Մատչելիության հղումներ

Շահնազարյան․ ՌԴ պաշտոնյաները պետք է «զգույշ լինեն իրենց գնահատականներում»


Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, «Կոնկորդ» կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյան
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, «Կոնկորդ» կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյան

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, «Կոնկորդ» կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանի կարծիքով, Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձինք, դիվանագետները, պետք է «մի փոքր ավելի զգույշ լինեն իրենց գնահատականներում»:

«Ռուսաստանում պետք է հասկանան, որ իրենց գործողությունների արդյունքում նրանք աստիճանաբար մեկուսանում են անգամ իրենց ռազմավարական գործընկերներից ՝ այդ թվում Հայաստանից», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի հասցեին ռուսաստանցի նախկին ու ներկա դիվանագետների վերջերս հնչեցրած հայտարարություններին:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հայտարարություններին: Սկանդալային հայտարարությունները Անցած ամիս ռուսաստանյան լրատվական կայքերից մեկի հետ զրույցում Կովալենկոն, մեջբերելով Հայաստանի նախագահի՝ հունիսի վերջին Վարշավայում հնչեցրած խոսքերը, թե հայ ժողովուրդը եվրոպական արժեքների կրող է, հայտարարել էր․ - «Իր գանձարանում տեղ տալով եվրոպական արժեքներին՝ Հայաստանը կարող է կանգնել սայթաքուն ճանապարհին»: Իսկ երեկ Երևանում «Դեպի Եվրասիական միություն» խորագրով քննարկման ժամանակ, ինչպես փոխանցում է «168 ժամը», Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Վասիլևը Հայաստան-ԵՄ ասոցացման և ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների վերաբերյալ, մասնավորապես, ասել էր․ - «Մեզ տագնապի տեղիք է տալիս այդ սեպարատ, գաղտնի բանակցությունները, որոնք ընթանում են Եվրամիության ու Հայաստանի միջև, որոնց պայմանները թե՛ հանրությունից, թե՛ բոլորից թաքցվում են»: Վասիլևը նաև հրապարակավ տեսակետ էր հայտնել, թե առաջիկայում Հայաստանը պետք է ընտրություն կատարի եվրոպական ու եվրասիական ինտեգրացիների միջև ու եզրափակել, թե այդ առումով Հայաստանում «թեժ աշուն» է սպասվում:

Ըստ Դավիթ Շահնազարյանի, Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումները կբերեն նրան, որ Եվրոպայի հետ մերձեցումը Հայաստանի համար կդառնա անշրջելի՝ ինչպես Ուկրաինայում է:

«Այնուամենայնիվ կարծում եմ, որ այդ ճնշումները կրում են ժամանակավոր բնույթ և բոլոր այն անձինք, որոնց համար մեր անկախությունը, պետականությունը և որոշում ընդունելու մեր իրավունքը բարձրագույն արժեք են, պետք է պաշտպանեն եվրաինտեգրացիային միտված քաղաքականությունը: Սա պատմական պահ է Հայաստանի համար»,- նշեց Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով․ - «Իսկ այդ ճնշումները, որոնք ըստ էության, սկսեցին գազի գների բարձրացումից, կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե գազի գնի հետ կապված սուբսիդավորումը, որը իրականացնում է Հայաստանի կառավարությունը, չպետք է տարածվի Գյումրիի ռուսական ռազմակայանի վրա և ռուսաստանյան ընկերությունների վրա, որոնք Հայաստանում են: Ինչո՞ւ պետք է մեր քաղաքացին վճարի այդ քաղաքական ճնշման արդյունքում թանկացման համար»:

Վերլուծաբան Ստեփան Գրիգորյան
Վերլուծաբան Ստեփան Գրիգորյան
Մենք զրուցեցինք նաև վերլուծաբան Ստեփան Գրիգորյանի հետ, ով ժամանակին եղել է Ռուսաստանում Հայաստանի ժամանակավոր հավատարմատարը, իսկ հետո՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը: Գրիգորյանը, կարծիք հայտնեց, թե Հայաստանի նկատմամաբ Ռուսաստանի ճնշումները վկայում են մի բանի մասին, որ ԽՍՀՄ փլուզվելուց ի վեր Մոսկվան այդպես էլ չկարողացավ հետխորհրդային երկրներին առաջարկել ինտեգրացիայի գրավիչ մոդել և շարունակում է տուրք տալ կայսերապաշտական նկրտումներին:

«Այսօր ոչ մի առաջարկ չի արվում, ուղղակի պրիմիտիվ ճնշում կամ կիսաճնշում արվում է, որ մենք ակտիվ Եվրոպայի հետ չաշխատենք: Դա տրամաբանական չէ: Ռուսաստանը չկարողացավ մի նոր մոդել առաջարկել ոչ միայն ինտեգրացիայի՝ համագործակցության», - մեկնաբանում է վերլուծաբանը:
XS
SM
MD
LG