Մատչելիության հղումներ

Վրաստանը Հայաստանի հետ «կարգավորելու շատ հարցեր ունի»


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվլինի հունիսի 3-ի ասուլիսում
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվլինի հունիսի 3-ի ասուլիսում
Հուլիսի 3-ի մամուլի ասուլիսում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը Հայաստանի հետ շատ հարցեր ունի, որոնք կարգավորելու անհրաժեշտություն կա, և նա նշել է, որ դրանք միայն Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները չեն, այլ երկկողմ հարաբերությունները:

«Աբխազական երկաթգիծն անպայման կվերաբացվի, բայց դրա համար ժամանակ է անհրաժեշտ»,- Աբխազիայի երկաթգիծը վերագործարկելու հնարավորության մասին ասել է Վրաստանի վարչապետը։

Նա նշել է, որ ծրագիրը իրականացնելու համար այս փուլում խնդիրներ կան, քանի որ հարցը «շատ քաղաքականացված է»: Իշանիշվիլին ասել է, որ աբխազական երկաթուղու վերաբացումը անհրաժեշտ է ինչպես Վրաստանի տնտեսության զարգացման, այնպես էլ աբխազների հետ հարաբերությունները կարգավորելու առումով:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Վրաստանի վարչապետը ընդգծել է, որ ամենածանր հարցը Ռուսաստանն է: Նա նշել է, որ Ռուսատանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ կոնկրետ, մասնակի քայլեր արդեն արվել են, վրացական ապրանքները վերադարձել են ռուսական շուկա, բայց մտահոգիչ է մնում իրավիճակը սահմաններում:

«Ես հրաշքների չեմ սպասում, որ վաղը կամ մյուս օրը կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Իվանաիշվիլին՝ ներկայացնելով Ախբազիայի և Հարավային Օսիայի հետ հակամարտությունները կարգավորելու իր պատկերացումները. - «Մենք պետք է ոչ միայն մտածենք տարածքները վերադարձնելու մասին, այլ պետք է մտածենք մարդկանց մասին՝ ինչպես համոզել մեր օս և աբխազ եղբայրներին, որ մեր համակեցությունն ավելի լավ է, քան այն, ինչ կատարվում է այսօր»:

Այս առումով նա որոշիչ է համարել տնտեսության դերը: «Դա վճռորոշ գործընթաց կլինի, և մենք անպայման կարող ենք ապրել միասին»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Նա ասել է, որ Ռուսաստանից վճռական քայլեր չի սպասում, շատ լավ գնահատում է իրականությունը: Հաջորդ քայլը կլինի Մոսկվայի և Թբիլիսիի միջև կանոնավոր ավիաչվերթների վերականգնումը, բանակցություններ են գնում վիզային ռեժիմը դյուրացնելու ուղղությամբ:

«Մենք առավելագույն աջակցություն կցուցաբերենք Սոչիի օլիմպիադայի անվտանգությանը: Կարծում եմ քայլ առ քայլ մեր հարաբերությունները կկարգավորվեն»,- հույս է հայտնել Վրաստանի վարչապետը:

Ասուլիսում նա նաև ասել է, թե շատ է ցանկանում հանդիպել Վլադիմիր Պուտինին. - «Դա իմ մեծ ցանկությունն է, բայց դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն, այսօրվա իրավիճակը հարմար չէ նման հանդիպման մասին խոսելու համար»:

Վրաստանի ներքաղաքական հարցերի պատասխաններում Իվանիշվիլին որոշ ակնարկներով հանդերձ վերահաստատել է վարչապետի պաշտոնից հեռանալու իր մտադրությունը:

«Շերաթոն Մետեխի պալաս» հյուրանոցում անցկացված ասուլիսում բազմաթիվ հարցեր են հնչել: Մասնավորապես, տարածաշրջանային որոշ հարցերի շուրջ Վրաստանի վարչապետի դիրքորոշումները հետեւյալն են. Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին կարագացվի, Վրաստանը Աֆղանստանից չի հանի իր զորախումբը, կշարունակի իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգությունն ապահովելու գործում, Վրաստանը 2 միլիարդ դոլար կներդնի իր տարածքով Տրանս-Ադրիատիկ խողովակաշարի կառուցմանը, որով ադրբեջանական գազը հոսելու է Եվրոպա: Կարագացվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման աշխատանքը։ Այս պահին Վրաստանը զենք ձեռք բերելու կարիք չունի: Վրաստանը Իրանի հետ կշարունակի բարիդրացիական հարաբերությունները՝ պահպանելով Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG