Մատչելիության հղումներ

«Ծառուկյանը խուսափեց բախումից»


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի խոսքով, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածություն չի առաջադրել՝ խուսափելով հասարակության մեջ քաղաքացիական բախում առաջացնելու հնարավորությունից։

Գուրգեն Արսենյանի փոխանցմամբ, մեր հասարակության բարոյահոգեբանական վիճակն այնպիսին է, որ անպայման ընտրության արդյունքները վիճարկվելու էին: Իսկ Հայաստանում ընտրությունների արդյունքները վիճարկելիս քաղաքական ուժերն ու քաղաքացին ընտրում են մի ճանապարհ, որը բերում է ոչ միայն քաղաքական, այլեւ քաղաքացիական բախման։ Դա ցույց տվեցին նաեւ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը:

«Պարոն Ծառուկյանը, վերլուծելով, նաեւ քննարկելով հնարավոր սցենարները՝ ընտրության եւ հետընտրական, խուսափեց հասարակության մեջ լարում, բախում առաջացնելու հնարավորությունից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Արսենյանը՝ հավելելով, թե չի կարող այդ որոշումը սխալ համարել․ - «Մի որոշում, որը ուղղված է մեր փխրուն հասարակական օրգանիզմը չտանելու փորձության՝ իհարկե, կարող եմ ճիշտ համարել»։

Չառաջադրվելու իր որոշման մասին հայտարարելուց առաջ Գագիկ Ծառուկյանը հանդիպում էր ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե արդյո՞ք ԲՀԿ ղեկավարի վրա ճնշումներ չե՞ն եղել, մասնավորապես՝ նախագահի հետ հանդիպման ժամանակ, Արսենյանն ասաց․ - «Քանի որ ես մի քիչ ավելի մանրամասն եմ տիրապետում իրադարձությունների ե՛ւ ժամանակագրությանը, ե՛ւ բովանդակությանը, ուզում եմ տեղեկացնել, որ այդպիսի հետեւությունը կամ ենթադրությունը չի համապատասխանում իրականությանը։ Ո՛չ, ճնշումներ չեն եղել։ Եղել է քաղաքական պայքարի նախապատրաստման գործընթաց»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինչպես ԲՀԿ-ն, այնպես էլ իր ղեկավարած քաղաքական ուժը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրված 8 թեկնածուներից որեւէ մեկին չի պաշտպանելու՝ ընտրողին տալով ազատ ընտրության հնարավորություն: Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ իրենք էլ նման որոշում կայացրեցին, եւ թե ինչու առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը, նաեւ գործող նախագահը իրենց համար նախընտրելի չէին, Գուրգեն Արսենյանն ասաց, թե այս պահին չկա որեւէ թեկնածու, ում հռչակած քաղաքական ծրագիրը եւ իրականացվող գործողությունների տրամաբանությունը բավարարեր իրենց:

Թեեւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժը որոշել է որեւէ թեկնածուի այս ընտրություններում չսատարել, ԲՀԿ-ական քաղաքապետերը, ըստ էության դեմ գնալով կուսակցության քաղաքական որոշմանը, հայտարարում են, որ իրենք սատարելու են գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Այս փաստը տեղիք է տվել մեկնաբանությունների, որ Գագիկ Ծառուկյանը ինքն է հրահանգել տեղերում իր կառույցներին աշխատել հօգուտ Սերժ Սարգսյանի։ Գուրգեն Արսենյանը, սակայն, հերքում է այդ լուրերը եւ կարծիք հայտնում, որ օրինակ՝ Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը այդ որոշումը կայացրել է ոչ որպես կուսակցական, այլ որպես քաղաքացի:

«Քաղաքական հրահանգ, գործառնական հրահանգ՝ այդպիսի բան գոյություն չունի», - նշեց Արսենյանը։

Հարցին, թե ինքը նո՞ւյնպես համոզված է, որ այս ընտրությունների ելքը կանխորոշված է եւ նախագահ է ընտրվելու Սերժ Սարգսյանը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց․ - «Ձեւակերպումը տամ մի քիչ ուրիշ․ բոլոր հնարավոր թեկնածուներից ամենամեծ շանսերը Սերժ Սարգսյանինն են»։

Արսենյանը հավելեց․ - «Ցանկալի կլինի, որպեսզի այս ընտրության արդյունքները արտացոլեն Հայաստանի բնակիչների կամքը։ Դա կարեւոր է, որովհետեւ ամեն մի գործողություն, որը մարդկանց մտքերում է վիճարկվում, բերում է նրան, որ մարդկանց մոտ մեծանում է ցանկությունը հեռանալ Հայաստանից»։
XS
SM
MD
LG