Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հանդես է գալիս մարտի 1-ի սպանություններն ուսումնասիրող նոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանդես է գալիս 2008-ի մարտիմեկյան սպանությունների հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Այդ մասին այսօր հայտարարեց Կոնգրեսի խմբակցության պատգամավոր, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը:

ԱԺ-ի համապատասխան որոշման նախագիծը, որը առաջիկա օրերին խորհրդարանում կդրվի շրջանառության մեջ, նախատեսում է առաջարկվող ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրության առարկան դարձնել ինչպես մարտի 1-ի 10 սպանությունների, հարյուրավոր անձանց հրազենային եւ այլ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքները, այնպես էլ այդ դեպքերին պաշտոնատար անձանց ու պետական կառույցների ունեցած առնչությունը: Հանձնաժողովի առջեւ նաեւ խնդիր է դրվում ուսումնասիրել այդ դեպքերով Ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ Գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների օրինականությունը: Դրա համար առաջարկվում է հանձնաժողովին վերապահել պետական, քննչական մարմիններին ու գլխավոր դատախազությանը հարցումներով դիմելու լիազորություններով, եւ այս կառույցներն էլ պետք է պարտավորված լինեն հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը: Հանձնաժողովը, որի կազմում պետք է լինեն բոլոր խմբակցություններից մեկական պատգամավոր, նաեւ պետական պաշտոնյաներին հարցաքննելու լիազորություններ պետք է ունենա: Ուսումնասիրությունների արդյունքները հանձնաժողովը համապատասխան եզրակացությամբ պետք է ներկայացնի խորհրդարանին:

Գագիկ Ջհանգիրյանը հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը բացատրեց նրանով, որ նախաքննական մարմինը ամեն ինչ արել է ոչ թե սպանությունների եւ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը բացահայտելու, այլ դրանք թաքցնելու համար` անկախ միջազգային կառույցների հորդորներին ու ԵԽԽՎ բանաձեւերի պահանջներին: Այնինչ, ըստ Ջհանգիրյանի, տասը սպանություններից առնվազն երեքը, որ հատուկ միջոցների ոչ իրավաչափ օգտագործման արդյունք են, օգտագործողներն էլ հայտնի են, կարելի է մի քանի օրում բացահայտել:

Հարցին, թե այս իրավիճակում ի՞նչ կարող է անել խորհրդարանական հանձնաժողովը, Ջհանգիրյանը պատասխանեց. - «Քանի որ մենք [ՀԱԿ-ը եւ այլ ընդդիմադիր ուժեր] այսօր գործադիր իշխանությունում ներկայացված չենք, չունենք այդպիսի օպերատիվ հետախուզական, նախաքննական լիազորություններով օժտված եւ դատախազական վերահսկողություն իրականացնող մարմիններ, հետեւաբար պետք է օգտագործենք այն լծակները, ինչը ունենք: Իսկ մենք ունենք ԱԺ-ի խմբակցություն, նաեւ ընդդիմադիր այլ խմբակցություններ, որոնց սահմանադրական եւ կանոնակարգային լիազորությունները օգտագործելու լավագույն հնարավորությունը տվյալ դեպքում ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումն է»:

Հիշեցնենք, որ խորհրդարանում արդեն իսկ գործել է Մարտի 1-ի հանձնաժողով, որը հենց ընդդիմության պնդմամբ, իրեն չի արդարացրել: Հարցին, թե ո՞րն է լինելու այս հանձնաժողովի տարբերությունը, Ջհանգիրյանը պատասխանեց, որ նոր հանձնաժողովի առջեւ դրվելիք խնդիրները միանգամայն այլ են եւ շատ ավելի կոնկրետ:

«Դրանք բովանդակային առումով լրիվ տարբեր հանձնաժողովներ են եւ տարբեր հարցերի շուրջ պետք է ուսումնասիրություններ կատարեն», - ասաց նա:

Լրագրողներից մեկի հարցին, թե ՀԱԿ-ը այլ խմբակցությունների հետ արդյոք ո՞ւնի պայմանավորվածություն, որպեսզի կարողանա խորհրդարանական մեծամասնությանը պարտադրել ընդունել այս նախագիծը, Ջհանգիրյանը պատասխանեց, որ դեռ որեւէ պայմանավորվածություն չկա: Նա միաժամանակ համոզմունք հայտնեց, որ «շատ դժվար կլինի այսպիսի հանձնաժողովի ստեղծման գաղափարը մերժել»: Պատգամավորը հիշեցրեց, որ մինչ օրս որեւէ քաղաքական ուժ որեւէ ատյանում չի հայտարարել մարտի 1-ի բացահայտմանը դեմ լինելու մասին:

«Որեւէ քաղաքական ուժ, այդ թվում նաեւ մեծամասնությունը ներկայացնող քաղաքական ուժը չի ասում, որ շահագրգռված չէ այդ հանցագործությունները բացահայտելու հարցում: Մենք նախնական որեւէ բանակցություն չենք վարել, բայց առաջիկա օրերին նախագիծը պաշտոնապես շրջանառության մեջ դնելուն զուգահեռ բանակցություններ կվարենք: Եթե նախաձեռնությանը միացողներ քիչ լինեն, կամ բացարձակ չլինեն, ինչին ես չեմ հավատում, ապա դա եւս գնահատական է մեր քաղաքական ուժերի: Սա նաեւ յուրահատուկ թեստ է, որով կպարզվի, թե ովքեր են ուզում, որ Մարտի 1-ը բացահայտվի», - ասաց Ջհանգիրյանը:

Խորհրդարանական մյուս խմբակցությունները փոխանցեցին, որ իրենց դիրքորոշումը կհայտնեն շրջանառության մեջ դրվող նախագծին ծանոթանալուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG