Մատչելիության հղումներ

Լավրով. «Այժմ մենք կսպասենք պատասխանի»


Սերժ Սարգսյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը, Երեւան, 8-ը հուլիսի, 2011թ.
Սերժ Սարգսյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը, Երեւան, 8-ը հուլիսի, 2011թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «ամենայն ուշադրությամբ կուսումնասիրի ուղերձը, առաջարկները, որ Ռուսաստանի նախագահը հղել է, եւ կպատրաստի իր պատասխանը»: Այդ մասին ուրբաթ օրը Երեւանում հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Հինգշաբթի երեկոյան Երեւան ժամանած Սերգեյ Լավրովը այսօր առավոտյան հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ` նրան փոխանցելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը:

«Հայաստանի նախագահը վերահաստատեց բարձր գնահատականը [ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի] համանախագահների գործունեությանը, Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ջանքերին, վերահաստատեց շահագրգռվածությունը ղարաբաղյան կարգավորման ճանապարհին հնարավորինս արագ առաջընթացի` իրական առաջընթացի հասնելու հարցում», - հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում հայտնեց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Այժմ մենք կսպասենք պատասխանի», - ասաց Լավրովը` հավելելով, որ Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, թե նման պատասխան մոտ ժամանակներս կլինի:

Նա հայտնեց նաեւ, որ Մեդվեդեւի համանման ուղերձը փոխանցելու է Ադրբեջանի ղեկավարությանը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ճեպազրույցում հնչած հարցին` «արդյոք հնարավոր համարո՞ւմ եք մոտ ապագայում առաջընթաց` Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն ուղղված հիմնարար սկզբունքների համաձայնեցման գործում», արձագանքեց. - «Մենք շնորհակալ ենք Դմիտրի Մեդվեդեւին՝ իր ջանքերի համար, որոնք ուղղված են կողմերի միջեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը: Մենք հենց այդ մտադրությամբ՝ դրական տրամադրվածությամբ, մեկնեցինք Կազան: Իսկ, թե որքան է մոտ ապագայում հնարավոր նման համաձայնեցումը, ես կարծում եմ, եթե Ադրբեջանը հետ վերցնի իր փոփոխությունները` այն տասը փոփոխությունները, որոնք նա առաջ քաշեց Կազանում, ապա նման առաջընթացը հնարավոր կլինի»:

Նախագահական նստավայրում կայացած ճեպազրույցում Սերգեյ Լավրովը այդպես էլ չմանրամասնեց, թե Ռուսաստանի նախագահը կոնկրետ ի՞նչ առաջարկություններ է ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի պաշտոնական հաղորդագրության համաձայն, մասնավորապես, ասել է. - «Մենք ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի եւ լուծվի այնպես, որպեսզի մեր տարածաշրջանում, իսկապես, հաստատվի վերջնական խաղաղություն եւ կայունություն»:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Սերգեյ Լավրովը, իր հերթին, նշել է, որ Դմիտրի Մեդվեդեւն անկեղծորեն շահագրգռված է, որպեսզի այս գործընթացը հաջողությամբ պսակվի, եւ վստահ է, որ համաձայնության գալու բոլոր պայմաններն առկա են:

Հայաստանի նախագահի նստավայրից եւս Ռուսաստանի նախագահի ուղերձում պարունակվող առաջարկների հետ կապված որեւէ տեղեկատվություն չեն հաղորդում:

Երեւանից Ռուսաստանի արտգործնախարարը մեկնեց Բաքու, որտեղ Մեդվեդեւի ուղերձը փոխանցեց նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:

«Առաջարկները ես փոխանցում եմ Ձեզ: Ակնկալում եմ, որ ուսումնասիրելուց հետո Դուք կարձագանքեք այդ գաղափարներին», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահին ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG