Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները քննադատում են ոստիկանության գործողությունները


Իրավապաշտպանները քննադատում են ոստիկանների գործողությունները
please wait

No media source currently available

0:00 0:02:33 0:00

Երևանի Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության դեմ հարակից շենքերի բնակիչների և քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով, հարուցել են իրավապաշտանների քննադատությունը:

Վերջին օրերի իրադարձությունները գնահատելով՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հայտարարել է․ «Այս միջադեպը նոր ցավ և դարձյալ հիասթափություն էր մեզ համար: Հատկապես ոչ պրոֆեսիոնալ էր առանձին ոստիկանների էմոցիոնալ և անկանոն պահվածքը»:

Սոցիալական ցանցերում քննարկման առարկա են դարձել կադրերը, որոնցում ոստիկանը բողոքի ակցիա անցկացնող երիտասարդ կնոջ նկատմամբ, շատերի գնահատմամբ, սեռական ոտնձգություն կատարում: Այս իրավիճակի վերաբերյալ ոստիկանության վերջին հաղորդագրությունում ասված է. - «Արդեն մի քանի օր մայրաքաղաքի Կոմիտաս 5 հասցեում անցկացվող ակցիայի մասնակիցները խախտել են թույլատրելիի բոլոր սահմանները` փակել են Կոմիտասի պողոտան, չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին, դիմադրություն են ցույց տվել ոստիկանության ծառայողներին, ինչի հետևանքով կան վնասվածքներ ստացած ոստիկաններ»:

«Այն, ինչ կատարվում է վերջին օրերին, ավտորիտար ռեժիմին է հատուկ: Քաղաքացիների ընդվզմանը պատասխանում են բռի ուժով»,- «Ազատություն» ռադիոկայնի հետ զրույցում բնորոշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը․ - «Սա ես համարում եմ պետական տեռոր սեփական քաղաքացիների նկատմամբ»:

Արթուր Սաքունցը հիշեցրեց միջազգային կառույցների հորդորները` մինչ այդ ոստիկանության բռնի գործողությունների կապակցությամբ հետաքննություն իրականացնելու պահանջների մասին: Իրավապաշտպանը «անպատասխանատու հայտարարություն» որակեց ոստիկանության հաղորդագրությունը բնորոշելիս. ոստիկանությունը սպառնացել է հատուկ միջոցներ կիրառել:

«Ազատություն» ռադիոկյանի հետ զրույցում փաստաբան Վահե Գաբրիելյանը պատմեց, որ վերջին օրերի դեպքերի կապակցությամբ իրեն է դիմել 15 քաղաքացի:

«Ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ անհամարժեք ուժի կիրառում, խաղաղ հավաքին մասնակցության խոչընդոտում, ոստիկանությունում անձանց իրավունքների անհիմն սահմանափակում... պատրաստվում ենք հենց ոստիկանապետին բողոքով դիմել, դատախազություն, նույնիսկ հնարավոր է դիմենք դատարան ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու հայցերով», - նշեց փաստաբանը:

Կիվիրյանի դեմ «գո՞րծ է սարքվում»


Կոմիտաս 5-ում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակիցներից` «Արմենիա թուդեյ» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, վնասվածքներ է ստացել դեմքին, թևերին, ականջին:

«Ինձ տասնյակ ոստիկաններ բռնի կերպով փորձեցին նստեցնել ոստիկանության ավտոմեքենա, հարվածում էին այդ ընթացքում, սկսեցին տալ սեռական բնույթի շատ լկտի հայհոյանքներ: Մի պահ հասավ նրան, որ ինքը սկսեց արմունկով ինձ խեղդել: Հենց որ ես սկսեցի խռխռացնել, ինքը թողեց դա, զգացվեց, որ ինքն էլ վախեցավ իր արածներից»,- պատմեց Կիվիրյանը, - «Ամեն ձևով այդ հայհոյանքները և հարվածները կատարվում էին, որպեսզի ես պատասխանեի, ինչը, իհարկե, իմ կողմից չի կատարվել, որովհետև ես հասկանում էի, թե ինչ է կատարվում: Հասավ նրան, որ հայհոյանքների պարագայում ինքը սկսեց գոռալ` դե պատասխանիր, պատասխանիր: Ես ընդամենը ասել եմ, որ այն, ինչ ինձ ես ասում, թող քո ընտանիքին ու ծնողներին լինի, չնայած ես արդեն գիտեմ, որ դա ոչ մի բանով չի կաշկանդում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, որը մասնագիտացել է քրեական գործ սարքելու ոլորտում»:

Կիվիրյանն ասում է, թե իրեն արդեն երրորդ օրն է՝ ուղեգիր չեն տվել դատաբժշկի մոտ գնալու համար: Նոր Նորքի հիվանդանոցում բժիշկները բանավոր ասել են, որ Կիվիրյանն ուղեղի ցնցում է ստացել, բայց գրավոր տեղեկանք տալուց ձեռնպահ են մնացել: Արգիշտի Կիվիրյանն իր հետ կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել Նորքի հիվանդանոց ներկայացած հետաքննիչին և պահանջել է քրեական գործ հարուցել, պատժել մեղավորներին: Արդեն հիվանդանոցից դուրս գալուց հետո Կիվիրյանի մեքենան շրջապատել են մի քանի ոստիկաններ, տվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության ծանուցագիրը, որով նա երեկ որպես վկա հրավիրվել է հարցաքննության: Բայց երեկ հարցաքննություն տեղի չի ունեցել` քննիչի զբաղված լինելու պատճառաբանությամբ:

Արգիշտի Կիվիրյանը լրատվամիջոցներից է իմացել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հայտարարության մասին: Վերջինս, մասնավորապես, հայտարարել է, թե Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ 316 հոդվածով՝ ոստիկանության նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Մինչդեռ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն Ազատությոյն ռադիոկայնաին փոխանցեց, որ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, ասաց՝ քրեական գործ է հարուցվել Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած փաստի առթիվ:

Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը այսպես գնահատեց ոստիկանությանից իրարամերժ տեղեկությունների արտահոսքը. - «Իրականում ոստիկանությունը գործում է օրենքի կոպիտ խախտումներով, և ապօրինի գործելաոճից է սա գալիս»:

«Տղավարի խորհուրդ»` Եղիա Ներսիսյանին


Կոմիտաս 5-ի բողոքի ակցիաներին մասնակցելու համար բերման ենթարկված հասարակական ակտիվիստ Եղիա Ներսիսյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ ոստիկանությունում իրեն սպառնացել են:

«Արաբկիրի բաժնի պետ Ամիրխանյանը ինձ իր գրասենյակում սպառնացել է, ասելով հետևյալը` քեզ տղավարի խորհուրդ եմ տալիս, որ դուրս մնաս այս ամեն ինչից: Ու եթե դուրս չմնաս, քո հետ վատ բան կպատահի», - մանրամասնեց ակտիվիստը:

Արաբկիրի ոստիկանապետը գերադասեց չպատասխանել այս առնչությամբ «Ազատություն» ռադիոկայնաի հարցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG