Մատչելիության հղումներ

2011-ը «դժվարին տարի»` ԶԼՄ-ների համար


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) երեքշաբթի օրը հրապարակեց իր 2011 թվականի զեկույցը, որով տարին հայաստանյան լրատվամիջոցների համար գնահատվում է դժվարին` արձանագրելով, որ մամուլը գործել է բավականին ծանր պայմաններում:

Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով, երբեք ոչ մի տարի զեկույցն այսքան ծավալուն չէր եղել, իսկ դրա պատճառը արձանագրված դեպքերի քանակն է: 2011-ն, ըստ զեկույցի, աննախադեպ է լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ կիրառված ճնշումների թվով` շուրջ 5 տասնյակ, որից 34-ը թերթերի դեմ հարուցված դատական գործերն են:

«Այս տարին աննախադեպ եղավ դատական հայցերի քանակով ընդդեմ լրատվամիջոցների: Այդ դատական հայցերի մեծ մասը ուղղված էր լրատվամիջոցներին ճնշելու, եւ հայցերի այդ առատ հոսքը հանգեցրեց ինքնագրաքննության սաստկացմանը եւ պարունակում էր նաեւ թաքնված գրաքննության տարրեր», - հայտարարեց Մելիքյանը:

Հատկանշական է, որ եթե 2011-ին ճնշումների թիվը 49-ն է, ապա 2010-ին այս ցուցանիշը եղել է կրկնակի պակաս` 19: Նախորդ տարվա համեմատությամբ նվազել են լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը, 2011-ին 5 միջադեպ է գրանցվել: Աշոտ Մելիքյանի կարծիքով, մեկը մյուսին հաջորդող դատական հայցերը շատերի համար օրինակ ծառայեցին` լրատվամիջոցների դեմ հաշվեհարդար տեսնելու այս ճանապարհը ընտրել:

«Այստեղ երեւի թե «գլուխգործոցը» փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցն էր ընդդեմ «Հրապարակ»-ի, որտեղ ռեկորդային թիվ էր պահանջում` 18 միլիոն դրամ: Միանգամից երեւում էր, որ Արթուր Գրիգորյանը որոշել է «Հրապարակ» թերթը փակել», - ասաց Մելիքյանը:

Զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականցնելուց հետո լրատվամիջոցների դեմ հարուցված դատական գործերի թիվը հասնում է 40-ի: Հարցին, թե անցած ամիսների փորձը ի՞նչ է ցույց տալիս, արդյո՞ք Սահմանադրական դատարանի առաջարկած ուղենիշները կյանքի կոչվեցին դատարաններում, թե այդպես էլ մնացին թղթի վրա, Աշոտ Մելիքյանը արձագանքեց, որ այդ ուղենիշները կարող են իրենց դերը ունենալ իրավիճակի բարելավման գործում եւ արդեն, թեեւ ոչ էական, բայց շարժ նկատելի է:

«Որոշումից հետո շատ հայցվորներ դատարաններից հետ վերցրեցին իրենց հայցերը, որպեսզի փոխեն հայցի պահանջը եւ այլ ձեւակերպումները: Այդ առումով նվազել են փաստաբանական հոնորարի վերին շեմը, փոխհատուցման պահանջները նույնպես ինչ-որ չափով պակասեցրել են: Դա իսկապես որոշ առումով ուղեցույց դարձավ, բայց որ ասենք լիովին իրավիճակը շտկվեց, դժվար է պնդել», - ասաց նա:

2011 դատական գործընթացների կենտրոնում հայտնված «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը, մինչդեռ, կարծում է, որ Սահմանադրական դատարանի որոշումը չի կարգավորել դաշտը: Խմբագրի խոսքով, օրենքի փոփոխության անհրաժեշտությունը աչք է ծակում:

«Եվ իրավաբանները, դատավորները եւ լրագրողները արձանագրում են, որ օրենքը թերի է եւ խիստ կարիք ունի բարեփոխման, եւ եթե օրենքը չբարեփոխվի, հայտնի չէ, թե այս դրական սաղմերը, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծվեցին, երկար կտեւեն, թե` ոչ: Առջեւում ընտրական տարի է, իսկ ընտրական տարիներին սովորաբար շատ սրվում է մամուլի նկատմամբ վերաբերմունքը», - ասաց Օհանյանը:

Մինչ հայաստանյան կազմակերպությունը ծանր տարի է արձանագրում լրատվամիջոցների համար, հիշեցնենք, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը անցած շաբաթ հրապարակած ամենամյա զեկույցում փաստեց, որ Հայաստանը առաջընթաց ունի մամուլի ազատության ոլորտում: Ըստ զեկույցի, 2010-ի համեմատ թռիչքը զգալի է` Հայաստանի դիրքերը բարելավվել է 24 հորիզոնականով `101-րդ տեղից հասնելով 77-րդին: Աշոտ Մելիքյանը տարակուսանք հայտնեց այս ցուցանիշի հետ կապված` հիշեցնելով, մեկ այլ` Human Rights Watch կազմակերպության զեկույցը, որը գրել էր, թե Հայաստանի միջազգային գործընկերներից մի քանիսը անհարկի սահմանափակել են իշխանությունների հասցեին իրենց քննադատությունը:

«Ես նաեւ ոչ կառավարական միջազգային կազմակերպությունների մասին կասեի: Դեռ անցած տարի, երբ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը 10 նիշով բարձրացրեց Հայաստանի տեղը, ես մեծ տարակուսանքով ընկալեցի դա: Այս տարի ես պետք է իմ անհամաձայնությունը հայտնեմ այդ գնահատականին», - ասաց Մելիքյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG