Մատչելիության հղումներ

ՀԱԿ - իշխանություն երկխոսությունը շարունակվում է


Հայաստան –– Իշխանական կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը (աջից) եւ ՀԱԿ–ի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը սկսում են երկխոսության առաջին փուլը, 18-ը հուլիսի, 2011թ.
Հայաստան –– Իշխանական կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը (աջից) եւ ՀԱԿ–ի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը սկսում են երկխոսության առաջին փուլը, 18-ը հուլիսի, 2011թ.
Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) եւ իշխանության պատվիրակության անդամներն երեքշաբթի օրը մոտ 2 ժամ տեւած քննարկումից հետո հանդես եկան համատեղ հայտարարությամբ, նշելով, որ քննարկել են օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտակայքում ՀԱԿ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպը: Կողմերը նաեւ պայմանավորվել են շարունակել քննարկումը ուրբաթ օրը:

Այս մասին լրագրողներին փոխանցեց ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` ընթերցելով իր իսկ կողմից սղագրած մի քանի նախադասությունը:

«Քննարկվեց օգոստոսի 9-ին ՀԱԿ-ի ակտիվիստների եւ ոստիկանությանն աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումը ուրբաթ օրը, նաեւ պայմանավորվել ենք առայժմ ձեռնպահ մնալ միջադեպի քննարկման մանրամասների վերաբերյալ մեկնաբանություն տալուց», - ասաց Զուրաբյանը` հավելելով, որ իրենք նաեւ պայմանավորվել են չպատասխանել որեւէ հարցի:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը շարունակվում է, չնայած ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը երեկ հայտարարել էր, որ քաղբանտարկյալների առկայությունը լուրջ խոչընդոտ է երկխոսության համար, եւ որ իշխանության հետ երկխոսությունը շարունակելու իրենց որոշումը կախված կլինի կալանավորված տղաների կարգավիճակից: Մուսինյանը նշել էր, որ դրանից ելնելով` այսօր հայտարարություն կանեն: Մինչդեռ ե'ւ ՀԱԿ, ե'ւ իշխանական պատվիրակության ղեկավարները որոշեցին մինչեւ ուրբաթ լռություն պահպանել:

Այսօրվա դրությամբ կալանավորված երեք երիտասարդների կարգավիճակը ոչ միայն չի փոխվել, այլեւս այսօր մեղադրանք է ներկայացվել ՀԱԿ-ի եւս երեք անդամների` Արեգ Գեւորգյանի, Սահակ Մուրադյանի եւ Դավիթ Քիրամիջյանի դեմ: Նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով` «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից» եւ «խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով», ինչը պատժվում է առավելագույնը 5 տարի ազատազրկմամբ: Այսպիսով, ՀԱԿ-ի բոլոր 7 երիտասարդների դեմ մեղադրանքներն առաջադրված են: Նրանցից ամենածանր մեղադրանքը ներկայացված է ուրբաթ օրվանից կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանին, ով մեղադրվում է խուլիգանության, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր, նաեւ` վտանգավոր բռնություն գործադրելու համար: Այս հոդվածը նախատեսում է մինչեւ 10 տարի ազատազրկում:

Կալանավորված ՀԱԿ ակտիվիստների փաստաբաններն այսօր դիմել են Վերաքննիչ դատարան` նրանց խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին. թե արդյո՞ք հնարավոր է, որ մինչեւ ուրբաթ կալանավորված ՀԱԿ ակտիվիստների խափանման միջոցը փոխվի, իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասաց, թե պատասխան չունի: Հարությունյանն «Առավոտ» օրաթերթին դեռեւս անցած շաբաթ ասել էր, թե հիմնավոր կասկածներ ունի, որ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ասածը մոտ է ճշմարտությանը, եւ որ ի սկզբանե միջադեպի նախաձեռնությունը եղել է երիտասարդներինը: Հարցին, թե արդյո՞ք փոխել է իր կարծիքը այդ միջադեպի մասին, Հարությունյանը պատասխանեց, որ դեռեւս նոր տեղեկատվություն չունի, եւ «մնում է իր նախկին կարծիքին»:

Հավելենք, որ իշխանական պատվիրակությունն արդեն իսկ մշակել է իր փաստաթուղթը` ի պատասխան ՀԱԿ-ի կողմից ներկայացված 85 էջանոց փաստաթղթին: Այդ ծավալուն փաստաթղթում ՀԱԿ-ը ներկայացրել էր արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության հիմնավորումները: Այդ հիմնավորումներին իշխանությունն արձագանքել է 130 էջանոց փաստաթղթով:

Իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այսօրվա հանդիպման ժամանակ իրենց փաստաթուղթը չի քննարկվել: Նա դժվարացավ ասել, թե արդյո՞ք այն կքննարկվի ուրբաթ օրը:

please wait

No media source currently available

0:00 0:04:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG