Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի վերջնաժամկետը կարող է հետաձգվել «լուրջ զարգացման» դեպքում


Իշխանական կոալիցիայի եւ ՀԱԿ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 18 հուլիս, 2011
Իշխանական կոալիցիայի եւ ՀԱԿ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 18 հուլիս, 2011
Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ երկխոսելու նպատակով ստեղծված իշխանական պատվիրակությունը երկուշաբթի օրը Ազգային ժողովում խորհրդակցություն է անցկացրել: Իշխանական կոալիցիայի պատվիրակները առայժմ խուսափում են մանրամասնել, թե ինչ հարցեր են քննարկել:

Պատվիրակության ղեկավար, ԱԺ-ի Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենց հանդիպումը փակ է եւ ոչինչ ասել չի կարող: Հանրապետական կուսակցությունը ներկայացնող մյուս պատվիրակը` Գագիկ Մինասյանը եւս հրաժարվեց որեւէ տեղեկատվություն տալ` ասելով, որ բոլոր հարցերին կպատասխանեն վաղը:

Վաղը` հուլիսի 26-ին կառավարության ընդունելությունների տանը կայանալու է ՀԱԿ-իշխանական կոալիցիա երկրորդ հանդիպումը, որի ընթացքում կողմերը փորձելու են ձեւավորել երկխոսության օրակարգը:

ՀԱԿ-ը շարունակում է պնդել, որ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներում կենտրոնանալու է արտահերթ ընտրությունների անցկացման հարցի վրա, իսկ իշխանության օրակարգը թերեւս պարզ կդառնա վաղը:

Անդրադառնալով իշխանական պատվիրակության հետ վաղը կայանալիք հանդիպմանը` ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ այն կարելի է համարել «լիարժեք բանակցությունների առաջին հանդիպում»:

«Որովհետեւ նախորդ հանդիպման ժամանակ իշխանության պատվիրակության լիազորությունները ճշտված չէին, հասկանալի չէր, թե ինչ հարցեր են իրենք ի վիճակի քննարկել, բայց այդ բոլոր հարցերի պատասխանը ստացվեց, եւ մենք արդեն անցնում ենք լիարժեք բանակցություններին», - ասաց Զուրաբյանը:

Հարցին, թե արդյո՞ք երկխոսության ժամանակ ՀԱԿ-ը բացի արտահերթ ընտրություններից այլ հարցեր բարձրացնելու է, հաշվի առնելով, որ իշխանական պատվիրակության անդամները նշում են, որ ՀԱԿ-ը անցած հանդիպման ժամանակ նաեւ խոսել է արտագաղթի, կոռուպցիայի, օլիգարխիկ համակարգի դեմ պայքարի մասին, Զուրաբյանը պատասխանեց, թե երեւի ասվածը սխալ է ընկալվել, քանի որ իրենք այդ հարցերը ներկայացրել են իբրեւ արտահերթ ընտրությունների հիմնավորում:

Հիշեցնենք, որ ՀԱԿ համակարգողը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծել էր, որ եթե մինչեւ սեպտեմբեր երկխոսությունը շոշափելի արդյունք չտա, եւ իշխանությունը չհստակեցնի իր դիրքորոշումը արտահերթ ընտրությունների անցկացման հարցի շուրջ, ապա սեպտեմբերին երկխոսության հնարավորությունը կարելի ավարտված համարել: Մինչդեռ իշխանական պատվիրակության անդամները, մասնավորապես, Դավիթ Հարությունյանը եւ Վարդան Բոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել են, թե ՀԱԿ-ը սեպտեմբերը վերջնաժամկետ չի համարում:

Հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ իրենց կողմից սահմանված վերջնաժամկետը կարող է փոխվել, Զուրաբյանը պատասխանեց. - «Ոչ, այդտեղ էլ են սխալվում, եթե այդպես են ներկայացնում: Իրականում շատ հստակ ասվեց, որ մենք այս ամբողջ պրոցեսի համար ժամանակ ենք տալիս մինչեւ սեպտեմբեր եւ դրանից հետո երկխոսության հնարավորությունները համարելու ենք սպառված: Ուղղակի հարց հնչեց` եթե լուրջ զարգացումներ լինեն մինչեւ սեպտեմբեր, հնարավո՞ր չի լինի այդ ժամկետը երկարացնել մինչեւ հոկտեմբեր: Մեր պատասխանը հետեւյալն էր` եթե լինեն այնպիսի զարգացումներ, որոնք հնարավոր կլինեն ներկայացնել ժողովրդին` որպես լուրջ առաջընթացի ապացույց, բայց այնպիսի մի բան, որը լրիվ բաց է լինելու ժողովրդի առաջ, որ ժողովուրդը ինքը համոզվի, որ բանակցությունները շատ արդյունավետ են գնում, այդ դեպքում ինչու չէ, մենք հնարավոր համարում ենք ժողովրդին այդ ամենը մատուցել»:

Զուրաբյանի խոսքով` արտահերթ ընտրությունների շուրջ համաձայնության փոխարեն ակնակալվող «լուրջ զարգացումը» իրենց որոշելու խնդիրը չէ:

«Դա իշխանությունների գլխացավանքն է, նրանց բեռն է, նրանք պետք է այնպիսի զարգացումներ ապահովեն, որոնք հնարավոր լինի մատուցել ժողովրդին` որպես բեկումնային, լուրջ զարգացում, որը վկայում է իշխանությունների լրջության եւ զիջումների գնալու պատրաստակամության մասին», - ասաց Զուրաբյանը:

ՀԱԿ պատվիրակության ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ իշխանության պատվիրակության հետ առաջին հանդիպման ժամանակ իրենք նշել են, որ սեպտեմբերյան վերջնաժամկետը իրենց քմահաճույքը չէ. դա երկու գործոնով է պայմանավորված` նախ որ հասարակության կողմից մեծ ճնշում կա, քանի որ ժողովրդի համբերությունը մոտեցել է սահմանին, եւ այսպես երկար շարունակվել չի կարող եւ երկրորդ` իրենք իշխանական պատվիրակությանը հստակ ասել են, թե թույլ չեն տալու, որ երկխոսությունը դառնա մի պրոցես, որը իշխանությունները կօգտագործեն ժամանակ ձգձգելու, ժողովրդին խաբելու եւ լարվածությունը լիցքափելու նպատակով:

«Դա մենք թույլ տալ չենք կարող, եւ հենց այդ պատճառով է դրված սեպտեմբերյան վերջնաժամկետը: Այլ բան է, եթե իշխանությունների կողմից շատ շոշափելի, շատ լուրջ զարգացումներ մատուցվեն ժողովրդին, որոնք ցույց են տալու, որ մենք իսկապես գնում ենք ճիշտ ճանապարհով, որ երկրում շուտափույթ կերպով արտահերթ ընտրությունների արդյունքում մոտ ապագայում ձեւավորվելու է լեգիտիմ իշխանություն», - ասաց Զուրաբյանը:
please wait

No media source currently available

0:00 0:04:50 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG