Մատչելիության հղումներ

Դեմարշ. ՀԱԿ-ը հրաժարվել է ներկայանալ իշխանության հետ երկխոսության այսօրվա փուլին


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատվիրակության եւ իշխանական կոալիցիայի աշխատանքային խմբի միջեւ կայանալիք բանակցությունների հերթական փուլին այսօր ներկայացավ միայն ՀԱԿ պատվիրակության անդամ, ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը, ով Կոնգրեսի պատվիրակության անունից հայտարարություն արեց իշխանական պատվիրակության ներկայացուցիչների համար:

«Այսօրվա քննարկմանը մենք մեր մասնակցությունը համարել ենք ոչ նպատակահարմար: Այսօր ժամը 1-ին մեր պատվիրակության ղեկավարը` Լեւոն Զուրաբյանը, մամուլի ասուլիս կանցկացնի եւ պարզաբանումներ կտա այս որոշման վերաբերյալ», - ասաց Սամվել Աբրահամյանը եւ հեռացավ:

Այնուհետեւ լրագրողների հարցերին պատասխանեց կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը, ով նշեց, որ իրենք ներկայացել են հանդիպման, ինչպես եւ պայմանավորվել էին, եւ զարմանքով հայտնաբերել, որ ներկայացել է ՀԱԿ պատվիրակության ընդամենը մեկ անդամ:

«Ինձ համար տարօրինակ է: Նախեւառաջ` որեւէ հիմնավորում չբերվեց: Երկրորդը` կարծում եմ մինչ օրս ձեւավորված մեր աշխատանքային հարաբերությունները ամենեւին այնպիսին չէին, որ եթե պատվիրակությունը չի ներկայանալու, ապա դրա մասին հնարավորություն չլիներ մեզ հայտնելու», - նշեց Դավիթ Հարությունյանը: - «Սա, կարծում եմ, ինչ-որ քաղաքական դեմարշ էր: Շատ ցավում եմ այս դեմարշի համար, կարծում եմ, որ լրիվ էթիկայից դուրս է»:

Իշխանական աշխատանքային խմբի ղեկավարը հավելեց, թե «տանգո պարելու համար միշտ երկու հոգի են պետք» եւ երկխոսությունը կախված է յուրաքանչյուր կողմի կամքից եւս:

«Դա չի նշանակում, որ ՀԱԿ-ն է թելադրում պայմանները, դա նշանակում է, որ ՀԱԿ-ը չունի քաղաքական կամք` պատշաճ շարունակելու այս գործընթացը», - եզրակացրեց Դավիթ Հարությունյանը:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ-ի այս ակցիան կապ ունի օգոստոսի 9-ին ոստիկանների հետ վեճի բռնվելու առնչությամբ կալանավորված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հետ` իշխանական պատվիրակության ղեկավարն ասաց, թե այս հարցով պետք է դիմել մյուս պատվիրակությանը:

«Մենք անցած անգամ հստակ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, որ սա իրավական գործընթաց է, եւ մենք ճիշտ չենք համարում իրավական գործընթացին մասնակցելը», - հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG