Մատչելիության հղումներ

Սկսվել է Քելբաջարը Հայաստանին միացնող ճանապարհի կառուցումը


Ղարաբաղյան բնապատկեր
Ղարաբաղյան բնապատկեր

Սա Ղարաբաղը Հայաստանին միացնող երկրորդ ճանապարհը կլինի` 150 կիլոմետրով կարճ, քան գործող Գորիսով անցնող մայրուղին:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խոսքով, այս ճանապարհի շինարարության մեկնարկը ամենամեծ հաղթանակներից մեկն է Ղարաբաղի անկախացումից ի վեր:

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները այս նոր, ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի հետ մեծ հույսեր են կապում, մասնավորապես` Քելբաջարի շրջանի զարգացման առումով:

Շինարարությունն իրականացվում է բարեգործական միջոցներով, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում հանքարդյունաբերությամբ զբաղվող «Բայս մեթըլզ» ընկերության ֆինանսական աջակցությամբ: Հետագայում հատկացվելու են նաեւ պետական միջոցներ:

«Կախված չենք լինելու միայն Գորիս-Ստեփանակերտ ճանապարհից, տնտեսական առումով նոր խթան է հանդիսանալու շրջանի զարգացման համար, նաեւ մեր հանքարդյունաբերության զարգացման տեմպերին զուգահեռ այս ճանապարը իր նշանակությունն է ունենալու». – ասաց Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը:

Քելբաջարը Գեղարքունիքի մարզին միացնող այս ճանապարհով կանցնեն բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաների մեծ մասը: Կառուցվող ճանապարհով կարտահանվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հանքարդյունաբերական արտադրանքը:

Քելբաջարի բնակիչներն անհամբերության են սպասում ճանապարհի բացմանը:

«Արդեն համոզված ենք, որ մեր դրությունը մի քիչ կբարելավեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց տեղացի մի կին:

«Այդ խորդուբորդ ճանապարհներով մինչեւ հասնում էինք Վարդենիս, հետ էինք գալիս, մի 6-7 ժամ անցնում էր: Հիմա եթե նորմալ սարքեն, ասֆալտապատեն, երեւի 30 րոպեում կհասնենք Վարդենիս», - հավելեց միջին տարիքի մի տղամարդ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Քելբաջարի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Պյոտր Հակոբյանը ասաց. - «Կլոր տարին ճանապարհը գործելու է: Եվ այդ ճանապարհի բացումը կխթանի մեր շրջանի տնտեսության զարգացումը: Ոչ միայն գյուղատնտեսության, նաեւ` որոշ չափով արդյունաբերության, որոշ չափով` անհատ ձեռներեցության»:

Ճանապարհի կապիտալ շինարարությունը կտեւի մոտ երկու տարի, իսկ մինչ այդ գալիք փետրվար-մարտ ամիսներին այն կսկսի գործել, քանի որ Մարտակերտի շրջանի Մաղավուզի քարածուխի հանքը նույնպես շահագործման կհանձնվի այդ ամիսներին, եւ այս ճանապարհը կոչված է նաեւ հեշտացնելու այդ նախագծի իրականացումը:
please wait

No media source currently available

0:00 0:03:14 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG