Մատչելիության հղումներ

Հովհաննիսյան. Իշխանություններն ուշացել են Սուրեն Խաչատրյանի հարցում


Արխիվ -- «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում «Անի Պլազա» հյուրանոցում, Երեւան, 19-ը ապրիլի, 2013թ.
Արխիվ -- «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում «Անի Պլազա» հյուրանոցում, Երեւան, 19-ը ապրիլի, 2013թ.
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այս օրերին Միացյալ Նահանգներում է, անդրադարձել է նախօրեին Սյունիքի մարզում կատարված աղմկահարույց սպանությանը եւ մարզպետ Սուրեն Խաչատրյանի որոշմանը` ժամանակավորապես թողնել պաշտոնը: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին ընդդիմադիր գործիչը հայտարարել է, թե Հայաստանի իշխանություններն ուշացել են այս հարցում։

«Պահանջներից մեկը, որ հայ ժողովուրդն առաջադրել է ընտրությունների ժամանակ, ինչպես նաեւ հետո հրապարակային հավաքների ընթացքում, ոչ միայն ազգային խնդիրների լուծումն է, այլեւ ընտրակեղծարարներին օրինական պատժի ենթարկելը: Բազմաթիվ մարզպետներ, այդ թվում Սյունիքի մարզպետը ներգրավված են եղել ընտրությունները կեղծելու, վարչական ռեսուրսի չարաշահման մեջ` հարկադրելով մարդկանց քվեարկել այս կամ այն կերպ: Մենք նախկինում արդեն իսկ պահանջել ենք, որպեսզի նա պաշտոնակ արվի: Շատ վատ է որ դա տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ մարդ սպանվեց», - ասել է Հովհաննիսյանը։

Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Սուրիկը Խաչատրյանը հեռակա բանավեճի մեջ են. «ժառանգության» առաջնորդը մի քանի հետընտրական հանրահավաքներ է անցկացրել Սյունիքի մարզում` պահանջելով Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը: Մարզպետն իր հերթին բավական կոշտ է արտահայտվել Հովհաննիսյանի հասցեին եւ սպառնացել՝ «Հայաստանի աչքի առաջ գլուխը ջարդել օձի գլխի պես»:

Միացյալ Նահանգներում գտնվող ընդդիմադիր գործիչը շեշտել է, որ եթե գործող վարչակազմը ժամանակին քաղաքական կամք ունենար, ստիպված չէր լինի արձագանքել բռնության այսպիսի փաստի։

«Սա արտացոլումն է հասարակական ճնշման եւ այն իրողության, որ մարդիկ այլեւս չեն հանդուրժելու այս վիճակը: Առաջիկայում կարող ենք ականատես լինել առավել կազմակերպված եւ համակողմանի հասարակական արձագանքի», - ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նախօրեին ընդդիմադիր գործիչը Վաշինգտոնում հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինի հետ: Ինչպես նախագահի նախկին թեկնածուի շտաբի տարածած հաղորդագրությունում է նշվում՝ պետքարտուղարությունում կայացած մասնավոր հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի առջեւ ծառացած ոչ միայն ներքին ժողովրդավարական, այլեւ միջազգային մարտահրավերներին առնչվող, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերը: «Ժառանգության» առաջնորդը երեկ նաեւ ծավալուն ելույթ է ունեցել Ջորջ Վաշինգտոն համալսարանի իրավաբանական դպրոցում` այս ամբիոնից եւս դիմելով նախագահ Սերժ Սարգսյանին. - «Ինչպես Ազատության հրապարակում եմ ասել, դարձյալ կոչ եմ անում սթափ եւ համապարփակ գնահատական տալ՝ որտեղ ենք մենք որպես հասարակություն եւ ժողովուրդ, ինչպես նաեւ անհապաղ եւ հստակ քայլեր ձեռնարկել՝ ոչ թե կոծկելու, այլ մինչեւ վերջ լուծելու Հայաստանում առկա լրջագույն խնդիրները»։

Ելույթ ունենալով դիվանագետների, քաղաքական գործիչների եւ մտավորականների առջեւ՝ նախագահի նախկին թեկնածուն քննադատել է Միացյալ Նահանգների իշխանություններին։

«Ես սպասում եմ այն օրվան, երբ աշխարհի մեր գործընկերները, եւ մասնավորապես ԱՄՆ-ի կառավարությունը կպաշտպանեն հայ ժողովրդի քվեն թե՛ ժողովրդավարության զարգացումների, ընտրությունները ճանաչելու կամ չճանաչելու առումով, թե՛ Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից՝ հստակ ուղերձ հրապարակելով Հայոց ցեղասպանության եւ հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների բարելավելու մասին», - հայտարարել է նա։

Մոտ մեկ ժամ ժամ տեւած ելույթում անդրադառնալով իր հետագա անելիքներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին ընդգծել է, որ չի ճանաչում գործող իշխանությունների լեգիտիմությունը՝ պնդելով, թե ժողովրդից գողացվել է իր ընտրությունը։

«Միեւնույն ժամանակ, ես չեմ ուզում ընդունել այս վարչակազմի պայմանները. ուժ՝ ուժի դիմաց, չեմ կարծում, թե դա կլուծի խնդիրը։ Խնդիրն այն է, թե ինչպես ապահովել քաղաքացիների կրիտիկական զանգված ու որակ, եթե ոչ նույն հրապարակում, ապա գոնե միեւնույն գաղափարի շուրջ: Ես խաղաղություն եմ ուզում այն երկրում, որը մենք սիրում ենք, սակայն համոզված եմ, որ եթե հաջորդ մի քանի տարիների ընթացքում չլինեն արտառոց լուծումներ, հնարավոր է իրադարձությունները զարգանան բռնությունների ճանապարհով», - Վաշինգտոնում հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
XS
SM
MD
LG