Մատչելիության հղումներ

Էշթոնը իրական առաջընթաց է արձանագրում Հայաստան - ԵՄ հարաբերություններում


Քեթրին Էշթոնը Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ, 17-ը նոյեմբերի, 2011թ.
Քեթրին Էշթոնը Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ, 17-ը նոյեմբերի, 2011թ.
Բաքու - Թբիլիսի - Երեւան. Հարավային Կովկաս կատարած տարածաշրջանային այցը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ավարտում է հինգշաբթի օրը Երեւանում:

Եվրոպացի պաշտոնյան հանդիպել է երկրի նախագահի, վարչապետի հետ, առավոտյան էլ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Էշթոնը խոսեց Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների մասին։

«Մեր հարաբերությունները հիմնված են այն արժեքների վրա, որոնք մենք կիսում ենք` այս երկրի մարդկանց աջակցության, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի ուժի հիման վրա», - նշեց Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն:

Նախագահ Սերժ Սարգսյանը Կեթրին Էշթոնի հետ հանդիպմանը ասել է, որ Հայաստանի ապագան տեսնում է «եվրոպական չափանիշներով կառուցված բարեկեցիկ երկրում»:

Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, թե վերջին շրջանում Հայաստանի հարաբերությունները Եվրամիության հետ մտել են զարգացման նոր փուլ, դրա արդյունքում էլ «մենք նոր թափ ենք հաղորդել մեր կողմից իրականացվող բարեփոխումներին»:

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը ավարտվող տարածաշրջանային այցի կապակցությամբ ասաց. - «Մենք պետք է առաջ նայենք, որպեսզի այս տարածաշրջանը տնտեսական եւ քաղաքական զարգացում ապրի` զարգացնելով հարաբերությունները Եվրամիության հետ: Ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ արդեն տարվում են բանակցություններ, եւ ես կարծում եմ` առաջիկա երեք ամսում բանակցությունները նոր փուլ կմտնեն»:

Հարցին, թե որքա՞ն հավանական է ճգնաժամի երկրորդ ալիքի հետեւանքով գործընկեր-պետություններին, մասնավորապես` Հայաստանին Եվրամիության ֆինանսական աջակցության կրճատումը, Քեթրին Էշթոնը արձագանքեց, որ իրենք ցանկանում են ամրապնդել, ոչ թե թուլացնել Հայաստանի հետ հարաբերությունները:

«Մեր հարաբերությունները չեն չափվում միայն դրամով: Դրանք նախատեսում են նաեւ յուրատեսակ համագործակցություն եւ ճանապարհ, որ կարող ենք միասին անցնել: Օրինակ` ազատ առեւտրի համաձայնագիրը կընձեռի բոլոր այն հնարավորությունները, որոնք մենք առաջարկում ենք բիզնեսի ոլորտին` համագործակցել, զարգացնել փոքր բիզնեսը, արտահանումը եւ այլն», - ասաց նա։

Արտոնագրային ռեժիմի շուրջ բանակցությունների հետ կապված Էշթոնը հավաստիացրեց, որ գործընթացը չի հետաձգվել, սակայն, ինչպեսեւ մյուս եվրոպացի պաշտոնյաները, կոնկրետ ժամկետներ չնշեց:

«Հետաձգում չկա: Ինչպես ես բացատրեցի նախարարին եւ վարչապետին, գործընթացն առաջ է շարժվում, սակայն այն կարող է երկար տեւել: Պատճառն այն է, որ շատ տեխնիկական խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում: Եթե դուք արագ իրականացնեք տեխնիկական հարցերի լուծումը, բանակցությունների ընթացքը կարագանա», - ասաց նա:

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների նախկին նախագահ, Եվրամիության հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսեց այն մասին, թե որքանով են իրական Հայաստանի իշխանությունների հայտարարություններն ու խոստումները եվրոպականացման, ժողովրդավարության մասին եւ համապատասխանում են արդյոք եվրոպացի պաշտոնյաների գնահատականները հայաստանյան իրականությանը:

«Երբ Հայաստանի պաշտոնյաներն են խոսում, ինձ թվում է, որ նրանք ավելի շատ ներկայացնում են Հանրապետական կուսակցությունը, այլ ոչ թե Հայաստանը: Որովհետեւ իրենց հայտարարությունները շատ չեն տարբերվում, օրինակ, Շարմազանովի հայտարարություններից: Մեզ մոտ բավական է դուրս գալ փողոց եւ հարցնել հասարակությանը, ժողովրդին, թե ինչ են մտածում Հայաստանի, օրինակ, տնտեսական իրավիճակի մասին, եւ ընդհանուր պատկերը ինձ թվում է ավելի տպավորիչ կլինի», - ասաց նա:

Քեթրին Էշթոնի լավատեսական շեշտադրումները Հայաստանի մռայլ իրականության պայմաններում Իգիթյանը նորմալ է համարում. - «Ի վերջո, տիկին էշթոնը նաեւ դիվանագետ է: Բոլոր դեպքերում եվրոպական պաշտոնյաները փորձում են նշել այն պոզիտիվը, որ կա, եւ շատ չխոսել բացթողումների մասին: Այն հանգամանքը, որ Եվրամիության կազմակերպությունները Հայաստանը շարունակում են պահել ուշադրության կենտրոնում, դրական եմ համարում: Այն հանգամանքը, որ Հայաստանի պաշտոնյաները, թեկուզ արդարանալով, փորձում են կեղծել իրական իրավիճակը եվրոպական պաշտոնյաների մոտ, խոսում է այն մասին, որ Հայաստանը զգում է Եվրամիության ուժը»:

Արդեն մեկ շաբաթից Բրյուսելում կկայանա Եվրամիության - Հայաստան համագործակցության նիստը, որտեղ կամփոփվեն տարվա ընթացքում հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը:
please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG