի գումարը կազմում է Հայաստանի այս տարվա պետբյուջեի մոտ մեկ երրորդը, և այն շուրջ 20 տոկոսով մեծացրեց մեր երկրի արտաքին պարտքը՝ այն հասցնելով ավելի քան 4.4 միլիարդ դոլարի:

Տնտեսագետ Սամսոն Ավետյանը, ով գլխավորում է Arrow Global LTD ներդրումային ընկերությունը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե հին վարկերը մարելու համար նման ծավալի պարտք վերցնելը վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունների կողմից նախկին վարկերն այդքան էլ արդյունավետ չեն օգտագործվել, ինչը պետք է հնարավորություն տար առանց խնդրի մարել դրանք:

«Եթե մենք շարունակենք անարդյունավետ ձևով օգտագործել ոչ փոքր տոկոսադրույքներով ձեռք բերվող այդ գումարները, մենք կարող ենք ուղղակի հայտնվել պարտքերի տեղապտույտի մեջ»,- ընդգծեց Ավետյանը, - «Այդպիսի օրինակներ եղել են ու կան, Հայաստանը բացառիկ երկիր չէ՝ Հունաստան և այլն»:

Մեր զրուցակցի փոխանցմամբ, 700 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի հետ կապված կարևոր առանձնահատկություն է նաև այն, որ եթե նախկինում Հայաստանը պարտք էր վերցնում միջազգային կառույցներից՝ Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ, կամ որևէ երկրից, որոնք երբեմն ընդառաջ էին գնում և համաձայնում էին, այսպես ասած, վերաձևակերպել պարտքը՝ հետաձգելով մարումը, ապա այժմ Հայաստանը գործ Է ունենալու մասնավոր պարտատերերի հետ, որոնք դժվար թե համաձայնեն պարտքի մարման հետաձգմանը, եթե ժամանակը գա ու մեր երկիրը չկարողանա մարել պարտքն ամբողջությամբ:

Սամսոն Ավետյանը անդրադարձավ նաև Moody's վարկանիշային գործակալության որոշմանը՝ իջեցնել Հայաստանի արժութային պարտատոմսերի վարկանիշը՝ Baa3-ից Ba1: Moody's-ի այդ որոշումը անմիջապես՝ ընդամենը մի քանի ժամվա տարբերությամբ հաջորդել է Հայաստանի կողմից 700 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի տեղաբաշխմանը: Ըստ Ավետյանի, Moody's-ի քայլը ուղղակի ցույց է տալիս, թե այնտեղ էլ կարծում են՝ հետայսու Հայաստանը ավելի մեծ դժվարությամբ կփակի իր արտաքին պարտքերը:

Օրվա ընթացքում մենք դիմեցինք Ֆինանսների նախարարություն՝ մեկնաբանության խնդրանքով, սակայն արձագանք չստացվեց:

«Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց իր լուրջ կասկածները, թե Հայաստանի իշխանությունները արդյունավետ կծախսեն 700 միլիոն դոլարը: Հայկ Գևորգյանի խոսքով, ոչ պակաս կարևոր հանգամանք է այն, որ եթե նախկինում վերցված բոլոր պարտքերի օգտագործումը վերահսկվում էր դրանք տրամադրող կազմակերպությունների կամ երկրների կողմից, եվրապարտատոմսերից ստացված գումարի օգտագործումը չի վերահսկվելու ոչ մեկի կողմից և հայրենի կառավարությունը ինքնուրույն է որոշելու՝ ինչ անել այդ 700 միլիոն դոլարը:

«Դուք նայեք՝ մեր բյուջեի փողերը ինչի վրա են ծախսվում, կհասկանաք, թե ինչու կփոշիանան: Ահռելի գումարներ ծախսվում են այնպիսի նպատակներով, որոնք վերադարձելիություն՝ գումարների, չեն ապահովում», - նշեց Գևորգյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG