Մատչելիության հղումներ

Սփյուռքահայ ներդրողը Հայաստանի դեմ հայց կներկայացնի միջազգային դատական ատյան


Ամերիկահայ գործարար, ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանի փաստաբանները նյութեր են նախապատրաստում առաջիկա երկու ամիսներին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն բողոք ներկայացնելու համար ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ներկայացրեց Խուդյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, իրենք գտնում են, որ Հայաստանի պետական մարմիններն անհրաժեշտ ջանքեր չեն գործադրել ամերիկահայ գործարարի կատարած ներդրումների անվտանգությունն ապահովելու համար, ինչի հետեւանքով Էդմոնդ Խուդյանի կորուստներն այսօրվա դրությամբ կազմել են շուրջ 8.5 միլիոն ԱՄՆ դոլար։

Փաստաբանի խոսքով, դիմելով նշված կենտրոն, Խուդյանը պահանջելու է, որ Հայաստանի Հանրապետությունը փոխհատուցի իրեն հասցված վնասը։

Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը Համաշխարհային բանկի համակարգում գործող հաստատություն է, որը կոչված է կարգավորելու միջազգային ներդրումների հետ կապված վեճերը։ Կենտրոնի գործունեությունը կարգավորող փաստաթուղթը՝ կոնվենցիան, ստորագրել են աշխարհի 147 երկրներ։ Հայաստանն այն ստորագրել է 1992 թվականին։ Կենտրոնը կարող է քննել իր կոնվենցիան ստորագրած ցանկացած պետության դեմ անհատի կամ ընկերության ներկայացրած բողոքը։ Կենտրոնի իրավարար վճիռները պարտադիր են կատարման համար։

«Մենք ունենք նախադեպեր ե՛ւ Հայաստանի վերաբերյալ, ե՛ւ Ռուսաստանի», - մանրամասնեց փաստաբանը, - «2007 թվականին քննվել է Հայաստանի նկատմամբ գործ, որտեղ Հայաստանի կառավարությունը մինչեւ դատական ակտ կայացնելը հաշտություն է կնքել եւ փոխհատուցել է կողմին իրենց վնասները»։

Ըստ փաստաբանի, թեեւ Խուդյանի գործը ներկայումս քննվում է Հայաստանի համապատասխան ատյաններում, սակայն իրենք չեն վստահում տեղի արդարադատության համակարգին, ուստի դիմում են միջազգային ատյաններ։

Փաստաբանը նաեւ վստահ է, որ միջազգային մարմնում «անվիճելի է», որ իրենք կհաղթեն։

Խուդյանի կողմից սփյուռքահայերից ներգրավված դրամական միջոցների հաշվին Երեւանում` Մաշտոցի պող., 33/1 հասցեում 2005 թվականին կառուցվել է 13-հարկանի բազմաբնակարան շենք: Շինարարության ավարտից հետո, սակայն, այն սփյուռքահայերը, ովքեր ֆինանսավորել էին շինարարությունը եւ շենքի սեփականատեր հանդիսացող «Արին Կապիտալ» ընկերության հետ ունեին նախնական պայմանագրեր, չեն ստացել ո'չ բնակարանները, ո'չ ներդրած գումարները: Նշենք, որ «Արին Կապիտալ»-ի նախագահը հենց Էդմոնդ Խուդյանն է։ Փոխարենը, «Արին Կապիտալ» ընկերության համասեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանն ու տնօրեն Էդուարդ Եսայանը շենքի բնակարանները սկսել են վաճառել տարբեր մարդկանց, իսկ գումարներն էլ, ըստ փաստաբանի, յուրացվել են:

Այնուհետեւ, Նիկոլայ Բաղդասարյանի պնդմամբ, Մանգասարյանն ու Եսայանը միտումնավոր սնանկացնում են «Արին կապիտալ»-ը, որպեսզի սփյուռքահայերը դատարանի միջոցով չկարողանան ետ վերադարձնել իրենց դրամական միջոցները:

Խուդոյանի փաստաբանները դիմել են ոստիկանություն, դատախազություն եւ Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչություն` պնդելով, թե «Արին կապիտալ» ընկերությունը միտումնավոր է սնանկության հասցվել: Սակայն անցել են տարիներ, բայց գործի քննությունը դոփում է տեղում, քանի որ սփյուռքահայ ներդրողներից գումարներ յուրացրածների թիկունքին, ըստ փաստաբանների, կանգնած են իշխանության հովանավորությունը վայելող անձինք:

Ավելի վաղ այս խնդրով «Ազատություն» ռադիոկայանին տված պարզաբանման մեջ Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը նշել էր հետեւյալը. - «2007թ. ընդունված դատախազության մասին նոր օրենքի համաձայն, դատախազությունը նախաքննություն չի իրականացնում, այն քննչական մարմին չէ, եւ նշված քրեական գործերը քննվում են այլ քննչական մարմիններում: Իսկ եթե քննության ընթացքի վերաբերյալ կան դժգոհություններ, ապա օրենքով սահմանված կարգով` կարող են բողոքարկվել»:

Խուդյանի գործի հետ կապված հոկտեմբերի վերջին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից նշեցին, որ թե հետեւում են ընթացող դատաքննությանը։

«Մենք մտահոգված ենք ԱՄՆ քաղաքացիների համար վնասակար ֆինանսական գործարքների մասին ցանկացած մեղադրանքով եւ հետեւում ենք (Էդմոն Խուդյանի) գործին», - «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան, փոխանցել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:
XS
SM
MD
LG