Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը որոշել է Արզումանյանին ետ կանչել զբաղեցրած պաշտոններից


Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը որոշել է նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանին ետ կանչել զբաղեցրած պաշտոններից:

«Ժառանգություն»-ը արդեն դիմել է ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ երկու հանձնաժողովում, Միջազգային խորհրդարանական 3 կազմակերպություններում, բարեկամական մի շարք խմբերում Ալեքսանդր Արզումանյանին փոխելու խնդրանքով:

«Քանի որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարել է, որ Ալեքսանդր Արզումանյանը, ֆորմալ առումով մնալով խմբակցության կազմում, ներկայացնում է միայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, այդ իսկ պատճառով, բնականաբար, պետք է խմբակցությունը ունենա իր ներկայացուցիչները հանձնաժողովներում եւ պատվիրակությունների կազմում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

Արզումանյանը, մասնավորաբար, զբաղեցնում է ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, նաեւ՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

Ռուբեն Հակոբյանի փոխանցմամբ, նախկին արտգործնախարարի փոխարեն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ներկայացրել են Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականից հետո «Ժառանգության» կազմը համալրած Թեւան Պողոսյանի, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում՝ Զարուհի Փոստանջյանի թեկնածությունները:

«Ժառանգությունը» իր երեք հոգանոց կազմից Արզումանյանի փոխարեն նոր առաջադրումներ է ներկայացրել նաեւ միջխորհրդարանական կազմակերպություններում եւ բարեկամական խմբերում:

«Այն, ինչ արվում է այսօր խմբակցության կողմից, դա ստիպված քայլ է, որովհետեւ, եթե հայտարարվում է, որ [Արզումանյանը] չի ներկայացնում խմբակցությունը եւ պատասխանատվություն չի կրում խմբակցության գործունեության համար, դու այլ ելք չունես», - ասաց Ռուբեն Հակոբյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատելով ստեղծված իրավիճակը` Ալեքսանդր Արզումանյանն ասաց. - «Կնախընտրեի, որ դա արվեր ոչ թե թերթերի միջոցով եւ դիմումով Ազգային ժողովի նախագահին, այլ նախապես քննարկվեր խմբակցության ներսում, եւ փորձեինք լուծումներ գտնել: Պետք է հստակ պատկերացնենք, որ Ազգային ժողովի խմբակցությունը վաշտ չէ, որտեղ վաշտի հրամանատարը հանձնարարություններով եւ հրամաններով է առաջնորդվում: Դա հավասար պատգամավորների խմբակցություն է, որում հարցերը լուծվում են կոլեգիալ: Եվ եթե նման ցանկություն կար, կարելի էր քննարկել, կոմպրոմիս գտնել եւ այլն»:

Հովիկ Աբրահամյանը դեռեւս չի հաստատել «Ժառանգության» վերջին առաջարկները, սակայն ԱԺ-ի կանոնակարգ օրենքի համաձայն, գոնե Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից «Ժառանգություն»-ն Արզումանյանին չի կարող ետ կանչել առանց վերջինիս ցանկության։ Նա պետք է իր կամքով հրաժարականի դիմում գրի:

Հարցին, թե արդյոք կգնա այդ քայլին, նախկին արտգործնախարարը պատասխանեց. - «Հնարավոր է քննարկել: Ցանկացած հարց պետք է քննարկել: Ես դիվանագետ եմ, ես ցանկացած հարց ձգտում են լուծել կոմպրոմիսի, քննարկումների, լայնախոհության շրջանակներում եւ չեմ սիրում, երբ պարտադրվում են որոշումները»:

ԱԺ կանոնակարգ օրենքում, մասնավորապես, ասված է․ - «Մշտական հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե նա իր կամքով հրաժարականի դիմում է գրում կամ դադարում են նրա լիազորությունները, այսինքն նա այլեւս պատգամավոր չէ»:
XS
SM
MD
LG