Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջարկում է սիրիահայերին ազատել որոշ տուրքերից


Այսօրվա նիստում գործադիրն առաջարկեց լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում` նպատակ ունենալով Հայաստանում գտնվող սիրիահայերին ազատել որոշ տուրքերից:

«Առաջարկվում է զիջել այն տուրքը, որը մեր հայրենակիցները պետք է մուծեն վիզա երկարացնելու կամ կացության կարգավիճակ ձեռք բերելու համար», - պարզաբանեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` հավելելով. - «Եվ որպեսզի միայն սիրիահայերի համար չլինի ձեւակերպումը, մենք առաջարկում ենք, որ [լրացումը վերաբերի] ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց ապրած երկրում առաջացել է իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգ»:

Նման լրացումը, ըստ նախարարի, անհրաժեշտ է, քանի որ արդեն լրացել է Սիրիայից Հայաստան ժամանած մեր հայրենակիցներից շատերի մուտքի վիզայի ժամկետը:

«Այսօր, որպեսզի վիզաները երկարաձգվեն, յուրաքանչյուր օրվա համար նախատեսված է պետական տուրք վճարել 500 դրամ, իսկ կացության կարգավիճակ ձեռք բերելու համար` 105-140 հազար դրամ», - տեղեկացրեց Հակոբյանը:

Նախարարը նաեւ ասաց, որ երկրի նախագահի հանձնարարությամբ այս հարցը քննարկվել է նաեւ վարչապետի անցկացրած խորհրդակցության ժամանակ:

«Եթե արտակարգ իրավիճակներ են ստեղծվում, եւ մեր հայրենակիցները մեղավոր չեն, որ չեն կարողանում ֆորմալ պրոցեդուրաները պահպանել, մենք փաստորեն նրանց ազատում ենք տույժերից, տուգանքներից եւ ստեղծում ենք ավելի հարմարավետ պայմաններ, որպեսզի նրանք իրենց խնդիրները կարողանան լուծել` մնալով հայրենիքում», - այսօր ասաց Տիգրան Սարգսյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, երեկվա դրությամբ, փախստականի կարգավիճակ ստանալու համար Սիրիայից ժամանածներից ծառայության դիմել է 51 ընտանիք` 103 մարդ:

please wait

No media source currently available

0:00 0:01:40 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG