Մատչելիության հղումներ

«Երեքից մեկն էլ ես եմ». Ակտիվիստները զորակցում են նստացույց անողներին


Նստացույցի 15-րդ օրը ակտիվիստները մտադիր են հակադարձել Երևանի քաղաքապետին՝ ցույց տալով Տարոն Մարգարյանին, որ պաշտոնանկությունների պահանջը միայն երեք երիտասարդներինը չէ, ինչպես որ պնդել էր քաղաքապետը Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Տարոն Մարգարյանը ասել էր, թե չի պատրաստվում կատարել «3-4 հոգու» ցանկությունները, քանի որ «ժողովուրդը կողմնակից չէ հրաժարականների»:

«Երեքից մեկն էլ ես եմ» կարգախոսի ներքո երիտասարդները այսօր Ազատության հրապարակից երթով կհասնեն քաղաքապետարան, որտեղ բողոքի ցույց են անցկացնելու ու զորակցություն հայտնելու նստացույց անող ընկերներին։

Ակտիվիստներից Գոռ Առաքելյանը դարձյալ մատնացույց է անում իրավական հիմքերը, որոնք բերվում են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին ու «Երևանտրանս» ընկերության ղեկավար Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելու համար. նստացույցի մասնակիցը զարմացած է՝ ինչո՞ւ է քաղաքապետը գլխաքանակով հաշվում իրենց։

«Եթե նա մի քանի անգամ թեկուզ իր պատուհանից նայի ցած, ապա կհասկանա, որ դա ոչ միայն մի քանի հոգու, այլ ժողովրդի մի ստվար զանգվածի պահանջ է և այդ ստվար զանգվածը լավ գիտակցում է՝ ինչ է պահանջում։ Խորհուրդ կտայի մատների արանքով չնայել»,- ասաց Առաքելյանը։

Ակտիվիստը հիշեցնում է՝ քաղաքապետարանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում Տարոն Մարգարյանը, անցնող 15 օրերին գոնե մեկ անգամ կենտրոնական մուտքով չի բարձրացել շենք։

«Քաղաքապետարանը որևէ կերպ չի արձագանքում ցանկացած հարցին։ Պայքարը ունի տարբեր միջոցներ, մենք չենք պատրաստվում ուղղակի մնալ նույն կարգավիճակում, որովհետև երբ քո իրավաբանորեն և բարոյապես հիմնավորված պահանջները չեն կատարվում, դու արդեն ստիպված ես լինում մտածել հաջորդ քայլերի մասին»,- ասաց նա։
XS
SM
MD
LG