Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյան. «Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից չունի»


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, արխիվ

«Իմ ցանկությունն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սատարի Սերժ Սարգսյանին», - Պրահայում հայտարարեց Ազգային ժողովի նախագահը։

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի համոզմամբ` այսօրվա քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանը չունի որեւէ լուրջ մրցակից, ով առաջիկա նախագահական ընտրություններում մրցապայքարի կմտնի գործող նախագահի հետ։

Այս մասին խորհրդարանի խոսնակն ասաց՝ պատասխանելով «Ազատություն» հարցին, թե արդյոք ուժի մե՞ջ է նախկին կոալիցիայի երեք ուժերի` անցած տարի ստորագրած հուշագիրը, ինչը ենթադրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

«Իմ ցանկությունն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նաեւ սատարի Սերժ Սարգսյանին, քանի որ մենք եղել ենք նաեւ կոալիցիոն գործընկեր նախկինում», - ասաց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը` շարունակելով. - «Մայիսի 6-ի պառլամենտական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ցանկություն չունեցավ, որպեսզի մեզ հետ կոալիցիա կազմի։ Մենք այսօր կոալիցիա ենք կազմել «Օրինաց երկիր» կուսակցության հետ, իսկ «Բարգավաճ»-ը այլընտրանք է։ Իմ ցանկությունն է, որ իրենք սատարեն Սերժ Սարգսյանին, միասին գնանք ընտրությունների, ունենանք նախագահ, որը ընտրվի մեծ տոկոսներով»։

«Իհարկե, ես չեմ էլ տեսնում որեւէ այլ լուրջ կոնկուրենտ այսօր Սերժ Սարգսյանին։ Դա իմ անձնական կարծիքն է. ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորեմ, ոչ մեկի այգին քար չեն գցում, բայց չեմ էլ տեսնում», - ասաց Աբրահամյանը։

Հովիկ Աբրահամյանի այս դիտարկմանն արձագանքել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆիի Հովհաննիսյանը, ով իր հայտարարությունում համոզմունք է հայտնել, թե իրապես ազատ եւ արդար ընտրության դեպքում իրականությունն այլ կլինի` «Հայաստանը կունենա ժողովրդին պատկանող մրցակիցներ եւ նոր նախագահ։

«Իհարկե` եթե իշխող կուսակցապետերն ու շտաբի պետերը նախորդների օրինակով առաջիկա ընտրությունները «վարեն» իրենց հակասահմանադրական մեղսագործություններով, ապա գործող անայլընտրանքը «լուրջ» մրցակից չի ունենա», - ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Մինչդեռ Ազգային ժողովի նախագահի կարծիքով` այլընտրանքային թեկնածուն հենց Սերժ Սարգսյանն է, քանի որ, ինչպես Հովիկ Աբրահամյանը ձեւակերպեց, նախագահը փորձելու է անել ամեն ինչ երկիրն առաջ տանելու համար եւ ունի այդ ցանկությունը, հնարավորությունը, գիտելիքն ու փորձը. - «Մենք էլ պետք է օգնենք, ամեն ինչ անենք, որ փետրվարյան ընտրություններից հետո… Որոշ մարդիկ պատկերացնում են, որ ընտրությունը ավարտվեց` ամեն ինչ ավարտվեց, ես, հակառակը, մտածում եմ, որ եթե մեծ տոկոսով Սերժ Սարգսյանը հաղթի, ապա ինքը մեծ պարտավորություն ունի ժողովրդի նկատմամբ, պետության նկատմամբ։ Ամեն ինչ պետք է անի, որ մեր արտագաղթը կոնկրետ դադարի երկրից, ամեն ինչ պետք է անի, որ մեր հայրենակիցները, ովքեր որ գնացել են աշխատանք որոնելու, վերադառնան, երկրում փորձեն բարգավաճել, զարգանալ, իրենց բիզնեսը ձեւավորել։ Այդ խնդիրները, ես տեսնում եմ, որ կարող է այսօր լուծել միայն Սերժ Սարգսյանը»։

Ազգային ժողովի նախագահն ասաց, թե առայժմ չգիտի՝ ի՞նքն է ղեկավարելու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը, թե՞` ոչ. Հանրապետական կուսակցությունում հարցը դեռ չեն քննարկել։

Հովիկ Աբրահամյանը այս օրերին պաշտոնական այցով Չեխիայում է, երեքշաբթի օրը Պրահայում Հայաստանի դեսպանատանը նա հանդիպեց Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի մեկ այլ հարցի եւս՝ արդյոք նախօրեին դատախազության հասցեին նախագահի հնչեցրած կոշտ քննադատությանը կարո՞ղ են նաեւ պաշտոնանկություններ հաջորդել։

«Ինչու չեմ կարծում` միշտ էլ լինելու են հրաժարականներ, եւ ես ասեմ, որ ինքը շատ լուրջ է դրել այդ հարցերը` բոլոր ոլորտներով», - ասաց Ազգային ժողովի նախագահը` հավելելով. - «Նաեւ մարդկանց դժգոհությունը արդարացի է, մարդիկ դժգոհում են, ոլորտները, օրինակ` առողջապահության ոլորտ, շինարարության ոլորտ... Ո՞նց կարելի է, օրինակ, եթե մի շենքը 700 միլիոն դրամ` մոտ 2 միլիոն դոլար դնում են վերանորոգելու համար, չստուգեն` այդ շենքի հիմքերը կայո՞ւն է, որպեսզի վերանորոգեն շենքը, եւ այլն»։

«Նման մարդկանց պետք է դատապարտեն իրոք։ Այն մարդիկ, ովքեր որ կոռուպցիայի մեջ են, պիտի գնան մեր շարքերից, եւ դա շատ ճիշտ է, տեղին է, եւ ես համոզված եմ, որ հետամուտ է լինելու նախագահը, որպեսզի այդ գործընթացները միշտ շարունակական լինեն։ Իրոք ամոթ է։ Թող գնան մարդիկ աշխատեն ապրեն, բայց գողանալը բյուջեից փողերը, իմ կարծիքով, դա անարդար է», - հայտարարեց Հովիկ Աբրահամյանը։

Չեխիայի հայերը խորհրդարանի ղեկավարից հետաքրքրվում էին՝ ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները արտագաղթը կանխելու համար։ Հովիկ Աբրահամյանն ասաց` կիսում է այդ մտահոգությունը, չի էլ կարող հեռացողներին մեղադրել, եթե գնում են ուրեմն աշխատանք չունեն, չեն կարողանում ընտանիքը պահել:

«Եվ իրոք մեզ համար դժբախտություն է, որ մեր քաղաքացին, ելնելով անարդարությունից, աշխատանք չունենալուց, լքում է մեր երկիրը: Դա վատ բան է: Կհիշեք` 2006, 2007 թվականներին ինչքան հայեր վերադարձան Հայաստան: Համոզված եմ, որ առաջիկա 1-2 տարիներին ամեն ինչ անելու ենք, որ այդ գործընթացը լինի, մարդիկ գան Հայաստան: Եթե նկատել եք, նախագահը հիմա կառավարության առաջ շատ խիստ դրել է նաեւ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարը: Փորձելու ենք այդ խնդիրներին լուծում տալ, բայց դրա համար ժամանակ է պետք, նաեւ քաղաքական կամք է պետք», - ասաց Աբրահամյանը:

Համայնքից դժգոհություն հնչեց, թե արտասահմանում որակյալ կրթություն են ստանում, սակայն գալով Հայաստան` չեն կարողանում լավ աշխատանք գտնել։ Հովիկ Աբրահամյանը հարցին իր օրինակով պատասխանեց. - «Ես ոչ քեռի եմ ունեցել, ոչ հոպար, ոչ մորաքույր, որ պաշտոն է ունեցել… ես ինքս իմ ուժերով եկել եմ, հասել եմ, այսօր ես Հայաստանի Հանրապետության երկրորդ մարդն եմ: 90 թվականից սկսել եմ աշխատել` բանվոր եմ աշխատել, մեքենավար, գործարանի դիրեկտոր եմ եղել, հետո պատգամավոր եմ ընտրվել, հետո դարձել եմ քաղսովետի գործկոմի նախագահ, հետո քաղաքապետ, հետո մարզպետ: Ուզում եմ ասել` այդ ամեն ինչ տեսել եմ, բայց մեր երիտասարդները միանգամից ուզում են նախարար աշխատել: Գիտելիքները բավական չեն, նաեւ փորձ է պետք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG