Մատչելիության հղումներ

Օմբուդսմեն․ Հրաչյա Հարությունյանի կյանքին եւ առողջությանը «վտանգ չէր սպառնում»


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
Մոսկվայի մերձակայքում 18 մարդու կյանք խլած ճանապարհատրանսպորտային պատահարի առնչությամբ Ռուսաստան մեկնած Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեսակցել է պատահարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի հետ։

Խոսքը վերաբերում է Ռուսաստանի Պոդոլսկ քաղաքից ոչ հեռու գտնվող Օզնոբիխինո գյուղի մոտ հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարին։ Ըստ հարուցված քրեական գործի՝ Հարությունյանի վարած խիճով լցված բեռնատար «Կամազը» չի արգելակել եւ բախվել է «Լիազ» մակնիշի ուղեւորատար ավտոբուսին։ Զոհվել է 18 մարդ։ Վթարի հետեւանքով Հայաստանի քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ «երթեւեկության կանոնները խախտելու մեջ, ինչը հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան»։

Հարությունյանը հուլիսի 15-ին նվաստացուցիչ տեսքով, մասնավորապես՝ կանացի գույնզգույն խալաթով էր բերման ենթարկվել դատարան:

Մոսկվայից «Ազատություն» ռադիոկայանին տված հեռախոսային հարցազրույցում օմբուդսմենը պատմեց, որ «Մատրոսկայա Տիշինա» կալանավայրում հանդիպել է Հրաչյա Հարությունյանի հետ։

«Կարեւորը՝ այս պահին նրա կյանքին եւ առողջությանը ակնհայտորեն վտանգ չէր սպառնում։ Իհարկե, դեռ ունի վնասվածք, որը պետք է ապաքինվի։ Շատ ավելի դրական է, քան մենք բոլորս տեսել էինք այդ տեսաերիզում [դատարանի դահլիճից]։ Անհամեմատելի փոփոխություն կա, բնականաբար, այդ վիճակից, բայց, իհարկե, խնդիրները դեռ կան եւ խնդիրների մասին ավելի մանրամասն ես կխոսեմ Երեւանում», ֊ մանրամասնեց Կարեն Անդրեասյանը։

Անդրիասյանը նաեւ պատմեց, որ Ռուսաստանում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր տեղական պաշտոնյաների հետ, մասնավորապես՝ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակում, ինչպես նաեւ հանդիպում է ունեցել Մոսկվայում Հայաստանի դեսպանի հետ։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ դատարանում Հրաչյա Հարությունյանի նվաստացուցիչ տեսքի վերաբերյալ իր մտահոգությունները փոխանցե՞լ է իր ռուսաստանցի պաշտոնակցին, Հայաստանի օմբուդսմենը պատասխանեց․ ֊ «Ես իմ բոլոր մտահոգությունները, նաեւ այս ողբերգության հետ կապված, փոխանցել եմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG