Մատչելիության հղումներ

Հուշաքարի հափշտակության հայտարարությունն ուսումնասիրվում է


Ոստիկանությունը ուսումնասիրում է «Վահե Ավետյան» հասարակական շարժման հայտարարությունը «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մերձակայքից ոստիկանների ներկայությամբ հափշտակված ժամանակավոր հուշաքարի անհետացման վերաբերյալ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետի տեղակալ Արմեն Մալխասյանն այսօր ասաց, թե երեկվա հայտարարությունը ուսումնասիրվում է, որոշման մասին կտեղեկացնեն լրացուցիչ:

Երեկ «Վահե Ավետյան» հասարակական շարժումը հայտարարություն էր տարածել անցած շաբաթ օրը «Հարսնաքար» ռեստորանի տարածքից՝ «Այս տարածքում դրվելու է «Հարսնաքարում» սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը» փորագրությամբ ժամանակավոր հուշաքարի հափշտակության վերաբերյալ: Հասարակական շարժումը, մասնավորապես, նշել էր, որ այդ հայտարարությունը ներկայացնում է որպես Վահե Ավետյանի հիշատակի ժամանակավոր հուշաքարը հափշտակելու հանցագործության մասին պաշտոնական, հրապարակային հայտարարություն` ոստիկանությունից պահանջելով կատարել իր պարտականությունները և բացահայտել այդ հանցագործությունը:

Այսօր առավոտյան ոստիկանության նույն վարչության պետը կարծիք էր հայտնել, թե հասարակական շարժման հայտարարությունը «իրավաբանորեն հիմք չէ» քրեական գործ հարուցելու համար: Քրեական գործ հարուցելու իրավաբանական հիմքերի և Վահե Ավետյան շարժման հայտարարությունն ուսումնասիրելու վերաբերյալ երկու տարբեր պատասխաններ ստանալու ժամանակահատվածում տեղեկություն ստացանք նաև, որ ոստիկանապետի մոտ այսօր խորհրդակցություն էր ընթանում: Դեռ հայտնի չէ, թե ոստիկանությանը որքան ժամանակ անհրաժեշտ կլինի քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Վահե Ավետյան հասարակական շարժումը երեկվա հայտարարության մեջ նշել էր․ - «Բողոքի ակցիայի մասնակիցները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին բանավոր հայտարարություն արեցին հուշաքարի հափշտակության հետ կապված հանցագործության վերաբերյալ, ինչը, սակայն ընթացք չստացավ: Մինչդեռ ժամանակավոր հուշաքարի հափշտակությունը կատարվել էր հարյուրավոր ոստիկանների և բազմաթիվ նկարահանող սարքերի առկայությամբ»:

«Վահե Ավետյան» հասարակական շարժման երեկվա հայտարարությունը հասցեագրված էր նաև Երևանի քաղաքապետարանին: Հասարակական շարժումը նշել էր, որ՝ «հայտարարությամբ պաշտոնապես դիմում է Երևանի քաղաքապետարանին` «Հարսնաքար» ռեստորանային համալիրին հարող տարածքը եզերող հատվածում (Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում) Վահե Ավետյանի հիշատակին նվիրված հուշաքարի տեղադրման համար սահմանված կարգով թույլտվություն ստանալու ակնկալիքով»:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը փոխանցեց քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի պատասխանը, ըստ որի՝ Վահե Ավետյանի տարելիցին նվիրված հուշաքար տեղադրելու վերաբերյալ որևէ քաղաքացի կամ հասարակական շարժում գրավոր դիմում չի հասցեագրել քաղաքապետարան՝ մեկ պատուհան սկզբունքով: Ըստ Արթուր Սարուխանյանի՝ Երևանի քաղաքապետարանը չի քննարկի Վահե Ավետյանի մահվան տարելիցին նվիրված հուշաքարի տեղադրման թույլատվության վերաբերյալ հայտարարությունը, քանի դեռ, համապատասխան դիմում չի ներկայացվել սահմանված կարգով:

«Վահե Ավետյան» շարժման անդամ Գարեգին Չուքասզյանը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասաց, որ վաղը «Վահե Ավետյան» շարժումը կդիմի քաղաքապետարան՝ մեկ պատուհան սկզբունքով․- «Ես կարծում եմ քաղաքապետարանը կարող էր շատ ավելի բարոյական դիրք գրավել: Իրենք պետք է նախաձեռնող լինեին, ոչ թե հասարակությունը: Հասարակության ընդվզումը որոշ չափով մարելու նպատակով հենց ինքը՝ քաղաքապետարանը կարող էր առաջարկել նման հուշաքար տեղադրել այդտեղ ի հիշատակ սպանված սպայի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG