Մատչելիության հղումներ

«Փուչիկների գործով» միակ մեղադրյալը մեկ տարվա ազատազրկման դատապարտվեց


Սերոբ Բոզոյանը դատարանի դահլիճում, 14-ը սեպտեմբերի, 2012
Սերոբ Բոզոյանը դատարանի դահլիճում, 14-ը սեպտեմբերի, 2012
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը չորեքշաբթի օրը մեկ տարվա ազատազրկման դատապարտեց «փուչիկների գործով» միակ ամբաստանյալ, փուչիկները մեթան գազով լիցքավորած Սերոբ Բոզոյանին:

Դատավոր Գագիկ Պողոսյանը իր կայացրած վճռով փաստորեն բավարարեց նախորդ նիստում դատախազ Հակոբ Մարտիրոսյանի պահանջը:

Այս տարվա մայիսի 4-ին իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ գազով լիցքավորված հարյուրավոր փուչիկների բռնկման հետեւանքով տարբեր աստիճանի այրվածքներով մայրաքաղաքի հիվանդանոցներ տեղափոխվեց 154 մարդ՝ հիմնականում երիտասարդներ: Ոստիկանությունը հուլիսին այս գործում որպես միակ մեղադրյալ ներգրավեց Երեւանի բնակիչ, 54-ամյա Սերոբ Բոզոյանին:

Բոզոյանի դատապաշտպան Կարեն Մանուչարյանը միջնորդություն էր ներկայացրել այն մասին, որ իր պաշտպանյալը հիվանդ է քաղցկեղով եւ պահանջել էր պատիժը պայմանականորեն չկիրառել: Ըստ դատապաշտպանի՝ այլ մեղմացուցիչ հանգամանքներ եւս կան:

«Պաշտպանյալս նախօրոք տեղեկացրել էր, որ վտանգ կարող է լինել, բացատրել էր՝ ինչպես պետք է օգտագործել, փուչիկները պետք է ավելի բարձր տեղակայված լինեին, ասել էր, որ հատկացված գումարով, ընդամենը 770 հազար դրամ՝ 7000 փուչիկի համար, կարելի է լիցքավորել միայն մեթան գազով: Գումարը չէր բավականացնի, որ փուչիկները լիցքավորվեին հելիում գազով, որովհետեւ այդ գազը շատ ավելի թանկ է», - ասաց պաշտպանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ Բոզոյանը չի նշե՞լ, թե ով է իրեն պատվիրել այդ գործը, Մանուչարյանն ասաց, որ իր պաշտպանյալը ոչ մեկի անունը չի նշում:

Դատախազ Հակոբ Մարտիրոսյանը՝ վրդովվելով, թե ինչո՞ւ են լրագրողները հետաքրքրվում, որ պատվիրատուի նկատմամբ եւս քրեական գործ չի հարուցվում, եւ ինչո՞ւ միջոցառման կազմակերպիչները պատասխանատվության չեն ենթարկվում, պատասխանեց, թե պատվիրատուն չի կարող հանցագործության սուբյեկտ լինել:

«Պատվիրատուն ցանկացած պարագայում չի կարող հանցագործության սուբյեկտ լինել: Քրեական օրենսգիրքը նախատեսում է այս հանցակազմի համար հատուկ սուբյեկտ կամ գործատու, որը կարող է լինել ֆիզիկական անձը, տվյալ դեպքում՝ Բոզոյանը», - ասաց դատախազը:

Բոզոյանը մինչ այս դեպքն էլ զբաղվել է փուչիկների լիցքավորմամբ, սակայն այսպիսի մեծ պատվեր առաջին անգամ է իրականացրել: Նա իրեն մեղավոր է ճանաչել՝ դատարանում հայտարարելով, որ մեծ ցավ է ապրում կատարվածի համար եւ պատրաստ է կրել դատարանի նշանակած յուրաքանչյուր պատիժ: Այսօր Բոզոյանը խուսափեց զրուցել լրագրողների հետ: Դատապաշտպանն էլ ասաց, թե մինչեւ վերջին րոպեն նա հրաժարվել է հրապարակել, որ քաղցկեղ ունի:

Դատական նիստին ներկա էին նաեւ տուժողները: Վեներա անունով մի աղջիկ, ում ձեռքերն ու դեմք էր այրվել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե կարծում է, որ դատավարությունն ընդհանուր առմամբ արդար է ընթանում, թեպետ չէր ուզի, որ Բոզոյանը ազատազրկվեր:

«Կարծում եմ, պայմանական ազատ արձակելը ավելի ճիշտ կլիներ, կարծում եմ, միայն այս մարդը չպիտի պատասխան տա, կազմակերպիչները՝ նույնպես», - ասաց տուժողը:

Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի նախագահ Կարեն Ավագյանը, ով մայիսի 4-ին ապահովել էր երիտասարդների ներկայությունը հանրահավաք-համերգին, այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե նորից իր հասցեին քննադատություն է լսել «փուչիկների գործով» մեղադրվող Բոզոյանի դատավճռի մասին լուրը հրապարակվելուց հետո: Նա գրում է, թե ընդհանրապես կապ չի ունեցել այդ միջոցառման կազմակերպչական աշխատանքների եւ փուչիկները պատվիրելու հետ:

«Ցավում եմ, որ այս ամիսների ընթացքում մարդիկ բացի էժանագին դիվիդենտներ շահելուց եւ իրենց նենգ երեսը ցույց տալուց, ըստ էության, ոչնչով չէին հետաքրքրվում։ Խնդրում ու պահանջում եմ՝ դժբախտ պատահարները մեր իրականության մեջ չդարձնել ինչ-ինչ դիվիդենտներ հավաքելու, միավորներ կուտակելու միջոց», - ասել է Ավագյանը։

Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք Սերոբ Բոզոյանը կբողոքարկի իր մեկ տարվա ազատազրկման վճիռը:

please wait

No media source currently available

0:00 0:05:05 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG