Մատչելիության հղումներ

ԽՍՀՄ-ի փլուզումը կանխելու ձախողված փորձից 20 տարի է անցել




1991 թվականի օգոստոսի 19-ի ձախողված հեղաշրջումից ամիսներ անց ԽՍՀՄ-ը վերջնականապես կազմալուծվեց։

1991 թվականի օգոստոսի 20-ին Նովո-Օգարյովոյում նախատեսվում էր Ինքնիշխան պետությունների միության պայմանագրի ստորագրումը։ Խորհդային 15 հանրապետություններից 9-ը մտնելու էին ԻՊՀ կազմ. օգոստոսի 20-ին պայմանագիրը կնքելու էին Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը, այնուհետեւ` աշնանը, դրան պետք է միանային Հայաստանը, Ղրղըզստանը, Ուկրաինան եւ Թուրքմենստանը։

Բայց ԻՊՄ հապավումն այդպես էլ կյանք չստացավ։ Ճիշտ 20 տարի առաջ այս օրը` օգոստոսի 19-ին, ծրագիրը վիժեցվեց։

Երբ վաղ առավոտից Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսությամբ սկսեցին հեռարձակել Չայկովսոկու «Կարապի լիճը» բալետը` տողատակից գաղտնի իմաստներ կորզելուն վարժված սովետական մարդիկ հասկացան, որ կամ շատ բարձրաստիճան ղեկավար է մահացել, կամ ինչ-որ հույժ կարեւոր բան է պատահել։

Ժամեր անց հաղորդավարները հայտնեցին, որ Ֆորոսի ամառանոցում հանգստացող ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը, իբր, հիվանդ է , եւ ի զորու չէ կատարել պարտականությունները, ստեղծվել է ԳԿՉՊ` արտակարգ իրավիճակի պետական կոմիտե։

Ապա հեռուստատեսությամբ հեռարձակվեց ԳԿՉՊ-ի ասուլիսը, որի ընթացքում փոխնախագահ Գենադի Յանաեւը հայտնեց, որ սահմանադրության համաձայն, ինքն է ժամանակավորապես ստանձնում է նախագահի պարտականությունները։

Հաղորդվեց, որ ԽՍՀՄ որոշ տարածքներում կես տարով մտցվել է արտակարգ դրություն, պետական հիմնարկները, առանցքային նշանակության օբյեկտները վերցվում են բանակի եւ անվտանգության ուժերի հսկողության տակ։

Խորհրդային Միության հպատակներից շատերը համոզված էին, որ «պերեստրոյկայի», «արագացման» ու «գլասնոստի» վերջն եկել է։

Թվում էր, թե ՊԱԿ-ը շատ արագ կմեկուսացնի բոլոր ընդդիմադիրներին, բանակն արյան մեջ կխեղդի ցանկացած ընդվզում, մամուլում գրաքննությունը, փողոցներում պարետային ժամը հսկայական երկրում եւս 7 տասնամյակով կապահովեն կոմունիստական վարչակարգի տիրապետությունը։

Բայց ԽՍՀՄ ողնաշարը հանդիսացող հանրապետության` Ռուսաստանի ղեկավարությունը ապօրինի կառույց անվանեց ԳԿՉՊ-ն եւ հասարակությանը կոչ արեց` չենթարկվել պուտչիստներին։

Օգոստոսի 20-ին եւ 21-ին ԽՍՀՄ զինված ուժերի հրամանատարների մի մասն անցավ Բորիս Ելցինի կողմը։

Օգոստոսի 22-ին Միխայիլ Գորբաչովը Ֆորոսից վերադարձավ Մոսկվա։ ԳԿՉՊ-ի պարագլուխներին ձերբակալեցին։

Օգոստոսի 23-ին Լուբյանկայի հրապարակում ապամոնտաժվեց սարսափազդու ՊԱԿ-ի հիմնադիր եւ խորհրդանիշ Ֆելիքս Ձերժինսկու արձանը, իսկ Ելցինն ուղիղ եթերում` Գորբաչոովի ներկայությամբ ստորագրեց հրամանագիր` Ռուսաստանի Կոմկուսի գործունեությունը առկախելու մասին։

Հեղաշրջման առաջնորդներին դատեցին` որոշ ժամանակ անց նրանք ներման որոշումներով ազատ արձակվեցին։ Ոմանք անձնասպան եղան, ոմանք վախճանվեցին։

Ցուցմունքներում, ինչպես նաեւ բանտից ազատվելուց հետո տված հարցազրույցներում պուտչիստներն ասել են, որ իրենց միակ նպատակը ԽՍՀՄ կազմալուծումը կանխելն էր։

1991 թվականի դեկտեմբերին 8-ին Ռուսաստանը, Բելառուսը եւ Ուկրաինան ստորագրեցին Բելովեժյան համաձայնագիրը, ստեղծվեց ԱՊՀ-ն, դեկտեմբերի 21-ին դրան միացան եւս մի քանի երկրներ, այդ թվում Հայաստանը։

Դեկտեմբերի 25-ին Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց, իսկ հաջորդ օրը` դեկտեմբերի 26-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերին պալատը` Հանրապետությունների խորհուրդը, որում դեռ պահպանվել էր որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ քվորում, ընդունեց թիվ 142-H բանաձեւը` ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին։
please wait

No media source currently available

0:00 0:02:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG