Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն իշխող կոալիցիային համագործակցության նոր նախագիծ է ներկայացրել


Հայաստանի հանրապետական կուսակցությունը իշխող կոալիցայի անդամներին համագործակցության նոր նախագիծ է ներկայացրել:

Կոալիցիայի անդամ կուսակցությունները պետք է քննարկեն եւ իրենց տեսակետը հայտնեն, թե պատրաստ են հետագա համագործակցության նաեւ առաջիկա երկու` 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրություններից հետո:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ նախագիծը «ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական ծրագրերի մասին է»:

«Մենք թեպետ առանձին-առանձին ծրագրերով գնում ենք ընտրությունների, դրանից հետո շարունակվո՞ւմ է մեր ծրագիրը, թե` ոչ: Եթե համաձայնության եկան, որ համատեղ ծրագրերը նորից շարունակություն կունենան պառլամենտական ընտրություններից հետո, այստեղ խնդիր է առաջանում նաեւ նախագահական ընտրությունների վերաբերյալ, թե հետագայում ինչպիսի՞ դիրքորոշում կարող են ունենալ կոալիցիոն կուսակցությունները: Սա պարտադրանք չէ, սա ընդամենը քաղաքականություն է», - ասաց Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե ունե՞ն որոշակի մտավախություն, որ կոալիցիոն գործընկերներից որեւէ մեկը ճանապարհից հետ կկանգնի, Սահակյանը պատասխանեց. - «Մենք այդ առումով մտավախություններ չունենք, մենք կարծում ենք, որ Հայաստանում այն քաղաքական ուժերը, որոնք ժողովրդի առավել ձայներն են վերցրել, նրանք պիտի բոլորը միասին պատասխան տան: Հիմա կոալիցիան պիտի որոշի` այդ ծրագրերը համատե՞ղ են ընթանալու` անկախ նրանից, թե ով ընտրությանը ինչպես կգնա, թե` յուրաքանչյուրը նոր սկզբունքները, նոր որդեգրումներով պիտի գնա»:

Դեռեւս պարզ չէ, թե 2013-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի ՀՀԿ-ի գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), մինչդեռ կոալիցիայի անդամ երրորդ ուժը` «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ) արդեն հայտարարել է, որ կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Վերջին շրջանում երկու գործընկերների` Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ ծագած լարվածության պատճառն էլ հենց ԲՀԿ-ի լռությունն է, չհստակեցրած դիրքորոշումը` արդյո՞ք առաջիկա նախագահական ընտրություններում սատարելո՞ւ է գործող նախագահին, թե՞ սեփական թեկնածուով է մասնակցելու ընտրապայքարին:

Հարցին, թե արդյո՞ք այս նախաձեռնության նպատակը ԲՀԿ-ի տեսակետը հստակեցնելն է, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այն կոնկրետ ուժի համար չի արված` «կոալիցիան իր հետագա ռազմավարությունը ճշտելու նպատակ ունի»:

ԲՀԿ-ի անդամներն այս թեմայով չցանկացան պարզաբանումներ տալ, իսկ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե իրենք անգամ տեղյակ չեն նման նախաձեռնության մասին:

Այնինչ, մյուս երկու գործընկերները բարձրաձայնում են ոչ միայն այդպիսի նախաձեռնության գոյության, այլեւ նպատակների մասին` ՀՀԿ-ն նախաձեռնել է, ՕԵԿ-ն էլ կողմ է գաղափարին:

«Կարեւորվում է այդ փաստաթուղթը, որը առաջարկվել է եւ, բնականաբար, «Օրինաց երկիր» կուսակցությունը կողմ է այդ փաստաթղթին: Այն անելիքները, որոնք դեռ կիսատ են, եւ բավարար ժամանակ է անհրաժեշտ դրանք կյանքի կոչելու համար, այդ առումով պետք է կոալիցիոն ուժերը հստակեցնեն իրենց հետագա ճանապարհը` ինչպես են գնալու եւ ինչ է լինելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՕԵԿ փոխնախագահ Հեղին Բիշարյանը:

Հեղինե Բիշարյանի խոսքով` այդ նախաձեռնությունը կոալիցիայի նիստում է առաջարկվել եւ այնտեղ ընդգրկված ուժերի երկարաժամկետ համագործակցությունը ապահովելու համար է:

2007 թվականին ստորագրված Կոալիցիոն հուշագրով` կոալիցիայի անդամ կուսակցությունների համագործակցությունը ուժի մեջ է այս գումարման խորհրդարանի լիազորությունների ժամկետում: Մինչդեռ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը այսօր երկարաժամկետ համագործակցության, համատեղ մշակած ծրագրերը հաջորդ ընտրություններից հետո էլ շարունակելու մասին էին խոսում:

Հարցին, թե ինչպե՞ս կարող են մշակել երկարաժամկետ ծրագրեր, երբ 2012-ի Խորհրդարանական ընտրություններից հետո, օրինակ, քաղաքական դաշտի դերակատարները կարող են փոխվել, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ համոզված է` չեն փոխվի. - «Որովհետեւ նոր դերակատարներ, ըստ էության, չեն էլ առաջացել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG