Մատչելիության հղումներ

Խաչիկյանն իր կալանավորման մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում


Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյան
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյան

Խոսքը կազմակերպված խմբով պետական բյուջեից 240 միլիոն 680 հազար 984 դրամ հափշտակելու եւ յուրացնելու մասին է:

Կենսաթոշակային ոլորտում հայտնաբերված խոշոր չարաշահումների ու յուրացումների գործով նախնական կալանքի տակ գտնվող Վազգեն Խաչիկյանը իրեն մեղավոր չի ճանաչում, միաժամանակ, իր կալանավորման մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետի փաստաբան Ժորա Վարոսյանը:

Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանը ձերբակալված է այս տարվա սեպտեմբերի 28-ից, մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի, խարդախության եւ խոշոր չափերով յուրացումների մեջ: Հիշեցնենք, խոսքը կազմակերպված խմբով պետական բյուջեից 240 միլիոն 680 հազար 984 դրամ (ավելի քան 600 հազար դոլար) հափշտակելու եւ յուրացնելու մասին է:

Ժորա Վարոսյանը փոխանցեց, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետը նախաքննական մարմնին ցուցմունք չի տվել. - «Երբ Խաչիկյանին առաջարկել են, ինքն իր դատավարական իրավունքից օգտվելով հրաժարվել է ցուցմունք տալ: Դրանից հետո, երբ պատեհ առիթը կլինի, երբ պաշտպանական կողմն իր մարտավարությունը կկազմակերպի այնպես, որ արդեն անհրաժեշտ է ցուցմունք տալ որոշակի հանգամանքների շուրջ, այն ժամանակ հնարավոր է ցուցմունք տանք, հնարավոր է եւ` չտանք»:

Իսկ հարցին, թե այս պահին ո՞րն է Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետի ցուցմունք չտալու նպատակը, եւ որքա՞ն է նա մտադիր լռել, փաստաբանը արձագանքեց. - «Խաչիկյանն ինքն իրավաբան է, բարձրագույն կրթությունն իրավաբանական է, եւ դա իր նախընտրած դիրքորոշումն է»:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Խաչիկյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում: Կենսաթոշակային ոլորտում խոշոր չարաշահումների եւ յուրացումների գործով Վազգեն Խաչիկյանից բացի մեղադրվում են եւս չորս տասնյակ անձինք: Նրանցից տասը` այդ թվում նաեւ Սոցիալական ապահովության պետական ծառայության վճարային ծառայության նախկին պետն ու կենսաթոշակային վարչության պետը, ազատազրկված են, 18-ը չհեռանալու մասին ստորագրությամբ ազատության մեջ են: Երեք քրեական գործ 12 մեղադրյալների վերաբերյալ ուղարկվել է դատարան, եւ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Ըստ պաշտոնական տեղեկությունների` այս հանցագործությամբ պետությանը, ընդհանուր առմամբ, պատճառվել է 327 միլիոն 441 հազար 206 դրամի վնաս:

«Եթե Վազգեն խաչիկյանն անհիմն է համարում իրեն առաջադրված մեղադրանքը, ապա ինչո՞վ է բացատրում իր դեմ քրեական հետապնդումը», - այս հարցին փաստաբանը պատասխանեց. - «Նախաքննությունն ընթանում է, որպեսզի տեսնեն` այդ հիմնավոր կասկածը հիմնավորվում է, թե՝ ոչ: Հիմա մենք այդ կասկածի փուլում ենք, դեռ ապագան ցույց կտա, Խաչիկյա՞նն է ճիշտ , թե՞ նախաքննական մարմինը»:

Հանրապետական Վազգեն Խաչիկյանի պաշտոնավարման շրջանում կենսաթոշակային ոլորտում յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ քրեական գործ, հիշեցնենք, հարուցված էր դեռ անցյալ տարվա մայիսից: Նախաքննությունը շարունակվում է արդեն շուրջ մեկուկես տարի: Բայց Խաչիկյանը ձերբակալվեց մեկ ամիս առաջ` կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած հայտնի խորհրդակցությունից հետո:

Խաչիկյանի ձերբակալությանը հաջորդեցին նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացն ու ԲՀԿ-ական նախկին մի քանի նախարարների ղեկավարած գերատեսչություններում աղմկահարույց չարաշահումների փաստերի հրապարակումը:

Ժորա Վարոսյանը հերքեց լայնորեն շրջանառվող այն մեկնաբանությունները, որ յուրային Խաչիկյանին ձերբակալելով գուցե Հանրապետականը նպատակ ուներ հող նախապատրաստել նախագահական ընտրությունների շեմին «Բարգավաճ Հայաստան»-ի վրա ճնշում բանեցնելու համար:

Փաստաբանը հայտարարեց, որ Խաչիկյանը իր ձերբակալության մեջ ո՛չ քաղաքական ենթատեքստ է տեսնում, ո՛չ էլ որեւէ կապ այս իրադարձությունների . - «Մենք նման բաների հետ չենք կապում, որեւէ կապ չունի դրա հետ, ոչ մի կապ: Ոչ էլ քաղաքական ենթատեքստ է տեսնում` այստեղ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա »:

Ի դեպ, ի սկզբանե Վազգեն Խաչիկյանի շահերը ներկայացնում էր փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ով նաեւ Վարդան Օսկանյանի փաստաբանն է: Սակայն վերջերս նա հրաժարվել է Խաչիկյանի պաշտպանությունից: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` Աթանեսյանը հիմնավորեց , որ հրաժարվելու որոշումը կապված է եղել բացառապես իր ծանրաբեռնվածության հետ, եւ որեւէ այլ դրդապատճառ այստեղ պետք չէ փնտրել:
XS
SM
MD
LG