Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը «մրցակցային» ընտրություններ է խոստանում


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Այն վարում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը։

«Ազատություն»․ - Պարոն Նախագահ, Հայաստանը իր հետխորհրդային շրջանի պատմության ընթացքում միշտ դժվարություններ է ունեցել ընտրություններ անցկացնելու ժամանակ։ Չեն քննադատվում միայն առաջին նախագահական ընտրությունները: Եվ այդ ընտրություններից հետո յուրաքանչյուր հաջորդ ընտրություն, փաստորեն, քննադատության է ենթարկվել միջազգային եւ տեղական դիտորդների կողմից։ Ընդդիմությունն էլ հրաժարվել է ընդունել այդ ընտրությունների արդյունքները: Հիմա Հայաստանին օդի նման անհրաժեշտ են մաքուր, ազատ եւ արդար ընտրություններ, ինչպե՞ս եք դա ապահովելու։ Ինչպե՞ս եք երաշխավորելու այնպիսի ընտրություններ, որ Եվրոպան, Արեւմուտքը եւ ամենակարեւորը՝ մարդիկ, ընդունեն դրանց արդյունքները:

Սերժ Սարգսյան․ - Հայաստանում ընտրությունների ընթացքում դժվարություններ եղել են ոչ միայն հետխորհրդային տարիներին: Չեմ կարծում, որ խորհրդային տարիներին Հայաստանում իդեալական ընտրություններ էին անցկացնում, սա` մեկ: Եվ երկրորդ՝ միգուցե Ձեր տեսակետից առաջին նախագահական ընտրությունները քննադատության չեն ենթարկվել, բայց ես կարծում եմ, որ առաջին ընտրությունները շատ ավելի են քննադատվել, քան մեր վերջին ընտրությունները՝ ես նկատի ունեմ խորհրդարանական ընտրությունները:

Հարցի շարադրման ձեւի հետ չհամաձայնելով՝ պիտի ասեմ, որ, այո՛, մենք ուղղակի պարտավոր ենք բարձրացնել շեմը: Մենք մշտապես աշխատել ենք, որ անցկացնենք այնպիսի ընտրություններ, որոնք ավելի մեծ վստահություն ներշնչեն ինչպես մեր ժողովրդին, այնպես էլ մեր գործընկերներին, եւ կարծում եմ, որ 2012 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ավելի շատ դրական, քան բացասական արձագանքներ ունեցան, իսկ սեպտեմբերին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները գնահատվեցին որպես եվրոպական չափանիշներին ամբողջովին համապատասխանող:

Մենք 2012 թվականի այս ձեռքբերումները համարում ենք նվազագույն շեմ 2013 թվականի ընտրություններն անցկացնելու համար: Ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք անցկացնել այդպիսի ընտրություններ, որովհետեւ այդպիսի ընտրություններ անցկացնելը առաջին հերթին բխում է մեր շահերից, այնուհետեւ մեր գործընկերների շահերից: Շատ դեպքերում, որպեսզի արդարացվեն դժվարությունները կամ այն խնդիրները, որոնք առաջանում են ընտրությունների ժամանակ, սկսում են խոսել այն մասին, որ մենք ընտրություններ չենք անցկացնում եվրոպացիների համար, այս մեկի համար, այն մեկի համար․․․ Իհարկե, ընտրությունները մենք մեզ համար ենք անցկացնում, բայց մենք գործում ենք միջազգային հանրության տիրույթում, եւ շատ ցանկալի ու նույնիսկ անհրաժեշտ պահանջ է, որպեսզի այդ հանրության անդամները քեզ համարեն իրենցից մեկը:

«Ազատություն»․ - Պարոն Նախագահ, հիմա ո՞վ է այն թեկնածուն, որի հետ Դուք մրցում եք։ Ո՞վ է այս պահին Ձեր հիմնական հակառակորդը՝ Պարույր Հայրիկյա՞նը, Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ Հրանտ Բագրատյանը։ Կամ գուցե մեկ ուրի՞շը։

Սերժ Սարգսյան․ - Շատ ավելի ճիշտ էր՝ մրցակից, քան հակառակորդ, որովհետեւ, ես անկեղծորեն եմ ասում` որեւէ ընտրության ժամանակ որեւէ մեկին ինձ հակառակորդ չեմ համարել։ Եվ եթե իրոք ետ նայվի նախընտրական պրոցեսները, անպայման կնկատվի, որ մենք երբեք որեւէ մեկին դեմ չենք աշխատել։ Մենք մշտապես հանդես ենք եկել «հանուն» սկզբունքով։ Եվ մենք պայքարել ենք, մրցել ենք, որպեսզի մեր գաղափարները ավելի շատ սատարում գտնեն, քան թե մենք փորձենք ուրիշների սխալները կամ թույլ կողմերը ցուցանել։ Այս առումով ես կարծում եմ, որ այս ընտրությունները բացառություն չեն լինելու, եւ չնայած որոշ հանգամանքների, այս անգամ էլ մենք հարազատ ենք մնալու մեր մոտեցմանը։

«Ազատություն»․ - Պարոն նախագահ, հիմա հաճախ հնչում են տեսակետներ, որ մրցակցային չեն ընտրությունները։ Այդ իմաստով էի ես հարցնում, այնուամենայնիվ՝ Դուք ունե՞ք Ձեր մրցակիցը։

Սերժ Սարգսյան․ - Ես հակված եմ կարծելու, որ իշխանությունների պրոբլեմը չէ մրցակից աճեցնելը։ Ես համարում եմ, որ իշխանությունների խնդիրն է մրցակցային դաշտ, մրցակցային մթնոլորտ ստեղծելը, թեեւ սա էլ միայն իշխանությունների պարտականությունների մեջ չի մտնում։ Բայց մենք ի՞նչ պետք է անեինք, գնայինք Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից մեր մի հայրենակցի՞ բերեինք, պարտադրեի՞նք, կամ ինչ-որ մեկին այստեղ սկսեինք աճեցնե՞լ։ Դա այն է, ինչում փորձում են մեզ մեղադրել, որ իբր մենք դրանով ենք զբաղված։ Փառք Աստծո, մենք դրանով երբեք չենք զբաղվել, չենք զբաղվելու, եւ դա ընդհանրապես ոչ շնորհակալ գործ է։

Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ մեզ հաջողվել է մրցակցային մթնոլորտ եւ մրցակցային դաշտ ստեղծելը: Խոսքս վերաբերում է թեկնածուների, քաղաքական ուժերի արտահայտվելու հնարավորություններին: Ես շատ ուրախ եմ, որ այն հաջողությունը, որ այս առումով մենք արձանագրեցինք խորհրդարանական ընտրություններին, հիմա արդեն իսկ, թեեւ դեռեւս պրոցեսի սկզբում ենք, ամրապնդվել է, որովհետեւ արդեն Երեւանի մամուլի ակումբը արձանագրեց, որ այն խնդիրները, որ եղել էին 2012 թվականի նախընտրական փուլում, այս փուլում գոյություն չունեն: Եվ մենք պետք է շարունակենք այս ոգով առաջ շարժվել:

Գիտեք, երբ որ ասում են, որ չկա ուժեղ մրցակից, երբ որ չկա մարդ, որ կարող է շատ ձայներ տանել, ես դրա հետ համաձայն չեմ։ Իսկ ո՞վ է ասել, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, նույն Հրանտ Բագրատյանը, նույն Պարույր Հայրիկյանը, որոնք վաստակ ունեն եւ ճանապարհ են անցել, շատ ավելի հեշտ մրցակիցներ են, կամ ավելի քիչ փորձ ունեն բանավիճելու կամ հրապարակային խոսքի։

Ընդհանրապես, իմ խորին համոզմամբ, նախագահական ընտրությունները չեն սահմանափակվում միայն նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկություն անցկացնելով: Նախագահական ընտրությունները սկսվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից, որտեղ համապատասխան կուսակցությունը ներկայանում է տեղական ինքնակառավարման մարմիններում որպես ղեկավար կամ ավագանու անդամ, այնուհետեւ՝ խորհրդարանական ընտրություններում եւ ի վերջո՝ նախագահական ընտրությունների ժամանակ:

Իհարկե, նրանց համար շատ դժվար է, որովհետեւ այսօր Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների 70 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցության անդամներ են, եւ որքան էլ փորձենք ասել, որ դա իշխանական ռեսուրսի օգտագործում է, ես դրա հետ չեմ կարող համաձայնել: Մարդիկ այնտեղ էլ քաղաքական պայքար են մղել եւ ղեկավար դիրք են ստացել: Իսկ ինչո՞ւ իրենց այդ ղեկավար դիրքը, ես նկատի ունեմ իրենց հեղինակությունը, եւ ոչ թե ակումբ տրամադրելու կամ չտրամադրելու հնարավորությունը, չպիտի օգտագործեն հանուն իրենց կուսակցության, կամ իրենց կուսակցության թեկնածուի հաղթանակը ապահովելու:

Այստեղ, կարծում եմ, ժամանակ է պետք, որպեսզի մեր հանրության մեջ էլ հասկանան, որ անորոշությունից կամ անէությունից միանգամից գալ ասել՝ «ես նախագահ եմ դառնալու», մի քիչ դժվար է: Նախագահ են դառնում թիմով, նախագահ են դառնում անցած ճանապարհով, եւ ոչ թե իշխանություններին քննադատելով:

«Ազատություն»․ - Պարոն Նախագահ, ինչպե՞ս եք գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլը ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ։

Սերժ Սարգսյան․ - Դա իր որոշումն էր, եւ ես ուղղակի պարտավոր եմ հարգանքով վերաբերվել դրան:

«Ազատություն»․ - Քանի որ այս մասին խոսք գնաց՝ հանդիպումներ ու խորհրդակցություններ ունենո՞ւմ եք առաջին եւ երկրորդ նախագահների հետ։ Եվ եթե ունենում եք, ի՞նչ հարցերի շուրջ են լինում Ձեր քննարկումները։

Սերժ Սարգսյան․ - Ես կարծում եմ, որ ոչ միայն առաջին երկու նախագահների, այլ նաեւ շատ թե քիչ հայտնի մարդկանց նպատակն է, որ մենք ունենանք ավելի լավ Հայաստան, ուղղակի մեզանից յուրաքանչյուրը երեւի սեփական լուծումն ունի այդ խնդրի: Ուստի այդ հանդիպումները, քննարկումները, թեեւ ոչ ուղղակիորեն, կարծում եմ, մշտապես առկա են մեր հասարակության մեջ: Մի անգամ դրանք կարող են դրսեւորվել հայտարարությունների տեսքով, մյուս դեպքում՝ հարցազրույցների տեսքով: Մշտապես այդ դրսեւորումները կան, եւ փառք Աստծո, որ կան:

Իհարկե, շատ լավ կլիներ, որ բոլոր նախկին ղեկավարները ինչ-որ մի առիթով հավաքվեին, փորձեին, միգուցե, արդեն ոչ հրապարակային որոշակի քննարկումներ անցկացնել, խոսել եւ այլն, բայց ինչպես ասում են՝ հույսը լավ բան է: Հուսով եմ, որ կլինի մի ժամանակ, երբ որ ոչ միայն Հայաստանի նախկին նախագահները, այլ նաեւ վարչապետները, արտգործնախարարները, պաշտպանության նախարարները, այն մարդիկ, ովքեր իրենց կարծիքով իրենց կյանքն են ներդրել այդ գործում, կարող են հավաքվել եւ հանգիստ, առանց իրար վիրավորելու քննարկել:

«Ազատություն»․ - Պարոն Նախագահ, Հայաստանի ժամանակակից պատմության ընթացքում Մարտի 1-ը նշանավորվեց իբրեւ ընդդիմության եւ ընդդիմադիր ընտրազանգվածի նկատմամբ իշխանության կողմից բռնության կիրառման եզակի դեպքերից մեկը, երբ զոհվեցին անմեղ մարդիկ։ Դուք ինքներդ էլ, հավանաբար, ծանր տարաք այդ ամենը։ Հիշում եմ Ձեր առաջին հարցազրույցներից մեկը այդ մասին․․․ Նույնիսկ որոշ ենթադրություններ կային, որ չէիք ուզում ստանձնել իշխանության ղեկը։ Ձեր ծրագրային ելույթում, պարոն Նախագահ, Դուք նշեցիք, որ Ձեր պաշտոնավարության օրոք վերացվեց անհանդուրժողականության մթնոլորտը, որ չկա այլեւս այն մթնոլորտը, երբ ընդդիմադիր խոսքը դիտվում էր իբրեւ հայրենիքի դավաճանություն։ Հիմա՝ այն, ինչ տեղի ունեցավ Մարտի 1-ին, ըստ էության, այդ ժամանակների անհանդուրժողականության դրսեւորում էր։ Նայելով այդ ոչ վաղ անցյալի ողբերգությանը՝ Դուք ի՞նչ խոհեր ունեք, որ կցանկանայիք կիսել մեր ունկնդրի եւ մեր հեռուստադիտողի հետ։ Ինչպիսի՞ ջանքեր կգործադրեիք, որ նման բան չկրկնվեր մեր իրականության մեջ։ Եվ ամենակարեւորը՝ Դուք եթե առիթ ունենայիք, ի՞նչ կասեիք Մարտի 1-ի զոհերի հարազատներին:

Սերժ Սարգսյան․ - Ես հերքում եմ այն ասեկոսեները, որ ես նույնիսկ մտածել եմ չստանձնել իշխանության ղեկը, որովհետեւ դա կլիներ դավաճանություն, եւ ես երբեք պայքարի դաշտը դժվար ժամերին չեմ լքել:

Կարծում եմ, որ Հայաստանում շատ եզակի քաղաքական դեմքեր էին, ովքեր բավարարված էին Մարտի 1-ի ընթացքով:

Այո՛, անձնապես ես ծանր եմ տարել, բայց ես չեմ համարում, որ հասարակության, պետության կայունության միակ պատասխանատուն իշխանությունն է: Այո՛, առաջին պատասխանատուն իշխանությունն է, բայց երկրի կայունության, երկրում տիրող ազատության, հանգիստ մթնոլորտի համար պատասխանատու են բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում այն քաղաքական ուժերը, որոնք իրենց պրոբլեմները, անհաջողությունները մշտապես փորձում են պայմանավորել իշխանությունների գործունեությամբ, որոնց համար մշտապես մեղադրում են իշխանություններին:

Դուք ասացիք անհանդուրժողականության պակասի մասին, ես կավելացնեմ խոսքի ազատության, արտահայտվելու գրեթե 100 տոկոս ազատության մասին: Սրանք միջոցներ են, որոնք պակասեցնում են անհանդուրժողականությունը երկրի ներսում, բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս պրոցեսները լինեն անշրջելի, թեեւ նույնիսկ ավանդույթներ ունեցող պետություններում այս վտանգը առկա է: Ուստի նորից եմ կրկնում՝ բոլոր քաղաքական ուժերը իրենց պետք է պատասխանատու զգան կայունության համար, եւ իրենց պետք է պատասխանատու զգան նաեւ արդյունքների համար: Եվ ինչքան քիչ լինի անհանդուրժողականությունը, այնքան քիչ կլինեն արկածախնդիրներ, ովքեր կփորձեն այդ անհանդուրժողականությունը օգտագործել սեփական շահերի համար:

Դուք ասում եք՝ իշխանությունները բռնություն գործադրեցին: Բայց արդյո՞ք միայն իշխանությունները բռնություն գործադրեցին: Իշխանությունների համար բնավ դա պետք չէր: Ինչո՞ւ էր պետք իշխանություններին, երբ իշխանությունները ընտրություններում մեծամասնություն ունեին: Իշխանություններին պետք էր, որպեսզի ի՞նչ անեին․․․ մրոտեի՞ն ընտրությունների արդյունքները, իշխանություններին պետք էր, որպեսզի հավելյալ դժվարություննե՞ր ունենային:

Ես կարծում եմ, որ ողբերգությունը տեղի է ունեցել, որովհետեւ բոլորս էլ մեղավոր ենք: Սա ես չեմ ասում պայմանով, որ եթե ուրիշներն էլ ասեն՝ մենք մեղավոր ենք, իմ ասածը ճիշտ կլինի: Ո՛չ: Եթե իրենք համարում են, որ իրենք մեղավոր չեն, ի վերջո նրանք էլ են միայնակ մնում, նրանք էլ են խոսում իրենք իրենց հետ, նրանք էլ են ի վերջո պատասխանատու իրենց խղճի առջեւ: Այնպես որ՝ թող խորհեն: Ես համարում եմ, որ բոլորս էլ մեղավոր ենք: Եթե մենք մեզ համարում ենք մեր կյանքի ընթացքի վրա ազդեցություն ունեցող մարդիկ, ապա եթե չենք կարողացել այդ վատը կանխել, ուրեմն բոլորս մեղավոր ենք:

«Ազատություն»․ - Պարոն Նախագահ, վերադառնանք Ձեր նախընտրական ծրագրին: Դուք խոստանում եք բարեփոխել արդարադատության համակարգը: Սա, թերեւս Հայաստանի համար շատ կարեւոր խնդիր է, որ Դուք ցանկանում եք իրագործել, լուծել այդ խնդիրը, եւ ինչպես հասարակական, քաղաքացիական կազմակերպություններն են սիրում ասել՝ վերացնել անարդարադատությունը Հայաստանում։ Մենք գիտենք, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում ձերբակալվեց մի բարձրաստիճան ոստիկան, որը փաստորեն, ինչպես Դուք էիք նշել ձեր ելույթներից մեկում՝ «գործ էր սարքում անմեղ մարդկանց գլխին եւ նրա գործունեության արդյունքում անմեղ մարդն էր հայտնվել ճաղերի հետեւում»։ Այդ պաշտոնյան հիմա անազատության մեջ է, բայց միայն Ձեր միջամտության շնորհիվ։ Բայց այդպես չի կարող միշտ լինել։ Այսպիսի չարաշահումներ բացառելու համար պետք է համակարգը բարեփոխվի: Ձեր վերընտրվելու դեպքում որքա՞ն հետեւողական կլինի Հայաստանի իշխանությունը այդպիսի բարեփոխումներ իրականացնելու առումով եւ այսպիսի չարաշահումները վերացնելու առումով:

Սերժ Սարգսյան․ - Գիտեք, զարմանալը հատուկ է նորմալ մարդուն: Եվ ես ուրախ եմ, որ մարդիկ, այդ թվում՝ Դուք, զարմացաք, երբ զարմացաք, երբ որ Հայաստանում ձերբակալվեց բարձրաստիճան պաշտոնյա: Միշտ այդպես է լինում: Այնուհետեւ մարդիկ սովորական են դա ընդունում, ինչպես եղավ մեզ մոտ, որովհետեւ մեկ բարձրաստիճան պաշտոնյա չի ձերբակալվել, այլ` մի քանի: Այնուհետեւ դա դառնում է սովորական երեւույթ եւ շատ-շատերին նույնիսկ չի հետաքրքրում:

Այո, մենք ցանկանում ենք հասնել մի հանգրվանի, որտեղ անկախ նրանից, թե մարդը ինչ պաշտոն ունի, եթե խախտում է կատարում, ապա պետք է ձերբակալվի: Ես մշտապես մտածում եմ՝ ինչպե՞ս անենք, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները, հասարակության լայն շերտերը հասկանան, որ երկրում տիրող իրավիճակը նաեւ իրենցից է կախված:

Շատ-շատերին թվում է, որ եթե նախագահը ցանկանա, այ՝ այս բանը հենց վաղը կլինի: Նրանք շատ լավ չեն պատկերացնում, որ ճիշտ, ժամանակին որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ: Եվ եթե այդ պայմանները չկան, ապա նույնիսկ քո ամենաճիշտ որոշումը կարող է հակառակ արդյունքը տալ: Մենք ունենք այդպիսի օրինակներ մեր տարածաշրջանում, մեր երկրում: Բայց խնդիրը այստեղ օրինակ բերելը չէ, խնդիրը նրանում է, որ մենք` բոլորս միասին, մեզանից կախված ամեն ինչ անենք, որպեսզի այդպիսի պայմաններ ստեղծենք:

Ես պետք է այնպես անեմ, բարելավելով մեր տնտեսությունը, մեր բիզնես միջավայրը, որպեսզի մեկ շնչին ընկնող համախառն արդյունքը մեծանա, որպեսզի մեր եկամուտների միակ աղբյուրը` հարկերը, կարողանան մեզ հնարավորություն տալ, որ ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ նաեւ բոլոր պաշտոնյաներին գոնե վճարել այնքան, որպեսզի այդ աշխատավարձը բավարար լինի ծայրը ծայրին հասցնել ընտանիքում:

Հասարակության անդամները պետք է հասկանան, որ իրենց ակտիվությունից է կախված դա, հակառակ պարագայում մեր օրենսդրությունը, որ շատ-շատ նման է եվրոպական օրենսդրությանը, հնարավորություն չի տալիս նույնիսկ պատժել մարդուն, ով` գիտես, որ կաշառք է ստացել, որովհետեւ ամեն մի պարագայում այդ կաշառատուն կարող է ասել, որ՝ «ես նրան պարտք էի տալիս»:

Ես չեմ ասում, որ միակ պատճառը սա է, բայց ես կցանկանայի քաղաքական ուժերը հասկանային, որ այդ օրենքը միայն ուրիշների համար չէ, նաեւ իրենց համար է, իրենց վարքով, իրենց բարքով, իրենց գործելաոճով նպաստեին, որ ուրիշներն էլ այդպես կարծեին: Սա համալիր մոտեցում է, եւ անհնար է մի վայրկյանում կախարդական փայտիկի օգնությամբ իրավիճակը փոխել 100 տոկոսով:

Բայց որոշակի առաջընթաց կա, ոչ թե իմ ասելով, այլ միջազգային կազմակերպությունների կարծիքով` դա ակնհայտ է: Ես վստահ եմ, որ մենք արդեն բավականաչափ պայմաններ ենք ստեղծել, որպեսզի կարողանանք այս մեծ պրոբլեմի լուծումը արդեն տեսանելի դարձնել մեր հասարակության համար: Մենք, նորից եմ կրկնում, պիտի կարողանանք լրացուցիչ սոցիալական երաշխիքներ, տարբեր-տարբեր երաշխիքներ տալ մեր պետական պաշտոնյաներին, որպեսզի նրանք կարողանան իրենց պարտականությունները կատարել հավուր պատշաճի: Ավելի վտանգավոր մարդ, քան հոգնած, կոշտ, կոպիտ, անգրագետ պաշտոնյան է, չկա: Նրանք մեծ վնաս են հասցնում եւ առաջին հերթին իշխանություններին են այդ վնասը հասցնում: Դա իշխանությունների հեղինակությունների հարց է, նույնիսկ եթե այդ պաշտոնյան անկուսակցական է կամ էլ այլ կուսակցության անդամ:

«Ազատություն». - Տնտեսական մի հարց։ «Մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել գործարարի համար անհամեմատ ավելի գրավիչ ու ներդրումների համար անհամեմատ ավելի հուսալի երկիր». - սա Ձեր հայտարարությունն է Ձեր ծրագրային ելույթում, եւ, փաստորեն, այս խոստումը տվեցիք, որ երկիրը անհամեմատ գրավիչ դարձնելու Ձեր ջանքերը պետք է շարունակվեն: Սակայն մենք գիտենք, որ հիմնական խոչընդոտը տնտեսական գործունեության ազատության առումով այսօր մի շարք խոշոր գործարարների կողմից իրենց մենաշնորհային դիրքի չարաշահումն է։ Այսօր Հայաստանում ամեն մարդ կարող է սկսել ցանկացած բիզնես, սակայն գիտենք, որ սկսնակ գործարարը հանդիպելու է դժվարությունների, մասնավորապես, դժվարություններ է ունենալու իր ապրանքները, ծառայությունները շուկայում իրացնելու գործում: Բոլորս գիտենք, որ այդ շուկան բաժանված է խոշոր արտադրողների ու ներկրող առեւտրականների միջեւ, եւ ի դեպ, նրանց մի մասն այսօր խորհրդարանում է եւ այդ իմաստով նրանք ավելի արտոնյալ պայմաններ ունեն: Ի վերջո բիզնեսի ամենագլխավոր շարժիչ ուժերից մեկը ոչ միայն շահույթն է, այլ նաեւ ազատ մրցակցությունը։ Ահա այդ մրցակցությունը Հայաստանում հաճախ չի գործում ազատ շուկայի օրենքներով։ Գործադրվում են նաեւ վարչական լծակներ, գործարարներիոց ոմանք տիրապետում են այդպիսի լծակների: Պարոն Նախագահ, ի՞նչ կարող եք անել, որպեսզի այս իրադրությունը շտկվի, ի՞նչ քայլեր եք նախատեսում, որպեսզի ազատ մրցակցության դաշտը ավելի կայուն դարձնեք:

Սերժ Սարգսյան. - Ես հակված եմ կարծելու, որ այստեղ իրոք պրոբլեմներ ունենք, բայց այդ պրոբլեմները այնպիսին չեն, որ շատ մեծ ազդեցություն ունենան ազատ մրցակցության վրա եւ ընդհանրապես մեր երկրի զարգացման ապագայի վրա: Ինչո՞ւ եմ ասում. որովհետեւ երկու օբյեկտիվ չափանիշ կա, եթե վերջնական արդյունքը չասենք, այսինքն՝ ՀՆԱ-ի աճը:

Իմ կարծիքով, առաջին օբյեկտիվ չափանիշը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներն են: Ինչպես գիտեք, 2012 թվականին մենք մեծ առաջընթաց ունեցանք եւ այդ ցուցիչով մենք այսօր աշխարհում գրավում ենք 32-րդ տեղը: Այսինքն, առաջին 20 տոկոս պետությունների շարքում ենք: Արդյո՞ք դա վատ ցուցանիշ է: Դա համեստ, բայց բավականաչափ լավ ձեռքբերում է:

Երկրորդ օբյեկտիվ չափանիշը գործարարների վերաբերմունքն է հարկային մարմինների նկատմամբ: Եվ ինչքան ես տեսնում եմ, թշնամությունը, որ կար այդ երկու խավերի միջեւ, կամաց-կամաց տեղի է տալիս:

Վստահ եմ, որ հեռու չէ այն ժամանակները, երբ գործարարները կգիտակցեն հարկ տալու անհրաժեշտությունը: Ես չեմ ասում` նրանք կամավոր պետք է իրենց միջոցները տան պետությանը, դա աշխարհի որեւէ մի երկրում որեւէ մեկը հաճույքով չի անում, բայց շատ տեղերում գիտակցում են, որ դա անհրաժեշտ է:

Ինչ վերաբերում է մոնոպոլիաներին, ես կցանկանայի, որ շատ-շատերը խորանային ու նոր եզրակացություններ անեին: Արդյոք դա միայն հայկական միջավայրի՞ց է կախված, արդյոք դա միայն Հայաստանի օրենսդրությունից կամ Հայաստանի իշխանությունների՞ց է կախված, թե՞ դա կա, բայց դրա հետ կան նաեւ այլ օբյեկտիվ պայմաններ, այսինքն՝ կոմունիկացիաների բարդություն, շուկաների անհասանելիություն եւ այլ հանգամանքներ:

Երբ խոսքը վերաբերում է նոր բիզնես սկսելուն, փոքր, միջին բիզնեսի զարգացմանը, ուզում եմ, որ բոլորը վերջնականապես քաջություն ունենան հրապարակավ ասելու, որ, այո, պետությունը ամեն ինչ պետք է անի, այո, իշխանությունները շատ բան պետք է անեն, բայց արդյոք բոլոր մարդի՞կ են, որ ի վիճակի են գործարարությամբ զբաղվել: Չէ՞ որ գործարարությամբ զբաղվելու համար որոշակի ջիղ, որոշակի կարողություններ են անհրաժեշտ, բայց որ մարդկանց 99 տոկոսը անպայման փորձում է զբաղվել գործարարությամբ, սա էլ բնական, հասկանալի ցանկություն է, եւ կարծում եմ` ողբերգություն չպիտի լինի, որ ոմանց դա չի հաջողվում: Ոմանց դա չի հաջողվում, որովհետեւ բացի անձնական կարողություններից եւ այլն, գոյություն ունեն նաեւ այլ հանգամանքներ, գոյություն ունի, օրինակ, մատչելի ռեսուրսների առկայություն: Այսօր Հայաստանում բանկային, վարկային միջին տոկոսը արտարժույթով 11 տոկոս է, դրամով՝ 12-ից մի քիչ ավելի: Սա, եթե համեմատենք 2008 թվականի հետ, 3 կետով ցածր է` արժույթային, եւ արտարժույթայինը: Բայց արդյոք 11 տոկոսը բավարա՞ր է, որպեսզի մարդը կարողանա…

Կա հաջորդ խնդիրը. մենք շատ քիչ ուշադրություն ենք դարձնում մարդկանց կրթելուն: Բիզնեսմենը պետք է հասկանա, թե ինքն ինչով է զբաղվում, մանավանդ միջին եւ մանր բիզնեսմենը, որ կոնսուլտանտների, գործարար տնօրենների եւ այլնի ծառայություններից օգտվելու հնարավորություններ չունի: Պրոբլեմներ կան, բայց, այո, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք գերիշխող դիրք ունեն, որ Հայաստանում կան պետական պաշտոնյաներ, ովքեր փորձում են իրենց պաշտոնը չարաշահել, որ Հայաստանում կան գործարարներ, ովքեր ուզում են շուկայում միայնակ, մոնոպոլ լինել, այստեղ կասկած լինել չի կարող:

Ուստի մենք համապատասխան գործիքներ ենք ստեղծում, եղածներն էլ փորձում ենք կատարելագործել: Մենք այսօր ունենք հակամրցակցային հանձնաժողով, կարծում եմ, շատ լավ է սկսել աշխատել, եւ արդյունքներն էլ սպասեցնել չեն տալիս: Մենք արդեն ունենք համապատասխան մոնիտորինգ անցկացնող միջազգային կառույցի գնահատականները, եւ այստեղ եւս որոշակի առաջընթաց ունենք: Դա բնորոշ է բոլոր-բոլոր շուկաներին` մեծ, միջին, թե փոքր, բայց բոլոր տեղերում էլ կան համապատասխան գործիքներ, որոնցով կարգավորվում է այդ խնդիրը: Ես վստահ եմ, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում այստեղ շատ տեսանելի առաջընթաց մենք ունենալու ենք:

«Ազատություն». - Պարոն Նախագահ, արտագաղթի եւ աշխատատեղերի ստեղծման մասին. սա թերեւս հետխորհրդային Հայաստանի ամենածանր սոցիալական եւ տնտեսական խնդիրն է: Կատակ բան չէ, ամեն տարի այս փոքր երկիրը կորցնում է տասնյակ հազարավոր մարդ, նրանք գաղթում են Ռուսաստան, Եվրոպա, կամ Միացյալ Նահանգներ: Անցած տարի մի հետազոտություն է հրապարակվել, որ, օրինակ, միայն 2009 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 55 հազար հայ, ինչը երկրորդ ցուցանիշն է այդ երկրի քաղաքացիություն ստացող տասնյակ ազգերի ներկայացուցիչների շարքում: Տնեսական համագործակցության զարգացման կազմակերպության նույն հետազոտության համաձայն, 2001-ից մինչեւ 2009 թվականը 272 հազարից ավելի հայ ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն: Մարդահամարի ամերիկյան բյուրոյի պաշտոնական տվյալներով էլ` անցած տասնամայակում Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխվածներից մոտ 20 հազարը ամերիկյան անձնագրեր են ստացել: Ցանկացած երկիր բնակչության այսպիսի կորուստը կհամարի աղետ։ Վստահ եմ` Դուք էլ եք այդպես կարծում։ Բայց ի՞նչ եք անում այս հոսքը կանգնեցնելու համար։

Սերժ Սարգսյան. - Իրոք այստեղ խնդիր կա, եւ այս խնդիրը, ցավոք սրտի, երեւի մեծագույնն է բոլոր եղածներից, որ կանգնած է մեր առջեւ: Ես առիթ եմ ունեցել վերջերս ասելու, որ որեւէ մի պարագայում սեփական երկիրը չի կարող բանտ լինել քաղաքացու համար, այսինքն, արհեստականորեն փակել սահմանները, ստեղծել արհեստական խոչընդոտներ՝ ես կարծում եմ, դա միայն ու միայն ավելի աղետալի հետեւանքներ կարող է ունենալ: Մենք մի ճանապարհ ունենք` Հայաստանում ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք եթե ոչ նման, գոնե մոտ լինեն այն պայմաններին, որոնց հետեւից մեր քաղաքացիները գնում են:

Երբ մեկ-մեկ խոսում են այն մասին, որ Հայաստանում արդարության, ազատության պակաս կա եւ այլն, դրա համար են մեր քաղաքացիները գնում, ես կտրականապես դրա հետ համաձայն չեմ: Ինչո՞ւ։ Որովհետեւ երբ նայում ենք աշխարհագրությունը, թե որ երկրներ գնացին մեր քաղաքացիները, ապա հստակորեն տեսնում ենք, որ ավելի շատ արդարություն ունեցող երկրներ չեն գնում: Հիմնականում գնում են բարձր աշխատավարձի ետեւից: Եվ այսօր Հայաստանում իրոք այդ խնդիրը կա:

Այսօր ես կարող եմ հայտարարել, որ Հայաստանում աշխատանքի խնդիր չկա, Հայաստանում կա բարձր վարձատրվող աշխատանքի խնդիր, որովհետեւ եթե նույնիսկ միայն հեռուստացույց նայեք, կտեսնեք, որ ամեն օր հայտարարություններ կան եւ աշխատող են փնտրում: Մենք վերականգնեցինք Վանաձորի քիմիական կոմբինատի աշխատանքները եւ մեծ դժվարությամբ գտանք մարդիկ, ովքեր պետք է պարզ աշխատանքներ իրականացնեին: Այսօր Երեւանում կան ժամանակակից գործարաններ, որոնք աշխատողների կարիք ունեն:

Ճիշտ է` աշխատավարձը ցածր է: Այսօր այլեւս Հայաստանում որեւէ մի մարդ չի ուզում 150 հազար դրամից մի լումա պակաս աշխատավարձով աշխատել: Դա մի կողմից ուրախացնում է, որ մարդկանց պահանջը մեծանում է, մի կողմից ուրախացնում է, որ ամենածայրահեղ դեպքում, եթե մարդն այլ ելք չունի, կգնա եւ 130, 140 հազար դրամով կաշխատի: Բայց մյուս կողմից էլ իրոք անհանգստացնող է, որովհետեւ մարդ եթե լիարժեքորեն աշխատում է, պետք է գոնե երկու անգամ, քան այսօր վճարում են մեր քաղաքացիներին, աշխատավարձ վճարեն, որպեսզի նրանք ցանկանան աշխատել:

Չեմ ուզում տարբեր պատճառներ բերել, չեմ ուզում արդարանալ, միայն մի բան եմ ուզում ասել, որ մենք մշտապես շատ զգուշորեն պետք է վարվենք թվերի հետ: Եթե այն, ինչի մասին հիմա խոսում են, իրականություն է, վաղուց մենք Ձեզ հետ այստեղ նստած չպետք է լինեինք եւ հյուրանոցի առաջին հարկում էլ որեւէ մեկին չպետք է տեսնեինք, որովհետեւ հայտնի է, թե 1988 թվականին ինչքան բնակչություն կար Հայաստանում, հայտնի է, թե տարեկան ինչ թվերի մասին են խոսում, մենք կարող ենք դա հանգիստ բազմապատկել 20-ով, 21-ով, եւ կտեսնենք, որ այդպիսի երեւույթներ չկան:

Բայց նույնիսկ եթե Հայաստանից տարեկան 20 հազար մարդ է գնում, դա իրոք մեզ համար մեծ-մեծ կորուստ է: Եթե մենք գոնե 15-20 միլիոնանոց ժողովուրդ լինեինք, ես դա դրական կհամարեի, եթե տարեկան 20-30 հազարը գնային, ուրիշներին մեզ ավելի ճանաչելի դարձնեին, հավելյալ ներդրումների հնարավորություններ ստեղծեին Հայաստանի համար, ինտեգրվեին տարբեր հասարակություններում, եւ դա միայն ու միայն օգուտ կլիներ մեզ:

Ես համաձայն չեմ Ձեր դրույթի հետ, թե մենք կորցնում ենք այդ մարդկանց: Ոչ, չենք կորցնում: Մենք մշտապես համարում ենք, որ միգուցե իրոք ինչ-որ մի փոքր մասը ուծանում է, միգուցե մի փոքր մասը չի դիմանում այլ գայթակղությունների, բայց նրանք հիմնականում մնում են հայ, բայց, ցավոք սրտի, աշխատում են այլ երկրների, այլ տնտեսությունների հզորացման համար:

«Ազատություն». – Պարոն Նախագահ, ես հետեւում են Լեռնային Ղարաբաղի բանակցություններին ամենասկզբից, լուսաբանել եմ շատ բանակցություններ։ Եվ իմ մոտ, համենայն դեպս, այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ կարծեք թե բոլորը գոհ են այս իրավիճակից, այս դե ֆակտո անկախության իրավիճակից, երբ, փաստորեն, պաշտոնապես Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվում, բայց իրականում անկախ է։ Մյուս կողմից, մենք լսում ենք Ադրբեջանից սպառնալիքներ՝ անընդհատ, անընդմեջ, որ «եթե այսպես շարունակվի, ապա մենք ստիպված պետք է լինենք ռազմական ճանապարհով հետ վերցնել մեր կորցրած տարածքները», որ «մեր բանակը արդիական է այժմ», որ «մենք արդիականացնում ենք անընդմեջ, եւ շատ շուտով մենք հնարավորություն կունենանք իրականացնել այդ նպատակը»։ Եվ, պարոն Նախագահ, այսպիսի սպառնալիքներ հասցեագրվում են Հայաստանին հատկապես այս վերջին տարիների ընթացքում։ Իսկապե՞ս լուրջ է այս սպառնալիքը, Դո՞ւք ինչպես եք կարծում, եւ եթե լուրջ է, այդպես է, Հայաստանը ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս սպառնալիքը չեզոքացնելու համար։

Սերժ Սարգսյան. - Ես խորապես համոզված եմ, որ երկարաժամկետ հատվածում որեւէ մեկին էլ ձեռնտու չի խնդիրը թողնել չկարգավորված։ Դա առաջին հերթին ձեռնտու չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այնուհետեւ՝ Հայաստանի Հանրապետությանը, եւ ես վստահ եմ՝ նաեւ Ադրբեջանին։ Որովհետեւ ապրել մշտապես պատերազմի վտանգի առկայության պայմաններում՝ այնքան էլ հաճելի բան չի։ Իսկ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 88-ից մինչ հիմա՝ արդեն 25 տարի է՝ այդ վտանգի պայմաններում է ապրում։ Հաշվի առեք՝ այդպիսի վտանգ գոյություն ունի երեխաների համար, երիտասարդների համար՝ բոլորի, բոլորի համար։ Ուստի ես համոզված եմ, միանշանակ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է, որպեսզի օր առաջ կարգավորվի խնդիրը։

Տեսեք, Հայաստանը ունի հավելյալ խնդիրներ։ Մենք, ցավոք սրտի, հարուստ չենք բնական ռեսուրսներով, եւ հեշտ ներդրումների հոսք, բնականաբար, չունենք, չունենք այլ միջոցներ, որպեսզի կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը։ Այսինքն, մեր տնտեսությունը ինչքան բաց լինի, կոմունիկացիաները ինչքան զարգացած լինեն, այնքանով մեզ համար հեշտ կլինի։ Իսկ խնդրի չկարգավորված լինելը մշտապես խոչընդոտում է այս հանգամանքներին։

Կա շատ ավելի առարկայական մի խնդիր՝ Հայաստանը իր սուղ միջոցներից մեծ բաժին է հանում անվտանգությանն ու պաշտպանությանը։ Մենք ուղղակի պարտադրված ենք՝ պարտադրված ենք ունենալու բանակ, որ իր չափերով չի համապատասխանում մեր պետության չափերին, ավելին ասեմ՝ իր մարտունակությամբ եւ սպառազինությամբ չի համապատասխանում մեր պետության չափերին։ Բայց մենք պարտադրված ենք ունենալու մարտունակ բանակ՝ ժամանակակից սպառազինությամբ, այդ թվում նաեւ այն քանակով, այն չափսի, որպեսզի կարողանա լուծել իր առջեւ դրած խնդիրները։

Մենք ինչո՞ւ պետք է շահագրգռված լինենք, որպեսզի խնդիրը հետաձգվի։ Ես բազմաթիվ անգամ հայտարարություններ եմ արել, որոնց համար նաեւ հաճախակի քննադատվել եմ, բայց այսօր էլ ես համարում եմ, որ օր առաջ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը միայն ու միայն դրականորեն կարտահայտվի Հայաստանի զարգացման վրա։ Բայց ինչպես ասում են՝ մի ձեռքը ծափ չի տալիս։ Որպեսզի խնդիրը լուծվի, անհրաժեշտ է նաեւ Ադրբեջանի համաձայնությունը։

Բայց, իմ կարծիքով, Ադրբեջանի ղեկավարությունը կորցրել է իրատեսության զգացողությունը։ Իմ կարծիքով, հեշտ փողերը, նավթադոլարները դրական ազդեցություն չեն ունենում այդ երկրի ղեկավարության վրա, եւ նրանց ախորժակը գնալով այնքան է մեծանում, որ այլեւս չեն բավարարվում Լեռնային Ղարաբաղը իրենցը համարելով, նրանք արդեն համարում են, որ Հայաստանն է ստեղծվել ադրբեջանական հողերի վրա, նրանք արդեն համարում են, որ Երեւանը պատմական ադրբեջանական տարածք է։ Եվ դա ասում է մի երկրի նախագահ, որը իր ինքնաանվանումը ստացել է ընդամենը 100 տարի առաջ։ Մենք շուտով նշելու ենք Երեւանի 2800-ամյակը։

