«Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցն այլևս հրատապ չէ»: Այս մասին երեկ Twitter սոցիալական ցանցում իր գրառման մեջ նշել էր Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը` իր սլովակ գործընկերոջ` Միրոսլավ Լայչակի հետ բանակցությունների ավարտին:
«Միրոսլավ Լայչակի հետ համաձանության եկանք, որ Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրն այլևս օրակարգային խնդիրների թվում չէ: Շարունակում ենք աշխատել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ», - գրել է շվեդական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ով, ի դեպ, համարվում է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադիրներից մեկը: Արդեն յոթերորդ տարին անընդմեջ Շվեդիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Կարլ Բիլդտն էր, որ 2008-ի մայիսին Բրյուսելում կայացած Եվրամիության համաժողովի ընթացքում իր լեհ պաշտոնակցի հետ համատեղ ներկայացրեց հետխորհրդային տարածքի վեց պետություննների և Եվրամիության միջև հարաբերությունների սերտացմանն ուղղված այս նախագիծը:
Բիլդտի գրառումից հետո, ի դեպ, Twitter-ում բավական բուռն քննարկում է ծավալվել, որին մասնակցել է նաև Եվրամիության նախագահող պետության՝ Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչյուսը: «Մեր գործընկերների հետ հարաբերություններում չպետք է տուրք տանք մի կողմի լիակատար պարտության տրամաբանությանը: [Հայաստանի] ներգրավումը շարունակում է կարևոր խնդիր մնալ», - գրել է լիտվական դիվանագիտության ղեկավարը:
Վիրտուալ տարածքում ծավալված այս բանավեճին մասնակցել են նաև Բրյուսելում գործող մի շարք համաեվրոպական ազդեցիկ քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Այսպես, Եվրոպացի ազատականների և դեմոկրատների միության նախագահ Գի Վերհովստադտի քաղաքական խորհրդական Ռենալդաս Վայսբրոդասը, պատասխանելով Բիլդտի գրառմանը, նկատում է․ - «Այսպիսով Ռուսաստանն ահաբեկեց Հայաստանին` դնելով այն իր ենթակայության տակ: Մենք էլ, ինչպես և կարելի էր կանխատեսել, դավաճանեցինք Հայաստանին: Ցավում եմ, դա սխալ էր»:
Վեյսբրոդասին հակադարձում է համաեվրոպական ամենախոշոր ոչ կառավարական կազմակերպություններից մեկի` Եվրոպական միջազգային շարժման ղեկավար Ժոաո Դիոգո Պինտոն` նկատելով․ - «Այո, դա սխալ է, բայց արդյոք դրան որևէ այլընտրանք գոյություն ուներ: Մենք կարող ենք շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ, բայց ստեղծված պայմաններում Ասոցացման համաձայնագրի ստորագրումը դժվար է պատկերացնել»:
Շվեդիայի արտգործնախարարի այս գրառումը, սակայն, միանշանակ չի ընդունվել եվրոպացի մի շարք գործիչների կողմից:
Ուղիղ հեռարձակում