Մատչելիության հղումներ

Զինդատախազի պնդմամբ` ԶՈՒ-ում հանցագործությունների թիվը նվազել է


Զինդատախազ Գեւորգ Կոստանյան
Զինդատախազ Գեւորգ Կոստանյան
Զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի` այսօր հրապարակած տվյալներով, 2012 թվականին նախորդ տարվա համեմատ 21.2 տոկոսով նվազել է Զինված ուժերում արձանագրված հանցագործությունների թիվը:

«2011-ի համեմատությամբ, երբ մենք ունեին 34 մահվան ելքով հանցագործության դեպքեր, 2012 թվականին` 26 հանցագործության դեպք», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կոստանյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ իրականում 2011-ի համեմատ 2012 թվականին հանցագործությունների թիվը ոչ միայն չի նվազել, այլեւ ավելացել է:

«2012 թվականին մահացությունների թիվը` 47 մարդ` 38 դեպքերի արդյունքում: 2011 թվականին մահացությունների թիվը եղել է 39, իսկ դեպքերը, որոնք ունեցել են մահացու ելք, եղել են 36», - փաստարկեց նա:

Զինդատախազի տվյալներով, 2012-ին Զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերը 30 տոկոսով նվազել են 2010 թվականի համեմատ:

Արթուր Սաքունցը հրապարակում է այլ տվյալներ. - «2010 թվականին մահացությունների թիվը 44… Էական տարբերություն կա, որովհետեւ պաշոնական մարմինները ակնհայտ հակում ունեն կոծկելու շատ հանցագործություններ»:

2011 թվականի հունվարին երկրի նախագահը իր նստավայրի ճաղերի հետեւից խոստացավ զինվորական դատախազի փոփոխությամբ սկիզբ դնել գործերի արդար քննությանը: Հարցին, թե կարո՞ղ է պնդել, որ անցած երկու տարում արել է առավելագույնը, Գեւորգ Կոստանյանն արձագանքեց. - «Հանձնարարականը վերաբերում է կատարված հանցագործությունների բացահայտմանը, եւ կան հանցագործություններ, որոնք դեռեւս քննության փուլում են»:

2011 թվականին Սերժ Սարգսյանի խոստումը լսած մայրերից մեկը Գոհար Սարգսյանն էր, նա 2007 թվականին Վարդենիսի զորամասում պաշտոնական վարկածով՝ էլեկտրահարված, հարազատների պնդմամբ՝ սպանված Տիգրան Օհանջանյանի մայրն է: Այսօր Գոհար Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ զինդատախազությունը Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո էլ ոչինչ չի արել իր որդու գործը բացահայտելու համար. -«Գեւորգ Կոստանյանի մոտ եղել ենք մի քանի անգամ ընդունելության: Առաջընթաց չկա»:

2010 թվականին բանակում մահացած 30-ամյա սպա Արտակ Նազարյանի գործով դատավարության ընթացքում հնչած 4 վկաների ցուցմունքներից հետո տուժող կողմն արձանագրել է, որ զինդատախազությունը ճնշումների միջոցով է ձեռք բերել ապացույցներ՝ ինքնասպանության վարկածի համար:

«Ի՞նչն է պատճառը, որ հանրության առքի առջեւ դատարանում փլված պաշտոնական վարկածից հետո էլ զինդատախազությունը չի վերանայում դիրքորոշումը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարակուսանք հայտնեց Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը` շարունակելով. - «Նախաքննության մարմնի առաջ քաշած ինքնասպանության վարկածը փուլ եկավ, բայց զինդատախազությունը շարունակում է բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով իր մեղադրանքը պաշտպանել: Մինչդեռ ես գտնում եմ, որ նրանք պետք է ուղղակի մեղադրանքից հրաժարվեին»:

Այսօրվա ասուլիսում զինդատախազը հրաժարվեց պատասխանել Արտակ Նազարյանի գործին վերաբերող հարցին:

Մատաղիսի գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը լրանում է վաղը, սակայն Զինդատախազությունը չի հստակեցնում` բողոքարկելո՞ւ է դատավճիռը, թե՞ ոչ:

«Ես հասկանում եմ, որ ձեզ հետաքրքրում է: Այդ մասին կխոսենք հետո», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին` ասաց զինդատախազ Գեւորգ Կոստանյանը: - «Մենք հիմա քննարկում ենք եւ մենք ունենք դեռ ժամանակ»:

Հարցին` կարելի՞ է Մատաղիսի գործը համարել զինդատախազության կոկորդին կանգնած ոսկոր, Կոստանյանն արձագանքեց. - «Որեւէ գործ որեւէ մեկի կոկորդին կանգնած չէ: Ե'վ իմ նախորդը, ե'ւ ես կատարում ենք մեր ծառայողական պարտականությունները»:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 2005 թվականին զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին ու Մուսա Սերոբյանին դատապարտել էր 15-ական տարվա ազատազրկման: 2006-ին վերաքննիչ դատարանը խստացրել էր պատիժը՝ դատապարտելով ցմահ ազատազրկման: Իսկ Վճռաբեկ դատարանը 2006 թվականի դեկտեմբերին բեկանել էր դատավճիռները եւ գործն ուղարկել նոր նախաքննության: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը. 4,5 տարի գործը քննելուց հետո Շիրակի մարզի դատարանն արդարացման դատավճիռ էր հրապարակել:

Սպանված զինվորներից մեկի` Ռոման Եղիազարյանի հարազատներն այդ դատավճիռը բողոքարկում են վերաքննիչ դատարանում: Մյուս սպանվածի հարազատները, սակայն, չեն միացել նրանց:

Հարցին, թե հնարավոր է, որ Զինդատախազությունը բավարարվի այդ բողոքով, Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. - «Երբ որ որոշենք` բողոքարկել, թե ոչ, այդ հարցին էլ կանդրադառնանք»:

Բանակում տեղի ուենցած մահվան կասկածելի դեպքերին, հիշեցնենք, անդրադարձ կա Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի վերջին զեկույցում: Այս առնչությամբ Կոստանյանն ասաց, թե «առանց այդ զեկույցների էլ է եզրակացություններ անում»:
XS
SM
MD
LG