Էդպիսի պայմաններում ակնկալել, որ վաղը-մյուս օրը մենք արդյունքի ենք հասնելու, այդպիսի պայմաններում ակնկալել, որ նույնիսկ ինչ-ինչ մի հրաշքով մեզ հաջողվի մի փաստաթուղթ ստեղծել, եւ մենք ապահովելու ենք երկու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը՝ ուղղակի իրատեսական չէ։

Բայց մյուս կողմից էլ՝ ես համարում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի կարող այնքան անհեռատես լինել, որ գնա նոր արկածախնդրության։ Վերջ ի վերջո, ընդամենը մեզ 20 տարի է բաժանում Ադրբեջանի կոպտագույն սխալից, երբ որ նրան թվաց, թե շատ հեշտ, հանգիստ, խաղալով, երգելով կարող են գրավել Լեռնային Ղարաբաղը եւ դրանով վերջնականապես լուծել այդ խնդիրը։

Կա մեկ այլ հանգամանք։ Այսօրվա այդ միջոցները, պարզ է, որ արդյունք են էներգակիրների վաճառքի, իսկ այդ էներգակիրները վաճառվում են միջազգային հանրությանը, իսկ միջազգային հանրությունը վերջերս մի քանի անգամ՝ ո՛չ մի անգամ, ապացուցեց, որ տարբեր որոշումներ ընդունելու ժամանակ միշտ չէ, որ էներգակիրների առկայությունը որոշիչ դեր է խաղում։

Բայց քանի որ մենք, ինչպես ասացի, գործ ունենք իրատեսությունը կորցրած, կամ ինչպես ասում են՝ ոչ ռացիոնալ երկրի հետ, մենք մշտապես պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր ժողովրդին, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, այնուհետեւ՝ Հայաստանի սահմանամերձ, եւ ընդհանրապես՝ Հայաստանի բնակչությանը։ Ուստի մենք շարունակելու ենք ամրապնդել մեր զինված ուժերը, մենք շարունակելու ենք լինել կառուցողական, մենք միշտ պատրաստ ենք լինելու շարունակելու բանակցությունները, որովհետեւ այլընտրանքը պատերազմ է, իսկ ինչպես ասացի՝ մենք չենք ցանկանում պատերազմ, բայց եթե ստիպված լինենք պատերազմել, ապա կարծում եմ, որ մենք երբեք մեր ընկերների, մեր նահատակների մեր զոհված հերոս ընկերների գործը չենք տապալի։

«Ազատություն». - Հիմա այն մասին, թե ինչ վիճակում են հայ - թուրքական հարաբերությունները։ Պարոն Նախագահ, թուրքական կողմը, ինչպես իրենք են գրում, պատրաստվում է «հայկական ցունամիին»։ Թուրքերը հավատացած են, որ հայերը շատ մեծ ծրագրեր են նախապատրաստել Ցեղասպանության 1ՕՕ-ամյակին ընդառաջ, եւ որ թուրքերին դժվարին ժամանակներ են սպասում։ Իսկապե՞ս նման ցունամի է սպասվում։

Սերժ Սարգսյան. - Որ թուրքերին իրոք դժվարին ժամանակներ են սպասում՝ ես դրանում չեմ կասկածում։ Չեմ կասկածում, որովհետեւ պատմության հետ առերեսվելու ցանկություն չունենալը, միեւնույն ժամանակ, այսպես, եվրոպական նկրտումներ ցուցաբերելը այդքան հեշտ ու հանգիստ չի կարող անցնել։

Այո, 2015 թվականին լրանալու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ 15 թվականից հետո հայ ժողովուրդը գերմարդկային ջանքեր գործադրեց, որպեսզի գոյատեւի, որպեսզի ապաքինի իր վերքերը, որպեսզի նորից աշխարհին ներկայանա որպես ժողովուրդ եւ որպես պետություն։ Փառք Աստծո, դա մեր ժողովրդին հաջողվեց, եւ ես վստահ եմ, որ կան բոլոր հիմքերը, որ մեր ժողովուրդը հարատեւելու է։ Հարատեւելու է եւ մշտապես հիշելու է Ցեղասպանությունը՝ անկախ նրանից՝ թուրքերը կընդունե՞ն, թե՞ չեն ընդունի։

Բայց հիշողություն էլ կա, հիշողություն էլ։ Եթե իրոք թուրքերը քաջություն ունենան եւ օր առաջ ընդունեն Հայոց ցեղասպանությունը, ապա, ես կարծում եմ, մեր ժողովուրդը կարող է ըմբռնումով մոտենալ այսօրվա թուրք ժողովրդին, այն իշխանություններին, որոնց ժամանակ ճանաչվեց Ցեղասպանությունը։

Իսկ քանի դեռ թուրքերը հրաժարվում են ճանաչել Ցեղասպանությունը, ավելին՝ ժխտում են, ապա բնական է, որ մեր ժողովրդի ցանկացած ներկայացուցիչ մշտապես մտքում պետք է ունենա եւ իր գործություններում մշտապես այս փաստը պետք է հաշվի առնի։

Գիտեք, խնդիրը միայն նրանում չէ, որ եղել է ցեղասպանություն, եւ այս ցեղասպանությունը պետք է ընդունվի։ Խնդիրը միայն նրանում չէ, որ մենք պարտավոր ենք հարգել զոհերի հիշատակը։ Խնդիրը առաջին հերթին նրանում է, որ ցեղասպանության ճանաչմամբ ուղղակի կանխարգելվում են ապագա ցեղասպանությունները, սա՝ մեկ, եւ հնարավորություն է ստեղծվում, ուրեմն, հետեւանքները վերացնել այդ ցեղասպանության։ Եվ մինչեւ այդ ցեղասպանության հետեւանքներ չվերանան, իսկ դա մի օրվա, մի տարվա, նույնիսկ 10-20 տարվա խնդիր չէ, ապա միշտ այդ ոճրագործությունը լինելու է ինչպես մի կոշտուկ մարդու մարմնի վրա, միշտ այդ ոճրագործությունը իրեն հիշեցնելու է։ Դա, անկասկած, այդպես է լինելու։

Այ հենց էդ ցավը մեր սրտում՝ մենք փորձեցինք թուրքերի հետ որոշակի հարաբերություններ հաստատել։ Բայց բոլորը վկա եղան այն հանգամանքին, որ թուրքերը հրաժարվեցին իրենց իսկ ստանձնած պարտավորություններից։ Մենք Միացյալ Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամների արտգործնախարարների ներկայությամբ փաստաթուղթ ստորագրեցինք, եւ թուրքերը հրաժարվեցին իրականացնել այդ փաստաթղթում առկա դրույթները։

Պատճառը, կարծում եմ, երկուսն է. թուրքերը իրոք բարդույթավորված են իրենց պատմությամբ՝ չեն ուզում առերեսվել, եւ, երկրորդ, նրանց խանգարում է Ադրբեջանի հետ այդ եղբայրությունը, որովհետեւ, ինչպես գիտեք, ադրբեջանցիները մեծ աղմուկ բարձրացրեցին։

Բոլոր պարագաներում, ես համարում եմ՝ մեր ձեռնարկումը օգտակար էր, եւ մեր բոլոր գործընկերները հասկացան, թե ում հետ գործ ունենք, մյուս կողմից էլ՝ թե ինչպիսի մենք պետություն ենք, ինչպիսի իշխանություններ ենք, ինչպիսի վճռականություն ունենք եւ ինչ նպատակներ ունենք։

Բայց այս ամենով հանդերձ, կարծում եմ, տեղին չի ցեղասպանության երեւույթը համեմատել ցունամիի հետ։ Նրանք այդպես էլ չկարողացան ըմբռնել, թե մենք ինչ ցավ ունենք։ Եվ ես չեմ կարծում, գիտեք, որ 100-ամյա տարելիցը դա ջրբաժան է։ Եվ ես չեմ կարծում, որ մենք վազում ենք 100 մետր, տարին՝ մեկ մետր, եւ հասնելով 100-րդ մետրին՝ կանգնելու ենք կամ ակնկալելու ենք ինչ-որ մեծ հաղթանակի։ Ոչ, դա հանգրվան է, եւ այդ հանգրվանին, իհարկե, մենք հասելու ենք, եւ կարծում եմ՝ ե՛ւ Հայաստանի պետությունը, ե՛ւ համահայկական կառույցները, բնականաբար, ակտիվանալու են՝ կապված այդ տարելիցի հետ։ Բայց ասել, որ մենք աշխարհում պետք է փոթորիկ բարձրացնենք՝ մեր նպատակը դա չէ, մեր նպատակն է, որպեսզի թուրքերը ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Ես վստահ եմ՝ դա լինելու է, բայց ինչքան շուտ՝ այնքան լավ, որովհետեւ ժխտել ցեղասպանությունը՝ նշանակում է շարունակել ցեղասպանել։

«Ազատություն». - Պարոն Նախագահ, վերջում՝ մի այսպիսի հարց։ Ձեր ծրագրերում խոստանում եք կտրուկ բարելավել Հայաստանի տնտեսական եւ սոցիալական իրավիճակը։ Արեւմուտքում վերընտրության համար առաջադրված ցանկացած թեկնածուի հարցնում են, թե «իսկ ինչո՞ւ այդ խոստումները չկատարեցիք Ձեր պաշտոնավարության առաջին ժամկետում»։ Դո՞ւք ինչպես կպատասխանեիք այս հարցին։

Սերժ Սարգսյան. - Եվ որքանով տեղյակ եմ՝ այնտեղ էլ ասում են՝ «բայց, ա՛յ, սա, սա, սա, սա իրականացրել եմ, նոր ծրագրեր են եկել, հիմա այդ ծրագրերը ես պիտի իրականացնեմ»։ Բայց ես մի քիչ այլ կերպ կպատասխանեմ, որովհետեւ Ձեր հարցը Ղարաբաղի մասին ինձ մտորելու տեղիք տվեց, եւ ես հիշեցի, թե ինչպիսի անհաջողություններ ունեինք մենք պատերազմի սկզբում, եւ ինչպիսի ջանքեր գործադրեցինք, որպեսզի կարողանանք կանգնեցնել ադրբեջանցիներին, որոնք արդեն հասել էին Մարտակերտ, հասել էին Ասկերան, եւ ինձ համար չափազանց թանկ է հենց այդ պահը։ Եթե այդ պահը չլիներ, մեր հետագա հաջողությունները չէին լինի։

Գիտեք, նույնն էլ այստեղ է։ Ես շատ ինձ համար թանկ եմ համարում եւ բարձր եմ գնահատում մեր ջանքերը, որոնք մենք գործադրեցինք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները վերացնելու առումով։

Գիտեք, միշտ էլ հեշտ է մեղադրել եւ կողքից ասել, թե՝ ի՞նչ նշանակություն ունի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, մեր երկիրը փոքր երկիր է, չգիտեմ, մեր նիշը ցածր է, եւ այլն, եւ այլն․․․ Միշտ էլ կարելի է առիթ գտնել իշխանություններին քննադատելու, նրանց արածը նսեմացնելու: Բայց կարծում եմ, որ մենք այսօր ունենք բոլորովին այլ տնտեսություն, քան այն, ինչ ունեինք մինչեւ ճգնաժամը: Կարելի է մեր տնտեսության կառուցվածքը համեմատել եւ տեսնել:

Մյուս կողմից, այն արդյունքները, որ այսօր մենք ունենք, այնքան էլ փոքր չեն: Միջազգային կառույցները, առաջատար բանկերը ենթադրում են, որ աշխարհի տնտեսությունը 2012 թվականին աճել է 2-3 տոկոսի տիրույթում: Մենք աճել ենք 7 տոկոս: Հիմա սա լա՞վ է, թե՞՝ վատ: Չի կարելի սա վատ համարել:

Ես կարող եմ այլ ցուցանիշներ էլ բերել: Ես կարող եմ ասել, որ մեր արտահանումը՝ տարեկան միջին 15 տոկոսից ավելին, համեստ ցուցանիշ է: Այո՛ համեստ է, բայց լավ է: Այդ 7 տոկոս տնտեսական աճը ապահովվել է առաջին հերթին արդյունաբերության եւ գյուղատնտեսության մեջ 10 տոկոսից ավելի աճով: Սա էլ մի լավ կողմ է, լավ ցուցանիշ է:

Ինչո՞ւ եմ մի քիչ ավելի հանգամանորեն ասում, որպեսզի վերջում պատասխանեմ Ձեր հարցին մի նախադասությամբ․ մենք պատրաստել ենք բոլոր հիմքերը, որպեսզի առաջիկա 5 տարիների ընթացքում ունենանք շատ ավելի մեծ հաջողություններ:

Ես ուզում եմ նաեւ ավելացնել, որ խոստումները միշտ էլ գոյություն ունեն քաղաքական կյանքում: Բոլոր ընտրությունների ժամանակ լինում են խոստումներ, լինում են մեծ խոստումներ, լինում են փոքր խոստումներ, բայց առաջատար ուժը մշտապես պետք է ձգտի ավելի բարձր չափանիշներ հաստատելու: Եվ եթե նույնիսկ այդ չափանիշներին չի հասնում, այնուհանդերձ դա ճիշտ է:

Ես պարտավոր էի խոսել Հյուսիս - Հարավ ճանապարհի մասին, որը մի քանի միլիարդանոց ծրագիր է, որպեսզի խոսելուց երկու-երեք տարի հետո մենք սկսեինք աշխատանքները, ես պիտի խոսեի երկաթուղու, պիտի խոսեի ատոմակայանի մասին, հակառակ պարագայում այդ միլիարդանոց ծրագրերը այդպես հեշտությամբ չէին սկսվի եւ հիմա իրականացման փուլում չէին լինի:

Մի խոստում կա, որը ես համարում եմ վատ, եթե դու չես կատարում, եւ այդ խոստումը մենք տվել ենք մեր ժողովրդին. դա առավոտից երեկո, օրնիբուն աշխատելն է: Եվ ես կարծում եմ, որ մենք այդ խոստումը կատարել ենք: Որքանո՞վ է մեզ հաջողվել, միգուցե նույնիսկ ոչ մեր ցանկացածի չափ, բայց մենք մեր խոստումը կատարել ենք: Շնորհակալ եմ:

«Ազատություն»․ - Շնորհակալություն հարցազրույցի համար, պարոն Նախագահ:
XS
SM
MD
LG