Մատչելիության հղումներ

Գնդապետ Բուդաղյանը առանց փամփուշտի էր գնացել Սյունիքի մարզպետի տան մոտ


Հայաստան -- Գնդապետ Արտակ Բուդաղյանը և նրա փաստաբան Հայկ Ալումյանը, արխիվ
Հայաստան -- Գնդապետ Արտակ Բուդաղյանը և նրա փաստաբան Հայկ Ալումյանը, արխիվ

Արտակ Բուդաղյանի պաշտպանի խոսքով, այդ տվյալները հստակ կան, քննիչը չի էլ վիճարկում:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 19-ամյա Տիգրան Խաչատրյանի և նրա թիկնապահ 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին հուլիսի 24-ի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում: «Ազատություն» ռադիոկայանին այս տեղեկությունը փոխանցեց Խաչատրյանի և Նիկողոսյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը:

Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով Նուբարաշենի մեկուսարանում գտնվող Խաչատրյանը և Նիկողոսյանը ձերբակալվել էին հունիսի 1-ին Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանության կապակցությամբ: Նախաքննության ժամանակ պարզվել էր, որ դեպքի օրը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին եղել է թմրանյութի ազդեցության տակ:

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը նշեց, որ կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու որոշումը Վերաքննիչ դատարանում բողոքարկելիս ներկայացնում է այն փաստարկները, թե ոչ հիմնավոր կասկած կա, որ Տիգրան Խաչատրյանը կատարել է իրեն վերագրվող արարքը, և ոչ էլ հիմքեր կան նրան կալանավորելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա պնդեց, որ Տիգրան Խաչատրյանին անհիմն կերպով է մեղադրանք առաջադրվել․ - «Միանշանակ [անհիմն է], և կգա ժամանակը՝ ես իմ փաստարկները կներկայացնեմ: Հասարակությունը այսօր տրամադրված է ոչ թե Տիգրան Խաչատրյանի դեմ, այլ անհիմն կերպով հոր մեղքը ածանցում է տղայի վրա։ Հայրը մեղք չունի, բայց քանի որ հայրը Խաչատրյան Սուրենն է, փորձում են ասել՝ եթե Խաչատրյան Սուրենի տղան է գործի հետ, ուրեմն մեղավոր է»:

Հիշեցնենք՝ մամուլը հեղեղված է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ սկանդալային պատմություններով: Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուի սպանությունից հետո տասնյակ պատմություններ ևս հրապարակվեցին: Իսկ Գորիսի դեպքի ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ էմնիլ Բուդաղյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդել էր, որ Սուրիկ Խաչատրյանը մասնակից է եղել Ավետիք Բուդաղյանի սպանությանը հանգեցրած միջադեպին:

Իսկ Ռուբեն Սահակյանը ավելի վաղ խոսել էր Ավետիք Բուդաղյանի եղբորը՝ Արտակ Բուդաղյանին մեղադրանք առաջադրելու անհրաժեշտության մասին: Պաշտպանության բանակի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին առաջադրվել էր Խաչատրյաններին սպառնալու մեղադրանք:

Սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը երկու օր առաջ բողոքարկել է քննիչի՝ հուլիսի 22-ին կայացրած որոշումը՝ մերժել Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը: Ըստ Հայկ Ալումյանի՝ օրենքով սպառնալիք կարող է համարվել այն դեպքը, երբ այդ սպառնալիքն իրականացնելու իրական հնարավորություններ են եղել: Տվյալ դեպքում Բուդաղյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հուլիսի 9-ի որոշման մեջ քննիչ Ղազարյանը գրել էր, թե Արտակ Բուդաղյանը, իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նույն օրը ժամը 23-ի սահմաններում մեքենայով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, և իր անվանմամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է հնչեցրել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: Բայց Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը վկայակոչում է ապացուցողական նշանակություն ունեցող հանգամանքը, ըստ որի՝ Բուդաղյանի զենքի մեջ փամփուշտ չի եղել․- «Ես իմ միջնորդությունը հենց այդ հիմքով էի ներկայացրել, որ իրական հնարավորություն չի եղել իրականացնելու նման սպառնալիք, որովհետև զենքը լիցքավորված չի եղել, այդ զենքը կիրառելու որևէ հնարավորություն չի եղել»:

Պաշտպանը վստահեցրեց, որ այդ տվյալները հստակ կան, քննիչը չի էլ վիճարկում, բայց ուրիշ պատճառաբանությամբ է մերժել միջնորդությունը, ասելով, թե կարևոր չէ՝ իրական հնարավորություն ունեցել է, թե ոչ, կարևորն այն է, թե «տուժողը» ինչպես է գնահատել նրա սպառնալիքները՝ որպես իրակա՞ն, թե՞ ոչ:

«Այսինքն, քննիչը օրենքին այնպիսի մեկնաբանություն է տվել, որը տրամագծորեն օրենքի տեքստին հակասում է։ Ես հուսով եմ, որ դատախազը կհամադրի օրենքը և քննիչի պատճառաբանությունները և ճիշտ հետևության կգա», - հավելեց Ալումյանը։

Գնդապետ Արտակ Բուդաղյանը, որ դեռ ապաքինվում է, մեղադրյալի կարգվիճակում դեռ ցուցմունք չի տվել, բայց հայտնի է, որ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
XS
SM
MD
LG