Մատչելիության հղումներ

Ծառուկյանը Հովհաննիսյանին վաղուց էր ասել, որ երբեւէ ընդդիմություն չի դառնա


Րաֆֆի Հովհաննիսյան. «Ծառուկյանն ինձ ասել է, որ երբեք դուրս չի գա իշխանության դեմ»
please wait

No media source currently available

0:00 0:10:56 0:00

Այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը ընդդիմադիր «Ժառանգության» առաջնորդին այդ մասին ասել էր մասնավոր զրույցներում:

Գագիկ Ծառուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցած հանդիպումներում բացառել է, որ երբեւէ դեմ կգնա գործող իշխանություններին: Այդ մասին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը պատմեց այսօր` պատասխանելով «Ազատություն» ռադաիոկայանի հարցին, թե արդյոք անակնկա՞լ էր իր համար Ծառուկյանի այն հայտարարությունը, որ «Բարգավաճ Հայաստանը» չի կարող ընդդիմություն դառնալ:

«Պարոն Ծառուկյանը այդ եզակի մարդկանցից է, ով միշտ ինձ հետ եղել է անկեղծ», - նշեց ընդդիմադիր առաջնորդը, - «Եվ այդ անկեղծությամբ ինքը դեմ դիմաց, աչքերի մեջ նայելով արտաբերել է, որ ինքը բացառվում է, որ ինքը երբեք դուրս գա իշխանության դեմ: Եվ ես շատ ուրախ եմ, որ ինքը հրապարակեց իր տեսակետը, որ իր ներքին հավատամքն է, որքան ես եմ իրեն ընկալել»:

Րաֆֆի Հովհաննիսյանը խորհուրդ տվեց Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել, թե ինչո՞ւ ուշացումով հրապարակայնացրեց այն, ինչ ավելի վաղ ասել էր մասնավոր զրույցներում: Միաժանամակ «Ժառանգության» առաջնորդը ընդգծում է, որ դատելով «Բարգավաճ Հայաստանի» որոշ ներկայացուցիչների խոսքերից, կուսակցությունում որոշակի ներքին լարվածություն կա այս հարցում:

«Եթե իսկապես մարդիկ կան Բարգավաճում, որ կարծում են, որ պետք է դառնա ընդդիմություն, դա փաստորեն կլինի «Բարգավաճ Հայաստան»` առանց պարոն Ծառուկյանի», - նշեց Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի դիրքորոշմանը, թե անգամ Ծառուկյանի հայտարարությունից հետո ԲՀԿ-ն այնուամենայնիվ ընդդիմություն է, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե ՀԱԿ-ը պետք է տեղավորվի այս նոր իրականության մեջ:

Գագիկ Ծառուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանին հրավիրել էր իր կառուցած եկեղեցու օծման արարողությանը, ընդդիմադիր գործիչն այսօր մանրամասնեց, թե միջոցառման նախօրեին ուշ ժամի է ստացել հրավերը, իսկ ինքն այդ օրվա համար արդեն ծանրաբեռնված գրաֆիկ ուներ. - «Եվ դրա համար ես գրավոր շնորհավորեցի պարոն Ծառուկյանին այդ իր նվիրատվության համար եւ այս առաջիկա կիրակիներից մեկը անպայման կգնամ եւ պատարագի կմասնակցեմ այնտեղ առանց շոուի, առանց թամաշայի եւ առանց այդ տխուր տեսարանների, որոնց մենք բոլորս ականատես եղանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG