Մատչելիության հղումներ

Հալեպ-Երեւան տոմսերը մինչեւ սեպտեմբեր սպառված են


Երեւանի եւ Հալեպի միջեւ ավիաչվերթ իրականացնող միակ՝ «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունը մինչեւ սեպտեմբեր արդեն իսկ վաճառել է բոլոր տոմսերը։ Այսինքն՝ սիրիահայերը Հալեպից ուղիղ չվերթով Երեւան հասնելու հնարավորություն այլեւս չունեն։

«Սիրիական ավիաուղիների» հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ավիատոմսերի նմանօրինակ մեծ պահանջարկը բացատրում է նաեւ Սիրիայում ստեղծված իրավիճակով։

«Այս սեզոնին՝ հուլիսին, շարժը այսպես լինում է, բայց հիմա, կապված այդ իրադարձությունների հետ, ավելի խորացված է, շատ հայեր վերադառնում են», - նշեց «Սիրիական ավիաուղիների» ներկայացուցիչը։

Նշենք, որ ազգային փոխադրող համարվող «Արմավիա» ընկերությունը մարտի 25-ից դադարեցրել էր Երեւան - Հալեպ - Երեւան չվերթը, սակայն, ինչպես ավիաընկերության խոսնակ Նանա Ավետիսովան բացատրեց, իրենք հաշվի են առել Սիրիայում ստեղծված բարդ իրավիճակը եւ հուլիսի 2-ից ընկերությունը կվերականգնի չվերթը։ Ուշագրավ է, որ այդ չվերթը վերականգնելու խնդրանքով «Արմավիային» դիմել է անձամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Մինչ «Արմավիան» կվերականգնի իր չվերթը, սիրիահայերից շատերն ամեն կերպ փորձում են հասնել հայրենիք, թեեւ «Սիրիական ավիաուղիների» հայաստանյան ներկայացուցչության մենեջերի փոխանցմամբ, այլ ճանապարհներով՝ ասենք Դամասկոսից Դուբայով չվերթները բավական թանկ են։

Ինչ վերաբերում է ցամաքային ճանապարհին, ապա դրանք այլեւս վտանգավոր են, սակայն փախստականի կարգավիճակ ունեցող Միքայելի եւ Անիի բազմազավակ ընտանիքը ամիսներ առաջ Հալեպից Երեւան հասավ հենց ավտոբուսով։

38-ամյա Անին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ուղեւորությունը տեւել է 36 ժամ` Թուրքիայի եւ Վրաստանի տարածքներով:

Աննի խոսքով` Հալեպում մնացած իրենց ազգականները պատմում են, որ քաղաքում հնչում են պայթյուններ, մարդկանց առեւանգում են եւ փրկագին են պահանջում:

Փախստականի կարգավիճակ ստացած այս ընտանիքը այժմ բնակվում է Նոր Նորքի հանրակացարաններից մեկում: Ընտանիքի հայրը` 41-ամյա Միքայելը ոսկերիչ է, այժմ վերապատրաստվում է: Ընտանիքին օգնում են ազգականները, Կարմիր խաչը, «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը:

Հայաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ «ուշադրությամբ եւ մտահոգությամբ» հետեւում են Սիրիայում ստեղծված իրավիճակին:

Օրերս, հիշեցնենք, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կոչ էր արել «անհապաղ քայլեր ձեռնարկել» Սիրիայի հայկական համայնքին աջակցելու համար:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսօր նշեց, թե Հայաստանի իշխանություններն ուշի-ուշով հետեւում են Սիրիայում ծավալվող իրադարձություններին:

Դիտարկմանը, թե Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե «սիրիրահայ համայնքը իր թիկունքում չի զգում հայկական պետության զորակցությունը», Շարմազանովը հակադարձեց. - «Չեմ կարծում, որ նախկին արտգործնախարարը այն պերսոնան է, որը պետք է խոսի սիրիական համայնքի անունից: Կարծում եմ, դա կոռեկտ չէ: Սա այն հարցն է, որը կոչերով կամ հրապարակային հայտարարություններով չի արվում: Սա հարց է, որտեղ պետք է ծանրակշիռ, զուսպ, սառը դատողությամբ աշխատանք»:

«Կարեւորը այն է, որ ուշադրության կենտրոնում է, կարեւորը այն է, որ բոլոր սցենարները հաշվարկվում են: Պետությունը մտածում է իր ռեսուրսները օգտագործել, որպեսզի մեր սիրիահայ քույրերին եւ եղբայրներին հնարավորինս օգտակար լինել», - եզրափակեց Ազգային ժողովի փոխնախագահը:

please wait

No media source currently available

0:00 0:07:11 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG