Մատչելիության հղումներ

Թուրքիայի միակ հայկական գյուղը կարող է վերացվել


Թուրքիայի հայկական Վաքըֆլի գյուղի եկեղեցին
Թուրքիայի հայկական Վաքըֆլի գյուղի եկեղեցին
Թուրքիայում գտնվող միակ հայկական գյուղի` Վաքըֆլիի կարգավիճակը սպառնալիքի տակ է: Օրենքի նոր նախագծով հայկական գյուղը դառնալու է նոր ձեւավորվող համայնքի թաղամասերից մեկը, չի ունենա առանձին գյուղի կարգավիճակ ու արդյունքում՝ Թուրքիայում մնացած վերջին հայկական բնակավայրը որպես այդպիսին այլեւս չի լինի:

Սիրիայի սահմանին մոտ գտնվող, 135 բնակիչներ ունեցող Վաքըֆլիի համայնքի ղեկավար Ջեն Չափարը Hurriyet Daily News-ին ասել է, թե գյուղի կարգավիճակի պահպանումը շատ կարեւոր է թե' գյուղի, թե' Թուրքիայի վարկանիշի համար:

«Մենք հույս ունենք` մեր իրավունքները կպաշտպանվեն», - ասել է նա թերթի հայազգի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուին: Գյուղապետը նշել է, որ օրենքի նոր նախագիծը ենթադրում է ձեւավորել մունիցիպալ նոր համայնք, որտեղ գյուղերը ընդգրկվելու են որպես շրջաններ: «Սա նշանակում է, որ Վաքըֆլին կկորցի իր կարգավիճակը, եւ այլեւս չենք լինի միակ հայկական գյուղը Թուրքիայում: Մենք այդ հարցը բարձրացրել ենք Հաթայի նահանգապետի, ինչպես նաեւ արդարադատության նախարար Սադուլահ Էրգինիի առջեւ», - ասել է Վաքըֆլիի գյուղապետը:

Պատմական հայկական Կիլիկիայի այս տարածքները, այժմյան Հաթայի նահանգը, Սիրիայից Թուրքիային են անցել 1939 թվականի հանրաքվերի արդյունքում:

Հայկական բնակավայրի գյուղապետը նշել է, որ այն ժամանակ օրենքով արգելվել է օտարերկրացիների մուտքը Վաքըֆլի, այլազգիները չէին կարող այնտեղ հաստատվել: «Մենք շատ ուրախ կլինեինք, եթե Վաքըֆլին այսօր եւս պաշտպանվեր նման օրենքով։ Հակառակ դեպքում գյուղը չի կարող երկար գոյատեւել: Այն կանհետանա, ինչպես Անատոլիայում անհետացան հայկական շատ գյուղեր ու շրջաններ», - ասել է Ջեն Չափարը:

Գյուղապետը ավելացրել է, որ գյուղի կարգավիճակի փոփոխությունը իրենց համար կունենա նաեւ տնտեսական բացասական հետեւանքներ: «Մենք կկորցնենք մեր պարտեզներն ու խաղողի այգիները», - նշել է նա:

Հաթայի նահանգապետի խոսնակը Hurriyet Daily News-ին ասել է, թե Վաքըֆլիում այլազգիների բնակության համար արգելքներ չկան, ով ցանկություն ունի` կարող է այնտեղ բնակվել, բայց նա նշել է, որ նման նախաձեռնություններ չկան:

«Վաքըֆլին կարեւոր գյուղ է, Վաքըֆլին հանդուրժողականության դրսեւորում է` չնայած Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բոլոր ճգնաժամերին», - ասել է Հաթայի նահանգապետի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG