Մատչելիության հղումներ

Դաշնակցական թեկնածուի շտաբն ահազանգում է ընտրողներին կաշառելու մասին


Պռոշյանի գյուղապետարանի շենքը
Պռոշյանի գյուղապետարանի շենքը
Պռոշյան համայնքի ղեկավարի այսօրվա ընտրությունները խստագույնս վերահսկվում էին ոստիկանության կողմից։

Ոստիկանության տարբեր զորամիավորումներ տեղակայված էին գյուղի կենտրոնում, ոստիկանական խմբերը հսկում էին և գյուղապետարանի շենքը, և ընտրատեղամասերը, նույնիսկ պռոշյանցիները կատակով նկատում էին, թե ոստիկանները ընտրողներից շատ են։ Իրավիճակը անձամբ Հայաստանի ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանի հսկողության տակ է, նա և երեկ, և այսօր առավոտյան եկել էր գյուղ։

Ինչպես հայտնի է Պռոշյանում արտահերթ ընտրություններ նշանակվեցին հենց գյուղապետարանի շենքի դիմաց ապրիլի 2-ին դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի առեղծվածային սպանությունից հետո, ինչը գյուղում մեծ լարվածության առաջացրեց։ Մրցող երեք թեկնածուներից մեկը՝ ինքնաառաջադրված Վովա Սահակյանը Հրաչ Մուրադյանի ընտանիքի աջակցությունն էր վայելում, մյուսը ինքնաառաջադրված հանրապետական Արթուր Մուրադյանը նախորդ՝ սեպտեմբերի 23-ին ընտրություններում Հրաչ Մուրադյանի հիմնական հակառակորդն էր, իսկ երրորդը անկուսակցական գիտաշխատող Ալեքսան Ալեքսանյանն էր։

Ընտրական գործընթացում միջադեպեր, բախումներ չեն արձանագրվել, բայց Հրաչ Մուրադյանի ընտանիքում որոշակի կասկածներ կային ազատ և արդար ընտրության վերաբերյալ։

«Կեղծիքներով է, երեկ արդեն փողը բաժանել են, մենք գիտենք, որ բաժանել են, գիշերը ժամը 12-ից մեկը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց սպանված գյուղապետի եղբայր Իսրայել Մուրադյանըч հավելելով, որ իրենք փորձել են գնալ այդ հետքերով, սակայն բնակիչները ոչինչ չեն ասել։

Թեկնածու Վովա Սահակյանը ևս ահազանգում է ընտրակաշառքի և ընտրողներին ուղղորդելու մասին՝ նշելով, որ ընտրատեղամասերում այսօրվա հանգիստ մթնոլորտը չի նշանակում, որ ամեն ինչ նորմալ է եղել, պարզապես ընտրողներին ուղղորդողներն իրենց անելիքը նախօրեին են արել, տեղամասերից դուրս։

«Որքան որ հորդորեցինք, որ ընտրությունները գնան բնականոն հունով, որովհետև վերջիվերջո շարքային սովորական ընտրություն չէր, դավադրաբար սպանվել էր գյուղապետը, բայց ոչ բոլորը ականջալուր եղան, և իշխանական թևից փորձեցին ամեն գնով ապահովել հանրապետականացումը մեր երկրում, որ բոլորը՝ շարքայինից մինչև վերադաս պարտադիր պիտի հանրապետականի նշանով լինեն»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Վովա Սահակյանը,- «Մեր ունեցած տեղեկություններով, ձայնը 10 հազար դրամ, հիմնականում բաժանվել է կանանց և անչափահաս երեխաների միջոցով, և այն տեղական հիմնարկ ձեռնարկությունների միջոցով, որոնցից մարդիկ կախում ունեն։ Բացահայտ ահաբեկել են, մարզպետի ցուցումով և այլոց ցուցումով, և օլիգարխիկ այն կառույցների, որոնք չգիտեմ ինչ շահեր ունեն Պռոշյանում, բայց մտածում են, որ սա իրենց «հոր բոստանն է»։

Հարցին, թե ինչպե՞ս են վերահսկում ընտրողներին, Սահակյանը պատասխանեց.- «Այցելում են նրանց, իրենց մեքենաներով գնում, իրենց պատասխանատուներով դնում են մեքենայի մեջ, բերում են։ Պարզապես տեխնոլոգիան այնքան են մշակել, այնքան են վարժվել ու վարժեցրել, որ գիտես, որ բաժանվում է, բայց փաստը չունենք, որ ներկայացնենք ոստիկանությանը»։

ՀՀԿ-ական թեկնածուի շտաբը հերքում է

Հանրապետական Արթուր Մուրադյանի շտաբը հերքեց այս հայտարարությունները։ Մուրադյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընտրությունը որակեց շատ նորմալ, իսկ նրա շտաբի ներկայացուցիչ Արմենուհի Մելիքյանը, ով հիշեցնենք, ավելի վաղ գյուղապետի պաշտոնակատար էր նշանակվել, բայց գյուղապետարանի դաշնակցական կազմը այդպես էլ թույլ չտվեց ստանձնել պարտականությունները, դատապարտեց «չփաստարկված հայտարարությունները»։

«Ինչի մասին է խոսքը, եթե կան նման բաներ, թող բերեն ապացուցեն։ Մենք էլ կարող ենք շատ բան ասել, ասել շատ բան կարելի է, բայց դա չի նշանակում, որ դա համապատասխանում է իրականությանը. միայն փաստերով »,- ասաց նա։

Ընտրատեղամասեր մեր այցելության պահին մթնոլորտը խաղաղ էր, մինչև ցերեկվա ժամը 2-ը ընտրողների շատ մեծ հոսքը նկատելի էր, նույնիսկ Հանրապետական կուսակցության ներկայացուցչի շտաբը այս ակտիվությունը «աննախադեպ» էր գնահատում։ Անձնագրերի դրոշմակնիքների թանաքն այս անգամ չէին անհետանում, բայց այս անգամ էլ հայաստանյան նախորդ ընտրությունների պես ընտրատեղամասերի դիմաց կանգնած երիտասարդների խմբեր տեսանք, որոնք պնդում էին, որ եկել են ընտրելու, բայց երբ ոստիկանները պահանջում էին 50 մետր հեռու կանգնել, դժկամությամբ ենթարկվում էին, ասելով «էդ օրենքները ձեզ պահեք»։ Զայրանում էին տեսախցիկից, սպառնում էին «կադրի մեջ» ընկնելու դեպքում լրագրողին «գտնել»։

Տեսողության հետ խնդիրներ ունենալու հիմնավորմամբ քվեախցիկների մոտ օգնողների սպասող և ուղեկիցների օգնությամբ քվեարկող տարեցների էլ հանդիպեցինք։ Նրանցից մեկը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ թեկնածուներից ոչ մեկին չի ճանաչում։

«Երկրորդ համարին (ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանին) ընտրել եմ, չգիտեմ ով ա, որ դեմս կանգնի չեմ ճանաչի»,- խոստովանեց կինը՝ միաժամանակ պնդելով, որ իրեն ոչ ոք չի ուղղորդել, ինքն իր կամքով է ընտրել։

Ընդհանուր առմամբ զրուցակից գյուղացիները ասում էին, որ կաշառքի մասին ոչինչ չգիտեն։ Ոմանք էլ համոզված էին, որ այդ տեխնոլոգիաները այլևս չեն աշխատում։

Ոչ թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, ոչ ոստիկանությունը առայժմ բողոքներ չեն ստացել։
XS
SM
MD
LG