Մատչելիության հղումներ

Դեկանը հերքում է բուհական դասագրքում մարտիմեկյան իրադարձությունները աղավաղելու մեղադրանքները


ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան
ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան
Առաջին անգամ 2008 թվականի մարտիմեկյան ողբերգական իրադարձությունները տեղ են գտել բուհերի համար նախատեսված Հայոց պատմության դասագրքում:

Դասագիրքը, որը ներկայացնում է հայոց պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը, անդրադառնում է նաեւ 2008-ի մարտի 1-ին նախորդող եւ հաջորդող իրադարձություններին: Մասնավորապես, անդրադառնալով փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին, հեղինակը, ով Երեւանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկանն Էդիկ Մինասյանն է, գրում է. - «Կոպտորեն մերժելով ընտրությունների արդյունքները` ընդդիմության արմատական թեւը, իշխանությունների ամենաթողության պայմաններում արհամարհանքով խախտելով օրենքով սահմանված կարգը, փետրվարի 20-ից Երեւանում սկսեց հանրահավաքների շարքը»:

Դասագրքի հեղինակը որեւէ անդրադարձ չի կատարել այն հարցին, թե ինչու էր ընդդիմությունը մերժում ընտրությունների արդյունքները: Անդրադառնալով մարտի 1-ի առավոտյան Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին` Հայոց պատմության դասագրքում նշվում է. - «Մարտի 1-ի առավոտյան ոստիկանության կողմից տեղանքի զննման եւ հասարակական կարգի պահպանման նպատակով Ազատության հրապարակում ձեռնարկված միջոցառմանը զանգվածային անկարգությունների կազմակերպիչները ու մասնակիցները պատասխանեցին դիմադրությամբ` երկաթե ձողերով, քարերով, փայտերով»:

Ուշագրավ է, որ ցուցարարների ձողերի մասին շեշտելով` ուսանողների համար նախատեսված այս դասագրքում որեւէ բառ չի ասվում, օրինակ, թե ինչպես էին ոստիկանները ծեծի ենթարկում ցուցարարներին: Ավելին, մարտի 1-ին Երեւանի փողոցներում տեղի ունեցած խանութների թալանի, այրված մեքենաների համար նույնպես կոնկրետ մեղադրանք է ներկայացվում ընդդիմությանը. - «Անկարգությունների ղեկավարի եւ կազմակերպիչների կոչերով ամբոխը սկսեց ավերներ գործել»: Դասագրքում չի ասվում, թե կոնկրետ ով էր անկարգությունների ղեկավարը:

Մարտի 1-ի երեկոյան իրադարձությունների մասին դասագրքում գրված է. - «Ցուցարարները սկսեցին հարձակումներ գործել ոստիկանների վրա: Բախումների ընթացքում երկուստեք օգտագործվեց հրազեն, որի արդյունքում զոհվեց 10 մարդ»: Նկատենք, սակայն, որ անգամ քրեական գործում նման պնդում չկա:

Այս տարի լույս տեսած Հայոց պատմության այս դասագիրքը, որը հաստատվել է նաեւ կրթության եւ գիտության նախարարության կողմից, արդեն իսկ մեծ արձագանք է գտել թե սոցիալական ցանցերում, եւ թե մամուլում: Տեսակետներ են հնչում, որ վերոհիշյալ ձեւակերպումներով ուղղակիորեն աղավաղվել է պատմությունը, եւ որ դասագրքում պարզապես ներկայացվել է դեպքերի մասին գլխավոր դատախազության հաղորդագրությունները:

Դասագրքի հեղինակը, մինչդեռ, համաձայն չէ այս պնդումների հետ: Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի տված հարցազրույցում պնդեց, թե ինքը դասագիրքը գրելիս օգտվել է մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի փաստաթղթերից եւ պատրաստ է նաեւ դրանք տրամադրել մեզ:

«[Անկարգությունների ղեկավարին] Դուք ինքներդ էլ լավ գիտեք, ես չեմ ուզում դրա մեջ խորանալ, պետք էլ չէ, որ դասագրքերում դա կոնկրետ շեշտադրումով անվանական լինի: Փաստերը կտամ Ձեզ, կնայեք, կիմանաք, պատրաստ եմ այդ փաստաթղթերը Ձեզ տրամադրել», - ասաց Մինասյանը` հավելելով, թե ինքը պատմական փաստեր է ներկայացնել:

Հարցին, թե ինչո՞ւ տեղի ունեցածի վերաբերյալ ընդդիմության տեսակետը չի ներկայացվել, Մինասյանը պատասխանեց. - «Քանի անգամ ասեմ, որ բոլոր տեսակետներն էլ կան, եզրափակիչ մասում դա նշված է»:

Եզրափակիչ մասում Պատմության ֆակուլտետի դեկանը գրում է. - «Մեղքի իրենց բաժինն ունեն նաեւ իշխանությունները, որոնք ճգնաժամի լուծման խաղաղ միջոցները դեռ չսպառած դիմեցին ոստիկանական ուժի գործադրմանը»:

Դասագրքի վերաբերյալ փորձեցինք պարզել նաեւ գրքի համահեղինակ, պատմաբան, մասնագիտական խմբագիր Պետրոս Հովհաննիսյանի տեսակետը` այն, թե ինչո՞ւ գրքում համակողմանի չեն ներկայացվել իրադարձությունները: Օրինակ, գրում են, որ ընդդիմությունը չէր ընդունում ընտրությունների արդյունքները, բայց չեն բացատրում, թե ինչու:

«Բայց գրված է, երեւի ամբողջը չեք կարդացել, կամ եթե կարդացել եք, ուրեմն լավ չեք հասկացել: Ես ասում եմ նշված է, Դուք ասում եք, նշված չէ: Իրադարձությունների նկարագրությունը գրված է այնպես, ինչպես որ եղել է, այնպես, ինչպես գրվել է», - պնդեց Հովհաննիսյանը:

Սակայն պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Սարգսյանը պնդում է, որ այս դասագրքով աղավաղվել է պատմությունը, դասագրքում տեղ են գտել բաներ, որոնք մեկ առ մեկ հերքվել են անցած տարիների ընթացքում:

Աշոտ Սարգսյանը, ով նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ է, կարծում է, որ մարտի 1-ի աղավաղված իրադարձությունների ներկայացումը դասագրքի հեղինակի նախաձեռնությունը չէ: Պատմաբանի համոզմամբ` նախագահի նստավայրից ուղղակի հրահանգ է իջեցվել աղավաղված փաստերով դասագիրք հրատարակելու մասին:

«Հրահանգ է իջել նախագահական նստավայրից, որ այս ձեւով այս վարկածը, որ մենք չկարողացանք կյանքի կոչել, գոնե դասագրքում մատուցեք այն մարդկանց, այն երեխաներին, որոնք այդ մասին շատ քիչ բան գիտեն կամ չգիտեն», - ասաց Սարգսյանը, ով կարծում է, որ դասագիրքը պետք է ետ կանչվի եւ այդ հատվածը գրվի այնպես, ինչպես իրականում եղել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG